
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրի, հնարավոր անհամատեղելիության ուսումնասիրություն է սկսել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եկամուտների հայտարարագրի, հնարավոր անհամատեղելիության և այլ սահմանափակումների վերաբերյալ ուսումնասիրություն է սկսել:
Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են հանձնաժողովից:
Մենք հետաքրքրվել էինք, թե մեր հրապարակումից հետո հանձնաժողովն ուսումնասիրում է արդյոք ԱԺ պատգամավորի կապը հանգստի գոտու փաստացի շահագործման առնչությամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին պարզել էինք, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստի գոտին: Մեր հրապարակումից հետո Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ տարածքի ապօրինի մետաղական կոնստրուկցիաներն ապամոնտաժվեցին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարագրում ներկայացրած տվյալների հավաստիության ստուգումը ենթադրում է նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից տեղեկությունների հավաքում, հանձնաժողովն ուսումնասիրության մասին կտեղեկացնի լրացուցիչ` ստացված տվյալների համադրման և ամփոփման հիման վրա»,- ասված է հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանից ստացված մեր հարցման պատասխանում:
Հիշեցնենք նաև, որ Դատախազությունն ուսումնասիրում է մեր հոդվածում տեղ գտած հանգամանքները:
Լուսանկարում` ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Մեկնաբանել