HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիբանանի կառավարությունը հրաժարական տվեց

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը օգոստոսի 10-ին պաշտոնապես հայտարարել է կառավարության հրաժարականի մասին։ Հանրությանն իր հրաժեշտի տեսաուղերձում Դիաբը հայտնել է, որ «կոռուպցիոն համակարգն ավելի ուժեղ գտնվեց, քան Լիբանան պետությունը։ Մենք չենք հետապնդել որևէ անձնական շահ, սակայն այն շրջանակները, որոնք շուրջ 30 տարի գտնվում էին իշխանության ղեկին, կարողացան թունավորել կառավարությանը և ժողովրդին տրամադրել մեր դեմ»։

Վարչապետը հույս է հայտնել, որ իր քայլով կկարողանա նոր դուռ բացել Լիբանանում ներքաղաքական խնդիրների կարգավորման համար։ Ինչպես կարծում է «Al Akhbar» թերթի վերլուծաբան Իբրահիմ ալ Ամինը, տեխնոկրատների կառավարության փորձը անհաջող էր Լիբանանի համար։ Ըստ նրա՝ Դիաբի կառավարության հրաժարականը քաղաքական դաշտում կարող է վերադասավորումների հանգեցնել։ Սակայն մի բան պարզ է, որ հաջորդ կառավարությունը կոալիցիոն կլինի։

Հեռուստաուղերձից անմիջապես հետո Դիաբը մեկնել է Բաաբդա պալատ, որպեսզի նախագահ Միշել Աունին ներկայացնի կառավարության հրաժարականը։

Հիշեցնենք, ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել էր ամբողջ կառավարության հրաժարականի մասին։ Հանրային աշխատանքի և տրանսպորտի նախարար Միշել Նաջարը հաստատել էր առողջապահության նախարարի խոսքերը։

Կառավարության հրաժարականի հիմնական պատճառը օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունն էր, որի արդյունքում զոհվել է մոտ 200 մարդ, իսկ վիրավորվել՝ շուրջ 6000-ը։ Պայթյունից հետո Լիբանանում սկսվել են բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները պահանջնում էին կառավարության հրաժարականը։

Տեխնոկրատների կառավարությունը ձևավորվել էր այս տարվա հունվարի 21-ին և վստահության քվե ստացել փետրվարի 11-ին։ Դիաբի կառավարությունը հիմնված էր խորհրդարանական մեծամասնության աջակցության վրա, որը ղեկավարում էր նախագահամետ Ազատ հայրենասիրական շարժումը և շիական «Ամալ-Հեզբոլահ» միավորումը։ 

Արևմտամետ ճամբարի կուսակցությունները հրաժարվել էին մասնակցել կառավարության ձևավորման գործընթացին ու անցել ընդդիմության շարքերը։ Նրանց շարքում է «Ալ Մուստաքբալ» շարժումը, որի սուննի առաջնորդ Սաադ Հարիրին գլխավորում էր նախորդ կոալիցիոն կառավարությունը և հրաժարական էր տվել անցած տարվա հոկտեմբերի 29-ին՝ Լիբանանում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։

Լուսանկարը՝ DALATI AND NOHRA/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter