HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարբեր, բայց ոչ օտար

Մի անգամ Երեւանի հանրակրթական դպրոցներից մեկի տարրական դասարանի աշակերտները հարցրեցին ուսուցչուհուն, թե ինչու է իրենց դասընկեր Նարեկը տարբերվում իրենցից: «Մենք բոլորս նման ենք միմյանց, բոլորս հասկանում ենք իրար, բացի իրենից»,- ասացին նրանք: «Նա ձեզ չի հասկանում, երեխաներ, որովհետեւ Նարեկը չինացի է»,- մի քիչ մտածելուց հետո ասաց ուսուցչուհին:

Նարեկը չինացի չէր: Նա հայ երեխա էր, ով ուներ մտավոր արատ: Առողջ եւ հաշմանդամ երեխաների ինտեգրման ծրագրի շրջանակներում նրան տեղավորել էին հանրակրթական դպրոցում «նորմալ» երեխաների հետ՝ տարիքով իրեն բավականին զիջող, իսկ մտավոր ունակություններով' գերազանցող: Նարեկը, ով նույնիսկ տառերը չգիտեր, ձանձրանում էր երրորդ դասարանցիների հետ նստելուց, օրինակ' մաթեմատիկայի դասին. նա չէր լսում ուսուցիչներին, խանգարում էր երեխաներին: Բայց հիմա նրանք գիտեին պատճառը. Նարեկը չինացի է:

Յուրաքանչյուր անհատ փորձում է թաքցնել իր թերությունները: Այդպես էլ բազում անհատներից կազմված հասարակությունը ձգտում է թաքցնել իր «արատները»՝ Նարեկի նման մարդկանց. չխոսել նրանց մասին, պարզապես անտեսել նրանց:

Երեւանի կենտրոնական փողոցներում հաճախ կարելի է հանդիպել մի երիտասարդի, ով մեծ դժվարությամբ քայլելով մի մեքենայից մյուսը' խաչմերուկներին փող է մուրում: Նա մտավոր հետամնաց է: Մարդիկ երկյուղով վրան են նայում՝ որպես անհայտ ու չափազանց զզվելի մի բանի:

Շատերը զզվանքով երես են թեքում: Տասը հարցվածից ինը համոզված են, որ նման երեխաներ ծնվում են միայն հարբեցողների, մոլի ծխողների ու անբարո ընտանիքներում:

Որոշ «լիարժեք» մարդկանց նա նյարդայնացնում է, քանի որ իր անլիարժեքությամբ առաջացնում է խղճի խայթ եւ մեղքի անհասկանալի զգացում:

Շատերը, արագ հայացք գցելով, արագացնում են քայլերը. ժողովրդական իմաստությունն ասում է, որ նման մարդկանց խղճալ չի կարելի՝ «գլխիդ կգա»:

«Էլի էս գիժը»,- ծիծաղում են ոմանք:

Մտավոր արատը հիվանդություն է, որը հասարակ բառերով կարելի է բնութագրել այսպես՝ մտավոր տարիքը չի համապատասխանում ֆիզիոլոգիական տարիքին: Այն ոչ մի ընդհանուր բան չունի խելագարության հետ:

Մտավոր արատը բաժանվում է երեք հիմնական կատեգորիայի՝ դեբիլություն, իմբեցիլություն եւ ապուշություն: Դեբիլությունն ամենաթեթեւ վիճակն է: Այս ախտորոշումն ունեցող մարդիկ ունակ են ընկալելու շրջապատող աշխարհը եւ նրանց հետ համառորեն աշխատելիս կարելի է հասնել նշանակալից արդյունքների: Ապուշությունն ամենածանր վիճակն է: Ապուշների մոտ բացակայում է շրջապատող աշխարհի ընկալունակությունը: Նրանք հիմնականում գտնվում են անկողնային ռեժիմում եւ խնամքի կարիք ունեն: Իմբեցիլությունը դրանց միջանկյալ վիճակն է:

Վերջին երկու շաբաթը ես գրեթե ապրում եմ Շենգավիթ համայնքի «Փրկություն» հաշմանդամ երեխաների կենտրոնում: Մյուս նմանատիպ ՀԿ-ներից այն առանձնանում է իրեն կից գործող մտավոր արատ ունեցող երեխաների Ցերեկային առօրյայի կազմակերպման կենտրոնով: Կենտրոն հիմնականում հաճախում են երեխաներ դեբիլություն ախտորոշմամբ: Կան նաեւ մի քանի իմբեցիլներ: Երեխաների մեծամասնությունն ունի նաեւ մանկական ուղեղային կաթված:

Շենքը, որտեղ տեղակայված է Կենտրոնը, առանձնապես ոչնչով աչքի չընկնող երկհարկանի «սովետական» շինություն է: Ձմռանը դրսում ավելի տաք է, քան դրա մոխրագույն պատերի ներսում: Սակայն քարե սալիկների ցուրտը միանգամից հալեցնում են երեխաների, դաստիարակների ու ուսուցիչների ջերմ ժպիտները: Ամեն անգամ ես այս շենք մտնում եմ բոլորովին այլ աշխարհ ընկնելու սպասումով, այնքան դրական մի աշխարհ, որ շատ «նորմալ» մարդկանց չէր խանգարի ժամանակ առ ժամանակ գործնական դասընթացների գալ այստեղ:

Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ : Բոլոր խմբակավարներն աշխատում են առանց վարձատրության. ոմանց, ովքեր գալիս են հեռվից, փոխհատուցվում է միայն ճանապարհածախսը:

Կավագործության սենյակն ամենատաքն է թրծման վառարանի շնորհիվ: Աշխատանքն այստեղ եռում է: Դավիթը եկեղեցի է կառուցում, եւ բոլորն օգնում են նրան: Կավից աղյուսներ են սարքում, տաշում են դրանք ու շարում սեղանին' չորանալու: Նարեկի ձեռքերը դողում են, նրա համար դժվար է ղեկավարել հաստ կավի շերտը, որից նա աղյուսիկներ է կտրում, նրա դեմքը նույնիսկ կարմրել է ճիգից:

Կավագործության ուսուցիչ ընկեր Աշոտը Գեւորգին նստեցրել է պատի մոտ եւ ձեռքը տալով «դիրիժորի փայտիկներ»՝ երկու վրձիններ, հրամայում է երեխաներին աշխատանքի տեմպ տալ: Գեւորգը չի աշխատում մնացածների հետ. ունակությունները չեն բավարարում:

- Երբ վերջացնեմ եկեղեցին, մի բան կսարքեմ ու կնվիրեմ ձեզ,- ասում է ինձ Դավիթը:

Գրեթե երկուշաբաթյա շփումից հետո ինձ հաջողվեց համոզել երեխաներին չդիմել ինձ «ընկեր» ձեւով, ինչպես իրենց ուսուցիչներին, սակայն «դուք»-ից ոմանք համառորեն չեն հրաժարվում:

- Լավ,- ասում եմ ես:
- Դուք ծաղիկներ սիրու՞մ եք:
- Շատ:
- Ուրեմն թաղար կպատրաստեմ, բույս կտնկեմ մեջը ու կնվիրեմ ձեզ, լա՞վ:
- Կսպասեմ,- ժպտացի ես:
- Դուք հոգ կտանեք, չէ՞, ծաղկի մասին, կջրեք, չէ՞:
- Իհարկե:

Այստեղ յուրաքանչյուրն ունի իր ծաղիկը, որի մասին պարտավոր է հոգ տանել:

Ժամանակ անց նա իր կաղող քայլվածքով մտահոգ տեսքով մոտեցավ ինձ:

- Գիտեք, այս եկեղեցու վրա դեռ այնքան աշխատանք կա, չգիտեմ' երբ կավարտեմ: Այնպես որ, հնարավոր է, ձեր նվերը կսարքեմ շատ ուշ: Բայց չկարծեք, թե մոռացել եմ, հա՞: Ես անպայման կանեմ:

Ես խոստացա սպասել՝ որքան պետք է:

Ալիկը տաշում է աղյուսները: Նա խոսքի արատ ունի: Ես հաճախ ստիպված եմ լարվել, որ հասկանամ, թե ինչ է նա ասում: Ցերեկն Ալիկը Կենտրոնում է, երեկոյան աշխատում է ավտոարհեստանոցում:

Դարակին դրված նրա կավե աղջիկը կատարյալ է: Ալիկը նաեւ լավ նկարում է: Իր նկարների մեջ ես նկատում եմ մի նկար' ռազմական թեմայով:

- Դա ես չեմ, դա Ղեւոնդն է արել,- ասում է Ալիկը եւ, միանգամից մոռանալով իր նկարների մասին, տանում է' ցույց տալու ընկերոջ աշխատանքները:

Երեխաները շատ համախմբված են: Նրանք միասին սպասում են, մինչեւ ծնողները գան իրենց ետեւից: Միասին փորձում են բացատրել փողոցում իրենց նեղացնողներին, որ չնայած իրենք տարբերվում են նրանցից, սակայն դա պատճառ չէ իրենց ձեռք առնելու:

Աշոտն անդադար խոսում է' ընդմիջումներին հապշտապ տաշելով աղյուսիկները: Նա արդարության համար հավերժ պայքարող է՝ խիստ ընդգծված «ես»-ով:

- Մի լսեք նրան,- շշնջում է Ալիկը,- նա մի քիչ խախտված է:

Երեխաների ուսուցիչ ընկեր Աշոտը Շենգավիթ համայնքից է, բնակվում է Կենտրոնից ոչ շատ հեռու: Նա երեխաների հետ զբաղվում է այս տարվա սեպտեմբերից, սակայն այնպիսի տպավորություն է, որ գիտի նրանց շատ ավելի վաղուց:

- Իհարկե, մենք միշտ ծանոթ էինք,- ծիծաղում է նա:- Ես նրանց թափառող հոգին էի, ուղղակի նրանք այդ մասին չգիտեին:

Աշոտին չեն հետաքրքրում երեխաների հիվանդությունները. նա նույնիսկ չգիտի դրանց պատմությունը: Նա համոզված է, որ այստեղ հաճախող երեխաներից շատերը «նորմալ» երեխաներից ավելի տաղանդավոր են, եւ եթե նրանց հետ զբաղվես, արդյունքը կգերազանցի բոլոր սպասումները: Իր աշակերտների աշխատանքները նայելով՝ բոլորովին չես կասկածում դրանում:

- Հասկանու՞մ ես, իրենց մոտ կարող են բացվել դռներ, որոնք փակ են մեզ մոտ: Պարզապես պետք է գտնել այդ դռները, օգնել նրանց' բացել դրանք:

- Այ, մենք ասում ենք' չեմ կարող աշխատել, մուսաս չկա, իսկ իրենց մոտ նման բան չի լինում: Իրենց ներշնչանքը միշտ տեղն է:

Աշոտը համոզված է, որ մարդկանց հիվանդությունների պատճառը անցյալում մեզանից յուրաքանչյուրի գործած մեղքերն են, բնության սրբազան օրենքների կամա, թե ակամա խախտումները:

Կավագործության խմբակում միայն տղաներ են: Աշոտը հավատում է, որ կավն ու կինն անհամատեղելի հասկացություններ են:

Աղջիկները զբաղվում են շյուղագործությամբ, ասեղնագործությամբ, բրնձագործությամբ: Նրանք ավելի քիչ են շփվում հետս, քան տղաները: Նայում են ամոթխած, մանկական ժպիտով ու լռում են:

Արեւիկն ու Աբգարը ներկում են նկարները: Իմ եւ Արեւիկի միջեւ շփումը հաստատվում է միանգամից: Նրա մեջ այնքան չարտահայտված քնքշանք ու սեր կա, որ նա պատրաստ է դրանք նվիրել յուրաքանչյուրին:

Մենք նույնիսկ մի փոքր զրուցում ենք: Մի քանի տարի առաջ դա անհնար կլիներ: Երբ Արեւիկը սկսեց գալ այստեղ, նա չէր խոսում նույնիսկ ժեստերով: Հիմա նրա խոսքը կարելի է հասկանալ:

Աբգարը խոսում է միայն ժեստերով: Ես նրանց լուսանկարում եմ թվային ֆոտոխցիկով, եւ նա արտահայտում է իր բուռն ուրախությունը, երբ իրեն տեսնում է էկրանին:

Ամենավերջում նստած է Դավիթը: Նա միշտ կոկիկ հագնված է, ձգված, փողկապով: Նրան այստեղ անվանում են ապագա պատգամավոր:

Վահագնը բավականին ագրեսիվ է. միանգամից զգում է, երբ իրեն չեն սիրում, հեռու են մնում իրենից, եւ պատասխանում է նույն կերպ:

Կենտրոնում յուրաքանչյուր երեխայի հետ արատաբան Թեհմինեն անհատական աշխատանք է տանում:

Թեհմինեն ասում է, որ Վահագնը բացարձակ երաժշտական լսողություն ունի: Նա պաշտում է գնել ձայներիզներ, ընդ որում' յուրաքանչյուր ձայներիզից մի քանի օրինակ: Նրա սիրելի երգիչն Արամ Ասատրյանն է: Նա կարող է գնել Ասատրյանի մի հինգ ձայներիզ, բացել միայն մեկն ու շարունակ լսել՝ մնացածն ամենուր իր հետ տանելով մինչեւ ձանձրանալը: Բարեբախտաբար, իր տան կողքի խանութում աշխատում են հասկացող մարդիկ եւ համաձայնել են փոխանակել ձայներիզները:

«Մտավոր արատ ունեցող երեխաները զգու՞մ են իրենց տարբերությունը մյուսներից,- հարցնում եմ Թեհմինեին:

«Նրանք հիմնականում չեն գիտակցում իրենց մտավոր հետամնացությունը, օրինակ' չեն զգում, որ ինչ-որ զվարճալի կամ տարօրինակ բան ասացին: Քանի որ մեծամասնությունն ունի նաեւ մանկական ուղեղային կաթված, երեխաներին թվում է, որ իրենց վրա ծիծաղում են, որովհետեւ իրենք, օրինակ, կաղում են ( մանկական ուղեղային կաթվածը նախ եւ առաջ հարվածում է վերջույթներին): Ճիշտ է, կան մի քանի երեխաներ, ովքեր ավելի գիտակից են, օրինակ՝ Ղեւոնդը զարմանում է, որ ինքը քսանմեկ տարեկան է եւ նոր-նոր է տառերը սովորում, ինչպես իր յոթամյա եղբայրը»:

Երեւի տասներեքամյա Արսենը նույնպես նման «գիտակից» երեխաներից է: Հանդիպումներից մեկի ժամանակ նա ինձ ասաց, որ սիրում է մի աղջկա, ում անունը Մային է:

- Իսկ ինքը գիտի՞, որ սիրում ես իրեն,-հարցնում եմ ես:

- Չէ:

- Ինչու՞:

- Որովհետեւ Տիգրանն էլ է սիրահարված իրեն, իսկ նա նորմալ է:

Նա դա ասում է ժպիտով, առանց չարության կամ տխրության նշույլի, կարծես մի բան, որ լրիվ բնական երեւույթ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter