
Միանգամից մի քանի հեռուստալրագրողներ հայտարարել են Բելառուսի պետական հեռուստաընկերություններից հեռանալու մասին
Միանգամից մի քանի հեռուստալրագրողներ հայտարարել են, որ հեռանում են բելառուսական պետական հեռուստաընկերություններից։ Այդ մասին գրում է «Meduza»-ն։
«OHT» (համազգային հեռուստատեսություն) հեռուստատեսությունից հեռանալու մասին հայտարարել են հաղորդավարներ Եվգենի Պերլինը և Օլգա Բոգատիրևիչը։ «Այս որոշման վրա որևէ մեկն ազդեցություն չի ունեցել, ես ինքս եմ այն կայացրել։ Հուսամ, որ շուտով կվերադառնա այն՝ #МаяКраiнаБеларусь-ը»,- ինստագրամյան իր էջում գրել է Պերլինը։ Իր հերթին Օլգա Բոգատիրևիչն էլ հայտարարել է, որ իրենք քիչ են, սակայն կան։
Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև «Беларусь 1» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բարի լույս, Բելառուս» հաղորդման հաղորդավարուհի Վերա Կարետնիկովան։ «Ես գրել եմ, որ շուտով ամեն բան լավ կլինի։ Այդպես էլ կլինի»,- ինստագրամյան իր էջում գրել է նա։ Նախօրեին, նույն հեռուստաընկերությունից հեռացել էր նաև հաղորդավար Սերգեյ Կոզլովիչը։
Ինչպես հավելում է «Tut.by»-ը, աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաև «СТВ» հեռուստաընկերության հաղորդավար Տատյանա Բորոդկինան, «Беларусь 1»-ի հաղորդավար Անդրեյ Մակայենոկը և Բելառուսի ռադիոյի առաջին ալիքի աշխատակիցներ Ալեքսանդր Շուստերը և Տատյանա Ֆիլիպչենկոն։ Իր աշխատանքից ազատման վերաբերյալ տեսաուղերձ է հրապարակել նաև «Беларусь 1» հեռուստաընկերության «Արսենալ» ռազմական հաղորդաշարի հաղորդավար Վլադիմիր Բուրկոն։ «Հինգ տարի ես անուղղակիորեն եղել եմ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության մեդիադեմքը․․․Ես նույնիսկ ամենավատ երազում չէի պատկերացնի, որ զինծառայողները և տեխնիկան, որոնց մասին ես պատմում էի, կարող են կիրառվել սեփական ժողովրդի դեմ»։
Բելառուսում օգոստոսի 9-ից ընթանում են բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները չեն ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները։ Երկրի ԿԸՀ տվյալներով՝ նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է շուրջ 26 տարի։ Ոստիկանությունը և զինուժը բիրտ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ՝ օգտագործելով լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ։ Բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել շուրջ 6 000 ցուցարար։ Հարուցվել են տասնյակ քրեական գործեր։
Լուսանկարը՝ Բելառուսի պետական ռադիոհեռուստաընկերության
Մեկնաբանել