
Գյումրիում նախատեսվում է ստեղծել երեխաների խնամքի նոր կենտրոն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է ստեղծել երեխաների խնամքի նոր հաստատություն՝ «Գյումրի քաղաքի երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոն»։
Այն ստեղծվելու է «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ների միաձուլմամբ։
Նման որոշման նախագիծ է այսօր հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ նախագծի՝ երեխայի և ընտանիքի ճգնաժամային աջակցության կենտրոնում սոցիալական աջակցություն պետք է ստանան Շիրակի և հարակից մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-18 տարեկան երեխաները՝ անհրաժեշտության դեպքում նաև խնամողի հետ՝ 24-ժամյա ռեժիմով: Ճգնաժամային աջակցության կենտրոնի ծառայություններից կօգտվեն նաև դեռևս գործող Ֆ.Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատությունում խնամք ստացող երեխաները:
Կստեղծվեն պայմաններ երեխաներին հասարակություն ներառման համար, կենտրոնի աշխատակիցները կփորձեն լուծել նրանց սոցիալ-մանկավարժահոգեբանական և առողջական խնդիրները:
Ըստ հաշվարկների՝ շուրջօրյա կարճաժամկետ խնամք կստանան կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 50 երեխա, իսկ ցերեկային ծառայություն՝ 100 երեխա: Կենտրոնը տեղակայվելու է Ֆ.Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատության շենքում` հաշվի առնելով այն, որ հաստատությունը գտնվում է քաղաքի կենտրոնում և ունի տարածքի համար բավարար պայմաններ:
Նախարարությունը նախագծում նշել է, որ երեխաների խնամքի նոր կենտրոն ստեղծելու որոշումը բխում է իրենց որդեգրած ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունից, որով պետք է ստեղծվեն երեխաների խնամքի այլընտրանքային ծառայություններ, խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպեն:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին կառավարությունը որոշեց լուծարել 1 մանկատուն և 4 երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, այդ թվում՝ «Գյումրու Ֆ.Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատություն»-ը։ Սակայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետագայում որոշել է այն շարունակել շահագործել ըստ նպատակի և միաձուլմամբ վերակազմակերպել:
Նախարարությունը նախագծում նշել է, որ այժմ 29 երեխա՝ «Գյումրու թիվ 1 գիշերօթիկ խնամքի հաստատություն» ՊՈԱԿ-ից և Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունից (գործունեությունը դադարեցվել է), խնամք են ստանում «Գյումրու Ֆ.Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատություն» ՊՈԱԿ-ում: Այդ երեխաներին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն, ըստ գնահատված կարիքի, դեռևս առկա չեն երեխաների ընտանիք վերադարձի համար նպաստավոր պայմաններ:
«Հաշվի առնելով նմանատիպ դեպքերը, երբ երեխան ունի կենսաբանական ընտանիք, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված զրկված է ընտանիքում ապրելու հնարավորությունից, նախարարությունը ձեռնամուխ է եղել ստեղծելու ճգնաժամային աջակցության կենտրոններ Երևանում, Գյումրիում և Կապանում՝ աջակցելու հրատապ տեղավորման և մասնագիտական աշխատանքի կարիք ունեցող երեխաներին (անհրաժեշտության դպքում նաև ուղեկցողի հետ) և ընտանիքներին»,-նշված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծում։
Մեկնաբանել