
Պատգամավոր Հայկ Սարգսյանը հրավիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր` օգոստոսի 19-ին հրավիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ):
Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Պատգամավորը հանձնաժողով է հրավիրվել իր եկամուտների հայտարարագրի ուսումնասիրման շրջանակում: Ավելի վաղ հայտնել էինք, որ հանձնաժողովը պատգամավորի եկամուտների հայտարարագրի, հնարավոր անհամատեղելիության և այլ սահմանափակումների վերաբերյալ ուսումնասիրություն է սկսել:
Հանձնաժողովի ուսումնասիրությունը, սակայն, հրապարակային գործընթաց չէ, և դրա մասին հանձնաժողովը կարող է տեղեկություն հաղորդել, եթե պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցվի: Հայկ Սարգսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Հանձնաժողովն ուսումնասիրում է պատգամավոր Հայկ Սարգսյանի հնարավոր առնչությունը «Սպիտակ շորժա» հանգստի գոտու շահագործմանը: Հիշեցնենք, որ հուլիսի 31-ի մեր հրապարակմամբ ներկայացրել էինք, որ տարածքը փաստացի շահագործողը պատգամավորի ընկերն է, որը չունի կառուցապատման թույլտվություն: Հանգստի գոտին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ ապամոնտաժվել է:
Մեկնաբանել