HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիբանանում ՀՀ դեսպան. «Տուժածների մասով թվերը վերջնական չեն, քանի որ մեծ տոկոս են կազմում անհայտ կորածները»

«Հետքի» հարցերին պատասխանում է Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը 

-Պարոն դեսպան, ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը՝ Բեյրութի հայտնի պայթյունի հետեւանքով տուժած լիբանանահայերին աջակցելու համար։

-Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հավասարապես տուժել են Լիբանանի բազմակոնֆեսիոնալ հասարակության բոլոր շերտերը, եւ Հայաստանը չսահմանափակվեց միայն լիբանանահայությանն աջակցելով, այլ հումանիտար օգնություն ուղարկեց Լիբանանի ողջ եղբայրական ժողովրդին։ Այս խորապես բարեկամական մոտեցումը նախ շատ բարձր գնահատվեց ինչպես Լիբանանի հայ համանյքի կողմից, ապա եւ դրսեւորում գտավ ՀՀ վարչապետի եւ Լիբանանի նախագահի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթաքում։

Նախքան այդ Բեյրութում մեր դեսպանությունը դիմել էր Լիբանանի պատկան մարմիններին՝ տրամադրելու պայթյունի հետեւանքով առաջացած կարիքների ցանկը, եւ այդ կարիքների հիման վրա է, որ ՀՀ կառավարությունը հումանիտար բեռով երեք ինքնաթիռ ուղարկեց Լիբանանի կառավարությանը՝ հիմնականում դեղորայք եւ բժշկական պարագաներ։

Հայաստանից Լիբանան այցելած պատվիրակությունն իր հետ բերեց նաեւ հումանիտար օգնության որոշակի չափաբաժին, որը փոխանցվեց հայ համայնքին՝ հատուկ այդ նպատակով ստեղծված մեկ միասնական հանձնախմբին։

-Արդյոք հայտնի է, կամ նախնական հաշվարկներ կան, թե պայթյունի հետեւանքով քանի լիբանանահայ է տուժել, քանիսն են մնացել անտուն։ Կարիքների գնահատում արվե՞լ է։

-Վերոհիշյալ հանձնախմբի գործառույթներից մեկը հենց դա է։ Կարիքների գնահատումը դեռեւս գտնվում է ամփոփման փուլում, քանի որ կացարանների փլուզման նախնական գնահատականները հստակեցնելու համար լրացուցիչ ժամանակ է պահանջվում։ Տուժածների մասով նույնպես թվերը վերջնական չեն, քանի որ մեծ տոկոս են կազմում անհայտ կորածները։ Նախընտրելի է մի քանի օր եւս սպասել՝ ստույգ թվեր հրապարակելու համար, քանի որ այդ թվերի ետեւում մարդկային ճակատագրեր են, եւ հարցը պահանջում է փոքր-ինչ զգայուն մոտեցում։

-Քանի՞ լիբանանահայ է դիմել Լիբանանում ՀՀ դեսպանատուն՝ Հայաստան վերադառնալու եւ այստեղ հաստատվելու համար։

-Լիբանանում ՀՀ դեսպանությունը համապատասխան աշխատանքներ է իրականացրել պայթյունի հետեւանքով կեցավայր կորցրած, ապրուստի միջոց չունեցող եւ Լիբանանում ժամանակավոր գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար: Ըստ այդմ՝ հումանիտար օգնությունը Բեյրութ բերած օդանավերով Հայաստան վերադարձողների թիվը կազմում է մեկ հարյուրյակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter