
«Արձակուրդի վերջանալուց հետո Արսեն Թորոսյանը վերադառնալու է բնականոն աշխատանքին». խոսնակ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Այս մասին իր ֆեյսբուք էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ արձագանքելով վերջին օրերին տարածված այն լուրերին, ըստ որոնց՝ Արսեն Թորոսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև վիճաբանություն է եղել, ինչից հետո որոշում է կայացվել, որ Թորոսյանը թողնելու է իր պաշտոնը:
«Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում:
Նախ սկսենք այնտեղից, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ կայուն,դեպքերը սկսել են փոքր-ինչ նվազել և իրավիճակը լիովին վերահսկելի է:
Նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով և կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից: Հավելեմ նաև, որ նա գտնվելու է Հայաստանում:
Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդի վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին»,- գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանին օգոստոստի 31-ից մինչև սեպտեմբերի 18-ը արձակուրդ է տրամադրվել:
Մեկնաբանել