Եվրամիությունը պահանջում է վերահաշվել Բելառուսում ընտրությունների արդյունքները
Եվրամիության անդամ մի քանի երկրներ օգոստոսի 10-ին հայտարարել են՝ ԵՄ-ն կասկածում է, որ կիրակի օրը Բելառուսում կայացած նախագահական ընտրություններն ուղեկցվել են մասշտաբային խախտումներով։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Պաշտոնական Բրյուսելը հայտարարել է, որ Եվրամիությունը հետևում է Բելառուսում առկա իրավիճակին։ Վերջինիս արձագանքը կախված կլինի բելառուսական իշխանությունների գործողություններից։ Լեհաստանի կառավարությունն էլ հայտարարել է, որ բացառված չէ, որ Միությունը սանկցիաներ կիրառի Բելառուսի կամ նրա առանձին քաղաքական գործիչների նկատմամբ։
Harassment & violent repression of peaceful protesters has no place in Europe.
— Ursula von der Leyen (@vonderleyen) August 10, 2020
Fundamental rights in #Belarus must be respected.
I call on the Belarusian authorities to ensure that the votes in yesterday’s election are counted & published accurately.
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Լուկաշենկոյի կառավարությանը կոչ է արել հրապարակել ընտրությունների ճշգրիտ արդյունքները։ «Պետք է հարգել մարդու հիմնարար իրավունքները։ Ես բելառուսական իշխանություններին կոչ եմ անում ապահովել ընտրությունների ճշգրիտ հաշվարկը և հրապարակել այդ արդյունքները»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Լյայենը։
Բրյուսելը հանդես է եկել նաև պաշտոնական հայտարարությամբ, որտեղ քննադատել է Մինսկում ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունը։ Նախորդ գիշերը տեղի ունեցած զանգվածային բախումների ժամանակ բերման է ենթարկվել մոտ 3 000 ցուցարար։ ԵՄ պաշտոնական հայտարարության մեջ Բելառուսի կամ նրա առանձին քաղաքական գործիչների նկատմամբ սանկցիաների կիրառման խոսք չկա։ Սակայն վերջինիս մասին խոսել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը՝ ի պատասխան Բելառուսում ծավալվող գործողությունների։
Եվրախորհրդարանի նախագահ Ժոզեպ Բորելն էլ նշել է, որ ԵՄ-ն դեռևս գնահատում է իրավիճակը և որոշում, թե ինչպիսին պետք է լինի պատասխանը։ Տելեգրամի միանգամից մի քանի քաղաքական ալիքներ գրել են, որ Մինսկում ընթանում է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպումը։ Այնտեղ քննարկվում է նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵՄ ընդհանուր դիրքորոշումը։
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Բելառուսում նախագահական ընտրությունների պատճառով կկայանա՞ ԵՄ կառավարությունների ղեկավարների արտակարգ գագաթնաժողով, որի օգտին ավելի վաղ հանդես էր եկել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ պատճառաբանելով, որ Լեհաստանը պատասխանատվություն է կրում իր հարևանների համար։
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը նույնպես կասկած է հայտնել ընտրությունների ազատ և արդար լինելու վերաբերյալ։ Գերմանիայի ԱԳՆ-ն էլ պահանջել է ազատ արձակել գիշերը բերման ենթարկված ցուցարարներին։
Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ցուցարարները կառավարվում են արտասահմանից։ «Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից եղել են զանգեր, կառավարել են մերոնց, կներեք ինձ, մեր ոչխարներին։ Նրանք չեն հասկանում, թե ինչ են անում և նրանց սկսում են արդեն ղեկավարել»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան էլ չի ընդունում ընտրությունների արդյունքները։ «Մենք ամբողջ գիշեր ստանում էինք քաղվածքների լուսանկարները, որտեղ առկա տվյալները խիստ տարբերվում էին այն ցուցանիշներից, որոնք հրապարակում է ԿԸՀ-ն»,- լրագրողներին հայտարարել է Տիխանովսկայան։
Բելառուսի ընտրությունները քննադատում են Արևելյան Եվրոպայի գրեթե ողջ երկրները։ Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինիշը օգոստոսի 10-ին հանդես է եկել ի աջակցություն ցուցարարների և կոչ արել կառավարությանը հրաժարվել ուժի կիրառումից։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը նույնպես միացել է ուժի կիրառումից հրաժարվելու կոչերին։
Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել են հիմնականում հետխորհրդային երկրների առաջնորդները և Չինաստանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես շնորհավորական ուղերձներ են հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսում նախագահական ընտրություններից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջոկատների ծառայակիցների միջև։ Ոստիկանությունն ի սկզբանե կիրառել է արցունքաբեր գազ, այնուհետ լուսաձայնային նռնակներ և, ի վերջո, կրակ արձակել ռետինե փամփուշտներից։ Ոստիկանությունը կարողացել է բողոքի ցույցը ցրել միայն գիշերը՝ ժամը 3-ին։
Օգոստոսի 10-ին Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Համաձայն այդ արդյունքների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ընտրողների ձայների շուրջ 80 %-ը, իսկ հիմնական մրցակից, ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 9,9 %։
Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է, որ բերման ենթարկվածների թիվը 3000-ին մոտ է։ Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ քրեական գործեր են հարուցվել իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնության հոդվածներով և սպառնում են կազմակերպիչներին ազատազրկել 8-15 տարով։
Լուսանկարը՝ polishnews.co.uk-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել