Եռօրյա ցույցերի ընթացքում Բելառուսում ձերբակալվել է շուրջ 6000 ցուցարար. ևս 250-ը հիվանդանոցում են
Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան հայտարարել է, որ օգոստոսի 11-ի երեկոյան և օգոստոսի 12-ի գիշերը տեղի ունեցած ցույցերի ընթացքում Բելառուսում ձերբակալվել է ավելի քան 1 000 ցուցարար։ Այսպիսով, Բելառուսում կայացած եռօրյա ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 6 000 ցուցարար, ընդ որում միայն մոտ 3 000-ը ձերբակալվել են օգոստոսի 9-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ, իսկ օգոստոսի 10-ին՝ ևս մոտ 2 000-ը։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ օգոստոսի 11-ին 25 բնակավայրերում եղել են «մարդկային հավաքների օջախներ»։ Խոշոր քաղաքներում որոշ ցուցարարները փակել են փողոցները և դիմադրություն ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին։ Մասնավորապես, ըստ ոստիկանության, հինգ տարբեր ցուցարարներ մեքենաները վարել են ոստիկանների ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, օգոստոսի 11-ին տուժել է ոստիկանության և ներքին զորքերի 14 ծառայող։
Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով էլ՝ բողոքի ցույցերի ընթացքում օգոստոսի 11-ին հոսպիտալացվել է 51 մարդ։ Նախորդող երկու օրերի ընթացքում այդ թիվը հասել էր 200-ի։
Բելառուսում օգոստոսի 9-ից սկսած ընթանում են բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները չեն ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները։ Բողոքի ցույցերի մասնակիցների թիվն անցնում է մի քանի հազարը։ Ներքին զորքերը և հատուկ ջոկատայինները բիրտ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ։ Այս պահի դրությամբ զոհվել է մեկ ցուցարար։
Դեպքերի ընթացքը հատկապես թեժ է Մինսկում։ Քաղաքային իշխանությունների խոսքերով՝ ցույցերի ընթացքում քաղաքին հասցվել է մոտ 500 000 բելառուսական ռուբլու վնաս։ Պաշտոնյաները հայտարարել են, որ վնասվել են կանգառները, լուսակիրները, ճանապարհային երթևեկության նշանները և աղբարկղերը։
Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել