HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գողություն կատարելու մեջ մեղադրվող Հասմիկ Սարգսյանը հրաժարվեց հանրային պաշտպանից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր նշանակված էր Սիսիան քաղաքի բնակիչ Հասմիկ Սարգսյանի գործով դատական նիստ, որի ընթացում նախատեսվում էր հարցաքննել Սարգսյանին։ Վերջինս, սակայն, հայտարարեց, որ հրաժարվում է իր հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանից։ Սարգսյանի շահերն այսուհետ դատարանում քննվող գողության վերաբերյալ գործով ներկայացնելու է «Հելսինկյան ասոցիացի»-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Հիշեցնենք, որ երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանն, ով նախկինում երեք անգամ մեղավոր է ճանաչվել գողության հոդվածով, մեղադրվում է 4-րդ անգամ նույն արարքը կատարելու մեջ:

Ըստ մեղադրանքի՝ «Հասմիկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 28-ին ժամը 13:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, կոտրել ընդունարանի բաժանմունքի 5-րդ աշխատասենյակում առկա պահեստարան հանդիսացող պահարանի դուռը և ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այնտեղից գաղտնի հափշտակել ավագ բուժքույր Սիրանուշ Գասեսյանին պատկանող 7.500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս «ՎՏԲ Հայաստան» բանկի», «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բանկային քարտերը՝ իրենց ծածկագրերով և 500 ՀՀ դրամ գումար` այսպիսով Գասեսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս»:

Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա շահերը դատարանում գործի քննության սկզբնական շրջանում ներկայացրել է հանրային պաշտպան Լուսինե Ասլանյանը։ Վերջինս այժմ չի աշխատում Հանրային պաշտպանի գրասենյակում, զբաղվում է մասնավոր փաստաբանական գործունեությամբ։ Ասլանյանից հետո դատարանում Սարգսյանի շահերը ստանձնել էր հանրային պաշպան Մարինե Ֆարմանյանը։ Վերջինիս մասնակցությամբ էր այսօր նախատեսված իրականացնել Սարգսյանի հարցաքննությունը, սակայն հարցաքննությունն առանց նոր պաշտպանի ներգրավման չիրականացվեց, դատական նիստը հետաձգվեց։

Նշենք, որ փաստաբան Արա Ղարագյոզյանն, ով պատրաստվում է այս գործով ստանձնել Հասմիկ Սարգսյանի պաշտպանությունը, Սարգսյանին վերաբերող մեկ այլ գործով ևս նրա փաստաբան է։ Հասմիկ Սարգսյանը պնդում է, որ իր վերաբերյալ քրեական գործերից մեկով ոստիկանության բաժնում իրեն սպառնացել են ու սպառնալիքների ազդեցության  տակ է ցուցմունք տվել։ Այս գործով Սարգսյանի շահերը պաշտպանում է Արա Ղարագյոզյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter