HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մտավոր արատ ունեցող մարդիկ մեր երկրում պետք են միայն ընտրությունների ժամանակ»

Հարցազրույց «Փրկություն» հաշմանդամ երեխաների կենտրոնի նախագահ Արփինե Աբրահամյանի հետ

- Ձեր կազմակերպության առանձնահատկությունը մտավոր արատ ունեցող երեխաների համար Ցերեկային առօրյայի կազմակերպման կենտրոնն է: Որո՞նք են կենտրոնի առաջնահերթություները:

- Մտավոր արատ ունեցող երեխաների համար գոյություն ունի օժանդակ դպրոց, որտեղ ուսուցումն ութամյա է: Սակայն ոչ ոքի չի հետաքրքրում՝ ու՞ր է գնում մտավոր արատ ունեցող երեխան դպրոցն ավարտելուց հետո: Այսօր Երեւանում գործում է մի ուսումնարան, որտեղ մտավոր արատ ունեցող երեխաներին սովորեցնում են վարսահարդարություն: Բայց կյանքին մի քիչ ռեալ աչքերով է պետք նայել. ո՞վ իր մազերը կվստահի նրանց: Կամ ուսուցանվում է փականագործություն, կար ու ձեւ, որը նույնպես անիրական է նրանց դեպքում:

Իրականում, ի՞նչ է սպասում մտավոր արատ ունեցող երեխային: Շատ ժամանակ ծնողները նման երեխաներին տեղավորում են մանկատուն: Այլ դեպքերում այդ երեխան մնում է տանը, միայնակ չորս պատի մեջ (ծնողը պետք է աշխատի), ու դրանով ավելի է խորանում նրա բարդույթը: Հաճախ նման երեխաները հայտնվում են փողոցում: Մարդիկ, շատ լավ տեղյակ լինելով նրանց անմեղսունակության մասին, հրահրում են հակահասարակական արարքների:

Ցերեկային առօրյայի կազմակերպման մեր կենտրոնը գործում է արդեն 7 տարի Շենգավիթի թաղապետարանի կողմից անհատույց հատկացված 700 քմ տարածքում: Ստեղծման գաղափարն իմն է (Կենտրոնի եւ կազմակերպության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.prkutyun.am կայքում):

Կենտրոնն աշխատում է ժամը 11-17.00-ը: Այդ ժամանակամիջոցը պայմանավորված է նրանով, որ մենք ի վիճակի ենք երեխաներին կերակրել օրական մեկ անգամ միայն:

Այստեղ երեխաների հետ նախեւառաջ տարվում է տարրական ուսուցում: Հաճախ երեխան ավարտում է օժանդակ դպրոցը, բայց նույնիսկ տառերը չգիտի: Ինքս լինելով մանկավարժ՝ չեմ ուզում վատ խոսել ուսուցիչների մասին: Միայն մի բան կասեմ. եթե այդ երեխաների հետ համառորեն աշխատես, անպայման արդյունքի կհասնես:

Մենք արդեն երեք երեխա այստեղ կրթելուց հետո ուղարկել ենք թիվ 27 հանրակրթական դպրոց, որի հետ ակտիվ համագործակցում ենք: Երեք երեխա էլ՝ երկուսը թույլ լսող, մեկը՝ լեզվական արատով, ուղարկել ենք օժանդակ դպրոցներ:

Ճաշից հետո երեխաները զբաղված են կավագործության, շյուղագործության, բրնձագործության, նկարչության եւ այլ խմբակներում: Արդեն երկու ամիս է շաբաթը երկու անգամ անցկացվում է համակարգչային ուսուցում, հիմնականում պարզ խաղերի տեսքով:

Նույնիսկ եթե մտավոր արատն այնքան խորն է, որ երեխան ոչինչ էլ չի անում այստեղ, նա ժամանակն անցկացնում է խաղասենյակում. խաղում է, հեռուստացույց է դիտում: Կարեւորը, որ նախ՝ նա այստեղ ապահով միջավայրում է, այլ ոչ թե փողոցում, եւ երկրորդը՝ յուրային է յուրայինների մեջ:

Բոլոր երեխաների հետ անհատական աշխատում են արատաբանը եւ հոգեբանը:

Մեր կենտրոնի կարեւոր սկզբունքներից մեկն այն է, որ երեխային երբեք չի կարելի ստիպել անել այն, ինչ նա չի ցանկանում: Եթե հիմա դասի ժամ է, իսկ նա ուզում է նկարել, թող նկարի, թող անի այն, ինչ ուզում է ինքը, այլ ոչ ծնողը կամ մանկավարժը, թող գտնի իր «ես»-ը: Դա, իհարկե, չի նշանակում, որ մեզ մոտ ամենաթողություն է: Սակայն, եթե ինչ-որ բան չի կարելի, մենք հանգիստ բացատրում ենք դա երեխային, լսում ենք նաեւ իր տեսակետը:

Մեր կարեւոր ձեռքբերումը համարում եմ այն, որ ծնողը կարող է աշխատել, քանի որ տեղ ունի երեխային թողնելու: Չէ՞ որ շատ ծնողներ ամաչում են նման երեխաներին իրենց հետ տանել հյուր, ինչ-որ տեղեր, որովհետեւ մարդիկ ի վիճակի չեն հասկանալ, որ նման երեխաներ կարող են ծնվել ցանկացած ընտանիքում, այլ ոչ միայն անբարո ընտանիքներում, ինչպես ընդունված է կարծել մեր երկրում:

- Քանի՞ երեխա է այժմ գրանցված Կենտրոնում:

- Կենտրոն տվյալ պահին հաճախում է 30 երեխա, ինչը 3-ով ավելի է, քան անցյալ տարի: Ծնողները նրանց բերում են Երեւանի տարբեր համայնքներից: Երեխաների մեծամասնությունը անապահով ընտանիքներից են, այնպես որ որոշ ծնողներ ի վիճակի են իրենց երեխաներին Կենտրոն բերել շաբաթը 2-3 անգամ միայն, քանի որ օրական 400 դրամը, որ ստիպված են լինում տալ տրանսպորտին, մեծ գումար է իրենց համար: Մի բարեգործ մեզ միկրոավտոբուս խոստացավ, որ երեխաներին տանենք-բերենք, բայց չկատարեց իր խոստումը: Տրանսպորտի խնդիրը մեզ համար, իրոք, լուրջ է: Շատ ծնողներ ասում են, որ այն օրերին, երբ երեխաներն այստեղ չեն գալիս, նրանք անհանգիստ են, նյարդայնանում են:

Իսկ այստեղ իրենք իրենց միջավայրում են, ընկերների հետ: Նրանց հետ զբաղվում են դաստիարակները եւ ուսուցիչները, ովքեր բոլորը, ի դեպ, կամավորներ են: Նրանք վարձատրվում են միայն, երբ դրամաշնորհ ենք ստանում, մնացած ժամանակ նրանք աշխատում են անվճար: Մի քանիսին, ովքեր հեռվից են գալիս, միայն ճանապարհածախսն ենք փոխհատուցում:

Մեր խմբակներ հաճախում են նաեւ առողջ երեխաներ, ինչը, բնականաբար, նպաստում է մտավոր արատ ունեցող եւ առողջ երեխաների ինտեգրմանը:

Այսպիսով, մտավոր արատ ունեցող երեխային կամ պատանուն Ցերեկային առօրյայի կազմակերպման կենտրոնն ամենակարեւորը տալիս է ընտանիքում ապրելու հնարավորություն, կազմակերպված առօրյա, շփվելու հնարավորություն:

- Ձեր կազմակերպության նման շատ կամակերպություններ խոսում են հաշմանդամների՝ հասարակությանն ինտեգրման հարցում հասած նշանակալից արդյունքների մասին: Այնուամենայնիվ, իրականում ինտեգրում այնքան էլ չի նկատվում:

- Եթե խոսում ենք ինտեգրման մասին, մտավոր արատով երեխայի ինտեգրումը սկսվում է սեփական ընտանիքից: Ինչպես սեփական ընտանիքն այդ երեխային ներկայացրեց շրջապատին ու հասարակությանը, նա այնպիսին էլ ընկալվում է:

Եթե մայրն այդ երեխայի հետ դուրս է գալիս բակ կամ գնում է հյուր ու ասում է՝ իր հետ չխոսեք, իրեն բան չհարցնեք, բնականաբար, նրա հետ չեն շփվում, նրանից աշխատում են հեռու մնալ:

Եթե նա ասի՝ գիտեք, նա էլ ձեզ նման երեխա է, պարզապես կարող է մեկ-մեկ ծիծաղելի բան ասել, ինչ անենք, վերաբերմունքն այլ կլինի:

Շատ ծնողներ ողջ ուշադրությունը կենտրոնացնում են առողջ երեխաների վրա՝ մտածելով, որ երբ ծերանան, առողջ երեխան կխնամի իրենց էլ, հիվանդ երեխային էլ: Ընտանիքը հաշմանդամ երեխային ընկալում է որպես բեռ: Ծնողներին, սակայն, նույնպես չի կարելի կուրորեն մեղադրել: Հասարակության ճնշումը եւ սոցիալական վիճակն են նրանց այդպիսին դարձնում:

Մեր խմբակներում երեխաների կատարած աշխատանքները պարբերաբար վաճառվում են. 50%-ը գնում է նոր նյութեր գնելուն, 50%-ը փոխանցում ենք երեխայի ծնողին:

Այդպիսով, ծնողները հասկանում են, որ նման երեխաներից էլ կարող է օգուտ լինել, որ նրանք բեռ չեն ընտանիքում, եւ երեխան ինքն էլ է իրեն պետքական զգում:

Մենք նաեւ ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք սեմինարներ, ուր հրավիրում ենք ծնողներին, հյուրերի, եւ մեր աշխատակիցներն ու երեխաները պատմում են իրենց մասին, քննարկում են ինչ-որ խնդիրներ, բացահայտում են իրենց գոյությունը: Որովհետեւ մեր երկրում մտավոր արատ ունեցող մարդիկ, ցավոք, պետք են միայն ընտրությունների ժամանակ, քանզի ընտրելու իրավունք ունեն: Եվ ամենասարսափելին այն է, որ նրանք վիճակագրության մեջ չեն առանձնացվում հոգեկան հիվանդներից, գնում են նույն կոդի տակ:

- Մինչեւ ո՞ր տարիքի երեխաներն են հաճախում այստեղ եւ ի՞նչ պայմաններում են գրանցվում Կենտրոնում:

- Մենք ծնողների հետ կնքում ենք պայմանագիր, որում ասվում է, որ երեխան Կենտրոն կարող է հաճախել այնքան ժամանակ, որքան ինքը կցանկանա: Երեխաները սկսում են հաճախել Կենտրոն 14-15 տարեկանում, այսինքն՝ երբ ավարտում են օժանդակ դպրոցը:

Պայմանագրում նաեւ նշվում է՝ երեխան միայնա՞կ է հաճախելու Կենտրոն, թե՞ ծնողի ուղեկցությամբ: Ծնողները երեխաների համար վճարում են ամսական 1000 դրամ: Այդ վարձը խորհրդանշական է եւ իրականում չի փոխհատուցում երեխայի վրա ծախսվող գումարի չնչին մասն իսկ: Մի երեխայի վրա այստեղ ծախսվում է ամսական 17-20 000 դրամ: Բայց այդպես ծնղը որոշակի պատասխանատվություն է զգում:

- Ի՞նչ այլ ծրագրեր է իրականացնում «Փրկությունը»:

- Մենք իրականացնում ենք սոցիալ-մշակութային ծրագիր եւ անվճար բուժմիջնորդավորման ծրագիր: Բուժօգնության շրջանակներում հաշմանդամ երեխաներին աջակցում ենք լսողական սարքեր, պրոթեզներ ձեռքբերելու հարցում:

Կենտրոնում գործում է Ջորջ Կրտսեր Աբելյանի անվան բարեգործական ատամնաբուժարան, որը հովանավորում է ամերիկահայ բարերար Ջորջ Աբելյանը: Այն անվճար սպասարկում է Կենտրոնում գրանցված հաշմանդամ երեխաներին եւ նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ Շենգավիթի «Փարոս» համակարգի աղքատության նպաստ ստացող ընտանիքներին եւ ազատամարտիկներին:

Մենք երեխաներին տանում ենք թատրոն, ցուցահանդեսների, ամռանը կազմակերպում ենք էքսկուրսիաներ: Ես ինքս միշտ գնում եմ նրանց հետ, որպեսզի տեսնեմ երջանկությունից փայլող նրանց դեմքերը, երբ առաջին անգամ տեսնում են, ասենք, Նորավանքը: Որովհետեւ հաշմանդամ երեխաների ծնողները, բարեկամների եւ ընկերների ընտանիքների հետ քաղաքից դուրս գնալիս, առավել հաճախ այդպիսի երեխաներին թողնում են տատիկների եւ պապիկների մոտ: Մենք այդպիսով իրականացնում ենք նաեւ կենդանի քարոզարշավ, քանի որ մտավոր արատ ունեցող երեխան հայտնվում է հասարակության մեջ, եւ հասարակությունը տեսնում է, որ նրանից վտանգ չկա:

- Որո՞նք են այսօր «Փրկության» ամենաէական խնդիրները:

- Խնդիրը, նախ եւ առաջ, իհարկե, կայուն ֆինանսավորման բացակայության մեջ է: Մենք ի վիճակի չենք երեխաներին ապահովել երկանգամյա սնունդով: Եթե կարողանայինք նրանց օրական երկու անգամ կերակրել, նրանք այստեղ կանցկացնեին 9-18.00-ն, ինչը, բնական է, լավ կլիներ եւ՛ երեխաների, եւ՛ նրանց ծնողների համար:

Բայց մեր գերխնդիրն այսօր մնում է ձմեռային ջեռուցումը: Կենտրոնն անհրաժեշտ է գազաֆիկացնել, սակայն դրա համար մեծ գումարներ են պահանջվում: Չնայած երեխաները շարունակում են հաճախել նաեւ ձմռանը, նրանց հետ աշխատանքի արդյունավետությունն, իհարկե, նվազում է.չէ՞ որ մի սենյակում հավաքում ենք տարբեր աստիճանի մտավոր արատ ունեցող մի քսան երեխայի:

Մենք փորձում ենք հասնել նրան, որ կառավարությունը մեր Կենտրոնը դիտարկի որպես մոդել ու աջակցի երկրորդ նմանատիպը ստեղծելու հարցում: Օրինակ՝ երկրորդը կարելի է ստեղծել մայրաքաղաքի հյուսիսային մասում, որպեսզի յուրաքանչյուր կենտրոն սպասարկի վեցական համայնք: Չէ՞ որ նման կենտրոններ ունենալը ձեռնտու է նաեւ պետությանը, քանի որ մանկատների բեռնաթափման հնարավորություն է ընձեռում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter