HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձագետ. «Այլեւս չենք առաջնորդվում այսպես կոչված շերեփային դիվանագիտությամբ»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Օրբելի» կենտրոնի փորձագետ, արեւելագետ Կարեն Վերանյանը

-Պարոն Վերանյան, օրեր առաջ սոցիալական ցանցում անդրադառնալով Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ համապարփակ հարաբերությունների բարելավման ու խաղաղության համաձայնագրին, ասել եք, որ դրա թիրախում Իրանն ու Թուրքիան են, իսկ որոշ փորձագիտական գնահատականներով՝ առաջին հերթին Թուրքիան։ Առհասարակ խոշոր ու ակտիվ խաղացողների ի՞նչ վերադասավորումներ են կատարվում տարածաշրջանում, եւ անվտանգության խաթարման ի՞նչ վտանգներ եք տեսնում։

-Կարող եմ ասել, որ վերափոխվում է ողջ Մեծ Մերձավոր Արեւելքը։ Ընթանում են տարածաշրջանային ու միջազգային խաղացողների շահերի նոր կոնֆիգուրացիայի ձեւավորման ակտիվ գործընթացներ։ Արդյունքում փլուզվում են նախկին դաշինքները, ստեղծվում նոր բազմակողմանի համագործակցության ձեւաչափեր ու առանցքներ։ Պետք է նկատել, որ ի տարբերություն նախկին դաշինքների, որոնք քարացած բնույթ էին կրում, ներկայիս ձեւավորվող գործակցային բազմակողմանի ձեւաչափերը բավական ճկուն են եւ դինամիկ։

Տարածաշրջանային շահերի դինամիկ վերաձեւափոխման արդյունքում փլուզվեց Թուրքիա-Իսրայել դաշինքը, որը համարվում էր Մերձավոր Արեւելքի ամենաազդեցիկ ու կայուն առանցքներից մեկը։ Ոչ ոք չէր պատկերացնի, որ այդ երկու տարածաշրջանային խաղացողները կունենան ռազմավարական նշանակության խնդիրներ եւ կհայտնվեն շահերի հակադիր բեւեռներում։ Թուրքիայի ու Իսրայելի միջեւ հակասությունների խորացումը հետեւանք էր Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային ու միջազգային շահերի նոր կոնֆիգուրացիաների ձեւավորման միտումների։

Այստեղ կարեւոր եմ համարում անդրադառնալ այն հարցին, որ եթե մինչ վերջերս խոսվում էր տարածաշրջանում Իրանի տոտալ ազդեցության ու կարողությունների մասին, ապա այսօր մամուլն ու փորձագիտական գնահատականները կենտրոնացած են Թուրքիայի շուրջ. վերջին շրջանում Թուրքիան ավելացրել է իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում։ Տարբեր փորձագիտական ու քաղաքական հայտարարություններն ու գնահատականները թույլ են տալիս ասել, որ այսօրվա Թուրքիան իր նեոօսմանյան հավակնություններով դարձել է սպառնալիք ամբողջ տարածաշրջանի ու միջազգային հարաբերությունների անվտանգության ու կայունության համար։ Տարածաշրջանում այսօր չկա մի ազդեցիկ պետություն, որը խնդիրներ չունենա Թուրքիայի հետ։ Այսօրվա Թուրքիան ձգտում է առնվազն դառնալ մենիշխան գերտերությունը տարածաշրջանում։

Եթե նախկինում արաբական աշխարհը կոնսոլիդացվում էր Իսրայելի հետ դիմակայության հարցի շուրջ՝ դիտելով վերջինիս արաբական երկրների անվտանգության գլխավոր սպառնալիք, ապա ներկայում արաբական աշխարհում բավական հաճախակի են հնչում քաղաքական գնահատականներ, որ արաբական երկրների համար որպես սպառնալիք Իսրայելին փոխարինում է Թուրքիան։ Միջազգային հարաբերությունների անվտանգային մեխանիզմների արդյունավետության թուլացման ներկայիս միտումները նպաստել են, որպեսզի Թուրքիան իր նեոօսմանյան նկրտումներով գործի առավել անկաշկանդ ու ազատ՝ մնալով անպատիժ միջազգային իրավունքի առաջ։

Թուրքիայից եկող մարտահրավերներն ու սպառնալիքները զսպելու նպատակով Մերձավոր Արեւելքում մի շարք ազդեցիկ խաղացողներ հանդես եկան հակաթուրքական դաշինքների ձեւավորման նախաձեռնողականությամբ։ Արդեն շուրջ մեկ տասնամյակ զարգանում է Վաշինգտոնի քաղաքական հովանու ներքո գործող Իսրայել-Հունաստան-Կիպրոս ռազմավարական դաշինքը, որն անվանում են ժողովրդավարության կամ հակաթուրքական դաշինք։ Դաշինքն ակտիվ քայլեր է ձեռնարկում Արեւելյան Միջերկրածովում Հունաստանի ու Կիպրոսի Բացառիկ տնտեսական գոտիներում Թուրքիայի ապօրինի հորատման աշխատանքների դադարեցման ու Անկարայի հավակնությունների հակազդման ուղղությամբ։

Վերջերս հակաթուրքական առանցք ձեւավորելու նախաձեռնությամբ ու պատրաստակամությամբ հանդես եկավ տարածաշրջանի մեկ այլ ազդեցիկ խաղացող՝ Եգիպտոսը։ Իսրայելի ու ԱՄԷ-ն պատրաստակամություն հայտնեցին համապարփակ բարելավել երկկողմ հարաբերությունները եւ ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Խոսվում է, որ այդ համաձայնագրին կհաջորդի Իսրայելի ու Պարսից ծոցի արաբական այլ երկրների հետ նման համաձայնագրերի ստորագրումը։ Նկատենք, որ Իսրայելի ու ԱՄԷ-ի միջեւ խաղաղության համաձայնագրի թիրախում են Իրանն ու Թուրքիան։ Սակայն որոշ փորձագիտական գնահատականների համաձայն, երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավումը կարեւորվում է ոչ այնքան Իրանի, որքան Թուրքիայի ազդեցությունը սահմանափակելու հարցում։

-Փետրվարին «Հետքի» հետ զրույցում ասել էիք, որ այսօր Թուրքիան բավական անպատիժ պետություն է։ Ըստ այդմ՝ այդ երկիրը, քանիցս խախտելով հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը, միջազգային հանրության կողմից այդպես էլ չի արժանանում որեւէ լուրջ իրավական պատասխանատվություն, ինչը, ըստ Ձեզ, թույլ է տալիս Էրդողանին լինել առավել ազատ նեոօսմանյան իր հավակնություններում։ Վերջերս Թուրքիան արդեն անթաքույց սպառնում է Հայաստանին՝ պատմության ու դրանից քաղած դասերի մասին ակնարկ-հայտարարություններ անելով։ Անկարան սա անում է, քանի որ վստա՞հ է իր անպատիժ մնալու հարցում։

-Վերջին շրջանում նկատվում է Թուրքիայի հակահայկական քաղաքականության ակտիվացում, եւ դա առաջին հերթին դրսեւորվում է Հայաստանին հասցեագրված Թուրքիայի հայտարարությունների ագրեսիվության ու կոշտության ավելացմամբ։ Կարծում եմ՝ սա մեծ հաշվով տեղավորվում է տարածաշրջանում ու միջազգային հարաբերություններում Թուրքիայի ծավալապաշտական հավակնություններով։ Այո, միջազգային իրավունքի շրջանցման հնարավորությունը, ինչպես եւ միջազգային հարաբերություններում անպատիժ մնալու իրողությունը Թուրքիային դարձնում են է՛լ ավելի հավակնոտ իր նեոօսմանյան նկրտումներում ու ծրագրերում, որոնք անշուշտ սկսում են ակտիվանալ նաեւ հարավկովկասյան ուղղությամբ։

Մյուս կողմից, սակայն, պետք է նկատել, որ վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականությունը դարձել է ավելի նախահարձակ ու թիրախային, ինչը հնարավորություն է տալիս հայկական կողմին մեծացնել իր մասնակցությունը տարածաշրջանային տարբեր գործընթացներում միեւնույն կարեւոր առաքելությամբ՝ նպաստել տարածաշրջանում ու միջազգային հարաբերություններում կայունության ու անվտանգության ապահովման գործընթացին, որը փորձում է ամեն կերպ խախտել Անկարան։ Հիշեցնեմ, որ Հայաստանը ակտիվացրել է իր ջանքերը Հունաստանի ու Կիպրոսի հետ եռակողմ դաշնակցային ձեւաչափի շրջանակում՝ իր համերաշխությունը հայտնելով Արեւելյան Միջերկրածովում ընդդեմ Թուրքիայի Հունաստանի ու Կիպրոսի՝ միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական պայքարին։ Այս ամենն անշուշտ, ջղաձգումներ է առաջացնում Անկարայում։

-Տավուշի ուղղությամբ հուլիսյան սրացման ժամանակ պաշտոնական Անկարան իր աջակցություն հայտնեց Ադրբեջանին։ Գործնականում հնարավոր համարու՞մ եք, որ առաջիկայում Թուրքիան Ադրբեջանին կարող է դրդել նոր էսկալացիայի հայաստանյան կամ արցախյան ճակատում։

-Կցանկանայի հստակեցնել, որ այդ հավանականությունը մշտապես եղել է եւ գործնականում քանիցս կիրառություն գտել է։ Թուրքիայի կողմից Հայաստանի կամ Արցախի նկատմամբ Ադրբեջանին դրդելու հավանականությունը այսօր էլ գոյություն ունի, սակայն այն ցածր եմ գնահատում։

Տավուշյան ռազմական գործողություններում հայկական կողմի փայլուն հաղթանակը կարեւոր նշանակություն ունի Ադրբեջանի ու Թուրքիայի՝ տարածաշրջանում ուժային հավասարակշռության խախտմանն ուղղված հետագա սադրանքների զսպման առումով։ Մյուս կողմից՝ Ալիեւը շատ լավ է հասկանում, որ տավուշյան ռազմական գործողությունների հետեւանքով իր ռազմաքաղաքական-իշխանական ու հանրային դիրքերը բավականին թուլացել են երկրի ներսում, իսկ դա հնարավորություն է Անկարայի համար Ալիեւին դարձնելու առավել կառավարելի։ Ուստի հասկանալի է դառնում, որ տավուշյան գործողություններից, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից հետո Ալիեւը ներփակվեց երկրի ներքին խնդիրներով՝ թշնամիներ ու դավաճաններ փնտրելով իր արտաքին քաղաքական ու դիվանագիտական թիմում։ Այս ամենը նաեւ ուղղված էր Ադրբեջանի ուղղությամբ Անկարայի տոտալ ազդեցության հնարավորության զսպմանը։

Ուստի սխալ է կարծել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ չկան հակասություններ ու խնդիրներ. ասեմ ավելին՝ երկու երկրների շահերը ոչ միայն լիարժեք չեն համընկնում իրենց հակահայկական տրամաբանությունում, այլեւ այստեղ նույնպես կան շահերի հակասություններ։ Նշյալ հանգամանքները նույնպես նվազեցնում են հետագա սադրանքների հնարավորությունը: Նվազեցնում են, սակայն դա չի նշանակում, որ պետք է բացառել նման սցենարներ: Հայկական կողմին անհրաժեշտ է մշտապես ոչ միայն հետեւել ընթացիկ զարգացումներին, այլեւ քայլ առաջ գտնվել ու սպառնալիքների առկայության դեպքում խեղդել այդ ռիսկերը հենց իրենց բնօրրանում։

-Ձեր գրառումներից մեկում նշել եք, թե աշխարհում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ պայմանագրերն առ ոչինչ են, եւ որ այս աշխարհում ամեն ինչ լուծվել ու լուծվելու է ուժի դիրքերից։ Ասում եք՝ շերեփային դիվանագիտությանը վերջ տալ է պետք։ Կարծում եք, որ այսօ՞ր էլ Հայաստանը շարունակում է թղթե շերեփով հանդես գալ արտաքին ճակատում։ Այս առումով ի՞նչ թերացումներ եւ դրանց համապատասխան լուծումներ կարող եք առանձնացնել։

-Տարածաշրջանում ու միջազգային հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ այդ զարգացումների ուղղությամբ միջազգային պայմանագրերի ազդեցությունն ու հետեւանքները էապես նվազել են։ Այսօր տարածաշրջանային ու միջազգային խաղացողները «real politics»-ում առաջնորդվում են բացառապես ուժի դիրքերից՝ շրջանցելով տարբեր միջազգային ու տարածաշրջանային նշանակության պայմանագրեր։ Արդարությունը դարձել է ուժային կատեգորիա, եւ եթե դու այսօր ձգտում ես հասնել պատմական արդարության վերականգնման, ապա դա կարող ես իրագործել գրեթե բացառապես այն դեպքում, երբ խոսում ես ուժի դիրքերից։

Իհարկե, պայմանագրերը կարող են իրագործվել նաեւ այն դեպքերում, երբ տեղի են ունենում ֆորսմաժորային իրավիճակներ, աշխարհաքաղաքական կատակլիզմներ, որոնք կարող են հիմնովին վերափոխել աշխարհակարգի նախկին տրամաբանությունը։ Սակայն նման իրավիճակ առաջիկայում չի երեւում, եւ դեռ հարց է, այդ սցենարի դեպքում արդյոք կլինեն նպաստավոր հանգամանքներ մեզ համար, որպեսզի ամրագրենք մեր շահերից բխող իրավական փաստաթղթերը։

Կարծում եմ, որ մենք, ճիշտ հակառակը, այլեւս չենք առաջնորդվում այսպես կոչված շերեփային դիվանագիտությամբ՝ կրկնելով պատմության սխալները։ Վերջին շրջանում մեր արտաքին քաղաքականության ու պաշտպանության ռազմավարությունը, ճիշտ հակառակը, վերջ է դնում շերեփային դիվանագիտությանը՝ ներկայանալով նախահարձակ ու ուժային դիրքերից։ Մեզ անհրաժեշտ է լինել անհամեմատ հավակնոտ մեր ազգային ու պետական շահերում, տարածաշրջանում ու միջազգային հարաբերություններում մեր հեղինակության ու կշռի հարցերում։ Մեզ անհրաժեշտ է այլեւս խոսել ուժի դիրքերից, ձգտել ստանալ առավելագույնը ցանկացած իրավիճակում։ Եվ հիշեցնեմ, որ մեր առավելապաշտական ռազմավարությունը բխում է միեւնույն առաքելությունից՝ երաշխավորել տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։

Լուսանկարը՝ Կ. Վերանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter