HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես երազում եմ, որ մարդիկ հասկանան միմյանց»

- Մենք բոլորս այս Կենտրոնում հաշմանդամ երեխաներ ենք,- միանգամից հայտնեց Օլյան:

- Ո՞վ է դա քեզ ասել:

- Մեր մարդկանց միշտ ծաղրում են փողոցում, որովհետեւ մենք տարբերվում ենք մյուսներից:

- Ինչո՞վ:

- Չգիտեմ, մարդիկ այդպես են ասում (անորոշ թոթվում է ուսերը): Միշտ ասում են՝ դուք նման չեք մեզ:

- Բայց ինձ դա դուր չի գալիս,- մի քիչ մտածելուց հետո ասում է նա:- Ես երազում եմ, որ բոլոր մարդիկ հասկանան իրար, տարբերություն չդնեն իրար մեջ ու չվիրավորեն իրար:

Օլյան քսանութ տարեկան է: Սակայն անկեղծ է ու զգացմունքային տասը տարեկանի նման: Նա մեկն է «Փրկություն» հաշմանդամ երեխաների կենտրոնին կից գործող մտավոր արատ ունեցող երեխաների համար Ցերեկային առօրյայի կազմակերպման կենտրոն այցելող երեսուն երեխաներից:

Կենտրոնում Օլյան հաճախում է շյուղագործության եւ բրնձագործության խմբակներ: Հիմա նա սպասում է, մինչեւ իր մայրը՝ Թամարան, ով աշխատում է Կենտրոնում, ավարտի գործերը եւ միասին գնան տուն:

- Մենք այստեղ մոտ ենք ապրում,- ասում է նա,- բայց ես չեմ սիրում մենակ գնալ տուն, վախենում եմ:

- Ինչի՞ց:

- Ամեն ինչից: Հիմա փողոցներում էնքան սարսափելի բաներ են կատարվում, էնքան խուլիգաններ, գողեր, շատ այլ բաներ կան: Ես սիրում եմ տանը նստել, իմ գործերով զբաղվել:

Օլյան ծնվել է միանգամայն առողջ, կարմրաթուշ երեխա, ինչպես իր քույրն ու եղբայրը: Վեց ամսականում Օլյային պատվաստեցին դիֆտերիայի դեմ: Թամարան չի կարողանում զսպել արցունքները, երբ հիշում է այդ օրը:

- Ես բժշկին ասացի, որ երեխան գրիպ ունի, ես զգում էի դա իր շնչառությունից: Սակայն բժիշկն ասաց, որ երեխայի թոքերը մաքուր են ու տարավ սրսկելու:

Հաջորդ առավոտ երեխան լրիվ անշարժ էր: Ես փորձում էի նրան կաթ տալ գդալով, բայց նա ոչ մի ռեակցիա չէր ցուցաբերում: Երեկոյան նրան տարա հիվանդանոց:

Քսան օրվա ընթացքում Թամարան երեք հիվանդանոց փոխեց: Ոչ ոք չէր կարող ասել, թե ինչ է կատարվում աղջկա հետ: Վերջապես երեխային պունկցիա արեցին ու հայտնեցին սարսափելի ախտորոշումը՝ էնցեֆալոպատիա՝ գլխուղեղի արյան մատակարարման անբավարարվածություն:

- Չգիտեմ՝ ինչն էր պատճառը. գրի՞պը, թե՞ դեղը հին էր: Այդ տարի (1978թ.) դիֆտերիայի դեմ պատվաստումներից շատերն էին ավարտվում մահով:

Օլյային դուրս գրեցին բոլորովին անշարժ: Երեխան չէր կարողանում նստել, գլուխը կախվում էր: Երբ նա ինը ամսական էր, Երեւանում տարածվեց գրիպի համաճարակ: Չնայած բոլոր զգուշություններին՝ Թամարան վարակվեց, իրենից էլ կաթի միջոցով՝ Օլյան: Երեխան դարձյալ ընկավ հիվանդանոց:

- Ասեղը բառացիորեն չէին հանում երեխայի անշարժ մարմնից, սրսկում էին ամենուր: Կաթիլայինը միացված էր շուրջօրյա: Ամեն հերթափոխի սպասում էին մահվան: Հիվանդանոցում անցկացրեցի սարսափելի օրեր, ամիսներ: Թշնամուս չեմ ցանկանա ապրի այդ ամենը: Ի վերջո, ես իմ ստորագրությամբ երեխային վերցրեցի հիվանդանոցից: Սկսեցի ինքս բուժել տարբեր դեղորայքով եւ այլ միջոցներով: Բայց բժիշկներին էլ չդիմեցի, մինչեւ հիմա վախ ունեմ նրանց հանդեպ:

Օլյան սկսեց մի կերպ նստել միայն երկու տարեկանում: Երեք տարեկանում նա արդեն գրեթե նորմալ քայլում էր, իսկ չորս տարեկանում Թամարան նրան տարավ մանկապարտեզ, որպեսզի կարողանա աշխատել:

Մանկապարտեզից հետո Օլյան գնաց հանրակրթական դպրոց: Թամարայի գերճիգերով նա հասցնում էր բոլորի հետ ու նույնիսկ սովորում չորսերով ու հինգերով:

- Երբեմն մինչեւ ժամը գիշերվա մեկը, երկուսը նստում էի հետն ու դասերը սովորեցնում: Օլյան կարող էր ողջ դասն անգիր իմանալ, բայց գնում էր գրատախտակի մոտ ու ամեն ինչ մոռանում: Երբեմն նրա ուղեղը, կարծես, անջատվում էր:

Երբեմն անօգնականությունից պարզապես ուզում էի ծեծել նրան: Սակայն երբեք չեմ խփել: Ես եղունգներս մխրճում էի ափերիս մեջ, ցավեցնում էի ինձ, որ չցավեցնեմ երեխայիս:

Երբ Օլյան փոխադրվում էր երրորդ դասարան, Թամարան ենթարկվեց լեղապարկի ծանր վիրահատության: Բժիշկները նրան ողջ մնալու շանս գրեթե չէին տալիս (չնայած նրանց կանխորոշումները չիրականացան, այնուամենայնիվ, Թամարան երկար բուժվում էր վիրահատությունից հետո), նա չուներ ո՛չ մայր, ո՛չ սկեսուր, եւ Օլյայի դասղեկն աղջկա հորն ու պապին խորհուրդ տվեց տանել նրան մտավոր արատ ունեցող երեխաների օժանդակ դպրոց:

- Դուք՝ տղամարդիկ, մենակ գլուխ չեք հանի,- ասաց նա:

- Ինձ տարան օժանդակ դպրոց, որովհետեւ չէի հասցնում բազմապատկման աղյուսակը,- ասում է Օլյան:- Մայրս հիվանդանոցում էր, ու ես չէի ուզում սովորել, ընդհանրապես ոչինչ չէի ուզում անել:

Ինձ դուր էր գալիս օժանդակ դպրոցը, ես ընկերներ ունեի այնտեղ, իսկ շաբաթ-կիրակի գնում էի տուն: Բայց մայրս անընդհատ լաց էր լինում, ասում էր, որ եթե մենք մեքենա ունենայինք, ես ամեն օր տուն կկարողանայի գալ:

Օլյան մի բանի համար է ափսոսում միայն. նա շատ է սիրում ֆիզիկան, իսկ օժանդակ դպրոցում այդ առարկան չկար:

Օժանդակ դպրոցից հետո Օլյան սկսեց հաճախել Կենտրոն:

- Շյուղագործություն եւ ասեղնագործություն Օլյային ինքս եմ սովորեցրել,- ասում է Թամարան:- Ես իրեն քիչ, թե շատ, նախապատրաստել եմ ինքնուրույն կյանքին: Որպեսզի նա բեռ չլինի իր եղբոր եւ նրա կնոջ համար, երբ մենք արդեն չլինենք: Ես նրան թույլատրում եմ ցանկացած տնային գործ անել: Նա միայնակ խանութ է գնում գնումների:

Թամարան փոքրուց աղջկան արգելել է բակ դուրս գալ. խաղալ այլ երեխաների հետ կարելի էր, բայց միայն իրենց տանը, իր հսկողության տակ:

- Շատերն ասում են, որ ես մեկուսացրել եմ իրեն: Սակայն ես կարծում եմ, որ այդպես ավելի լավ էր իր համար: Հիմա այնքան սարսափելի բաներ են կատարվում փողոցում, ավելի լավ կլինի, եթե նա հեռու լինի այդ ամենից: Ես իրեն ինձ հետ տանում եմ ամեն տեղ, բարեկամների, ընկերների տուն: Բոլորը նրան շատ սիրում են, նա էլ բոլորի հետ շփվում է շատ ջերմ, անչափ ուրախանում է, երբ տեսնում է իրենց:

Օլյան իր ողջ էներգիան ծախսում է ձեռագործի, տան աշխատանքի եւ հեռուստացույցի վրա:

- Չէի ասի, թե սիրում եմ տան գործ անել, բայց աղջիկ եմ ծնվել ու պիտի անեմ,- ասում է Օլյան:

- Իսկ բակ դուրս գալի՞ս ես:

- Չէ: Մեր շենքում բոլորը կամ փոքր են ինձանից, կամ՝ մեծ: Փոքրերի հետ չեմ սիրում խաղալ, իսկ մեծերից քաշվում եմ. իրենք զգացնել են տալիս, որ ես տարբեր եմ իրենցից: Իմ ընկերուհիներն էստեղ են: Ես բոլորին սիրում ու հարգում եմ: Աղջիկների հետ ավելի շատ եմ սիրում ընկերություն անել, քան տղաների: Իմ ընկերուհիներն իմ մասին ավելի շատ գիտեն, քան նույնիսկ մայրս: Ես կիսում եմ իրենց հետ իմ գաղտնիքները, իրենք էլ նույնն են անում: Ես միշտ պահպանում եմ իրենց գաղտնիքները. ես կարծում եմ, որ եթե քեզ վստահել են, պիտի գաղտնիքը պահես մինչեւ կյանքիդ վերջ:

Օլյան սիրում է թատրոն հաճախել: Վերջերս դաստիարակները երեխաներին տարել են «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացմանը:

- Ես էնքա՜ն եմ լաց եղել: Էնտեղ բոլոր դերասանները, երեւում էր, որ խաղում էին, էդ դերասանն էլ (գլխավոր դերակատար Տիգրան Ներսիսյանը) է ուրիշ ներկայացումներում ձեւացնում, բայց էդ ներկայացման մեջ էնպես էր խաղում, կարծես իր կյանքը լիներ, կարծես էդ ամենն ինքը զգացել էր:

Օլյան նաեւ խելագարվում է միշտ երջանիկ ավարտով հնդկական ֆիլմերի եւ æեքի Չանի մարտաֆիլմերի համար: Եթե տղա ծնվեր, անպայման կզբաղվեր կարատեով, բայց չի սիրում, որ աղջիկները զբաղվում են մարտարվեստով:

- Իսկ դու երբեւիցե սիրահարվե՞լ ես:

- Չէ, երբեք: Բայց երբ սիրահարվեմ, ոչ ոք չի իմանա դրա մասին, դա կլինի միայն իմ գաղտնիքը: Եթե ընկեր ունենամ, նա պետք է լավ վերաբերվի ինձ, հարգի ու չծաղրի:

Երբ Օլյան քսան տարեկան էր, Թամարայի ծնողներին առաջարկեցին նրան ամուսնացնել դարձյալ մտավոր արատ ունեցող մի տղայի հետ:

- Բայց ես եւ ամուսինս խորհրդակցեցինք ու հրաժարվեցինք,- ասում է Թամարան:- Ոչ ոք չի կարող ասել՝ ինչպես կդասավորվի իրենց կյանքը: Մի կոպիտ բառ, սխալ ժեստ, ու նրա վիճակը կարող է վատանալ: Այսպես ես գոնե կողքին եմ, կարող եմ հոգ տանել իր մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter