Երեխաների հետ աշխատանքը բերում է զարմանալի արդյունքների
Հարցազրույց «Փրկություն» հաշմանդամ երեխաների կենտրոնի հոգեբան Էդգար Գասպարյանի հետ
- Մտավոր արատ ունեցող երեխաների շատ ծնողներ, ում հետ զրուցել եմ, բերում են իրենց երեխաների հիվանդության պատճառները. շատ դեպքերում դա դիֆտերիայի դեմ պատվաստումն է: Իրականում կարելի՞ է միանշանակ որոշել մտավոր հետամնացության պատճառները:
- Իրականում' ոչ: Կա մտավոր հետամնացության երկու տեսակ՝ օլիգոֆրենիա, որն ի ծնե է, եւ դեմենցիա, որը ձեռքբերովի է որեւէ հիվանդության կամ պատահարի հետեւանքով: Ծնողները միշտ հակված են դեմենցիայի տարբերակին: Այստեղ աշխատում է պաշտպանական մեխանիզմ. կարելի է մեղքն ուրիշի վրա գցել, չէ՞ որ առաջին դեպքում երեխայի հիվանդությունն ինչ-որ տեղ իրենց մեղքն էլ է: Օրինակ՝ հղիության ընթացքում մոր տարած գրիպը կարող է պատճառ հանդիսանալ, որ երեխան ծնվի մտավոր արատով:
Իրականում հնարավոր պատճառները շատ-շատ են, ընդհուպ մինչեւ բժշկի սխալը ծննդաբերության ժամանակ: Արտասահմանցի հոգեբանները նույնիսկ տեսություն էին մշակել, որ գենետիկ տվյալներն էլ կարող են պատճառ լինել:
- Ո՞ր տարիքում կարելի է մտավոր արատի նախանշաններ նկատել երեխայի մոտ:
- Խոսքային արատները կարելի է հայտնաբերել մեկուկես-երկու տարեկանում արդեն: Եթե երեխան քայլելու դժվարություններ ունի, գլուխը չի կարողանում պահել, այսինքն՝ չի կարողանում անել այն ամենը, ինչ բնորոշ է իր տարիքին, ապա կան անհանգստանալու պատճառներ: Առաջինը դա, սովորաբար, նկատում է ծնողը կամ մանկաբույժը, որն էլ երեխային ուղարկում է նյարդաբանի կամ հոգեբույժի մոտ:
Խորհրդային Միության ժամանակ մտավոր արատի ախտորոշումը աղետալի վիճակում էր: Բժիշկները մի ամբողջ խումբ հիվանդություններ կարող էին տանել մի կատեգորիայի տակ. առավել հաճախ դա աուտիզմն էր կամ շիզոֆրենիան:
Հիմա, բարեբախտաբար, արատաբանությունը զարգանում է Հայաստանում, ունենք լավ մասնագետներ, ովքեր կարող են ճիշտ ախտորոշել հիվանդությունը:
- Ինչպե՞ս եք Կենտրոնում կազմակերպում աշխատանքը երեխաների հետ:
- Մենք ունենք տարբեր աստիճանի մտավոր արատ ունեցող երեխաներ: Նրանց մեջ կան այնպիսիք, ովքեր բավականին գիտակից են: Նման երեխաների հետ աշխատելն ամենաբարդն է: Նրանց հետ աշխատում ենք զրույցների միջոցով. փորձում ենք օգնել լուծել եւ՛ առողջ, եւ՛ հիվանդ երեխաներին այդ տարիքում բնորոշ պրոբլեմներ՝ կապված ինքնահաստատման, հասարակության հետ ունեցած խնդիրների հետ: Օրինակ' մի տասնութ տարեկան աղջիկ ունենք՝ Փիրուզան, որն ունի կակազության եւ տեսողության խնդիր: Նա դա գիտակցում է, ու դա իրեն շատ է կաշկանդում: Փորձում ենք իրեն բացատրել, որ իր թերությունն այդքան էլ սարսափելի չէ եւ չի կարող խանգարել իրեն շփվել այլ երեխաների հետ: Երեխաների մյուս կատեգորիան ունակ չէ գիտակցելու նման խնդիրներ: Նրանց մենք փորձում ենք ավելի շատ օգնել գործնական հմտություններ ձեռքբերելու հարցում, սովորեցնում ենք ինչպես կողմնորոշվել տարբեր իրավիճակներում իրենց տանը, հասարակության մեջ:
Եթե հանրակրթական դպրոցներում նպատակը երեխայի բազմակողմանի կրթությունն է, ապա մեզ մոտ նման նպատակն անիրականալի է: Մեզ մոտ մտավոր արատ ունեցող երեխային մեկ ամսում մեկ կամ երկու տառ սովորեցնելն արդեն մեծ ձեռքբերում է:
Յուրաքանչյուր երեխայի հետ տարվում են անհատական պարապմունքներ ու զրույցներ, որոնց նպատակն է ի հայտ բերել նրանց թաքնված ունակությունները, ցանկությունները, փորձել պայմաններ ստեղծել նրանց ինքնահաստատման համար: Մի տղա ունենք՝ Ղեւոնդը, ով ուզում էր դառնալ հրշեջ: Մենք խոսեցինք նրա հոր հետ, եւ նա Ղեւոնդին տարավ հրշեջ կայան, երեխան շփվեց հրշեջների հետ, նստեց նրանց մեքենան, զգաց իրեն իսկական հրշեջ: Այդպիսով նրա ցանկությունը գոնե մասամբ իրականացավ, նա զգաց, որ իր ցանկությունները հաշվի են առնում, իրեն հասկանում են:
- Կարո՞ղ եք ասել, որ հասել եք նշանակալից արդյունքների երեխաների հետ աշխատանքի արդյունքում:
- Միանշանակ: Հենց նույն Ղեւոնդը: Նա էպիլեպտիկ է, սուր նոպաներով: Եթե էպիլեպսիայի նոպաները հաճախակի են կրկնվում, դա, որպես կանոն, հանգեցնում է մտավոր ունակությունների թուլացման: Էպիլեպսիային բնորոշ է ագրեսիան. եթե ագրեսիա չի նկատվում օբյեկտի նկատմամբ, ապա անպայման նկատվում է ավտոագրեսիա՝ սեփական անձի նկատմամբ: Ղեւոնդը բավականին ագրեսիվ էր, երբ եկավ մեզ մոտ: Նրա ագրեսիան վերջին մի քանի տարիների ընթացքում նվազել է: Միայն, ինչպես ինքն է ասում, «բեսամփ կապրիզ» ունի, բայց այդ «կապրիզը» կառավարելի է: Նա արդեն մի քանի տառ գիտի: Մի քանի տարի առաջ Ղեւոնդը չէր հիշում իր տարիքը, հիմա գիտի եւ՛ իր, եւ՛ մյուսների տարիքը: Նա ուզում է իմանալ բոլոր տառերը, որ կարդա փողոցի ցուցանակները: Նա ուզում է մեծանալ:
Արեւիկն իսկական Մաուգլի էր, երբ նոր էր եկել մեզ մոտ: Չէր խոսում, չէր շփվում անգամ ժեստերով: Չէր հասկանում՝ մենք ով ենք, ինքը որտեղ է, ինչի համար են որոշ իրեր: Չէր կարողանում օգտվել անգամ գդալից: Հիմա զբաղվում է շյուղագործությամբ եւ ասեղնագործությամբ, չնայած ոչ շատ պարզ, բայց խոսում է, կարդում է շրթունքներով, հասկանում է, երբ իրեն ինչ-որ բան ես ասում: Մեր աջակցությամբ նա ստացավ լսողական սարք, հիմա լսում է: Այս արդյունքներին մեք հասել ենք իր' այստեղ գտնվելու հինգ տարվա ընթացքում:
Նման օրինակները շատ-շատ են: Հավատացնում եմ ձեզ, եթե մտավոր արատ ունեցող երեխաների հետ համառորեն աշխատես, կարելի է հասնել զարմանալի արդյունքների:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել