Ռայնիսի փողոցի բնակելի շենքի փլուզումից տուժած բնակիչներին օժանդանկություն տրամադրելու ծրագրեր են քննարկվում
Երևանի քաղաքապետարանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում գտնվող բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից տուժած բնակիչներին օժանդանկություն տրամադրելու ծրագրեր է քննարկում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ի առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում տեղի ունեցավ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում գտնվող 4-հարկանի շենքում։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
«Քաղաքապետարանը պայթյունից տուժած բնակիչներին օժանդակություն տալու է։ Սակայն օժանդակության ձևերի և բովանդակության վերաբերյալ ավելի մանրամասն ուսումնասիրություն կարվի։ Հետաքննությունից և մաքրման աշխատանքներից հետո կգնահատվի նաև շենքի սեյսմիկ անվտանգությունը։ Այնուհետ մասնագետները եզրակացություն կտան՝ քանի բնակարան հնարավոր կլինի վերականգնել և վնասի, կարիքի գնահատման արդյունքում նոր որոշում կկայացվի»,- այս մասին «Հետքին» հայտնեց Երեւանի քաղաքապեետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Քաղաքապետարանը տուժած բնակիչներին երեկ տեղափոխել է Երևանի հյուրանոցներից մեկը՝ ժամանակավոր կացարան տրամադրելով։ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ նրանք հյուրանոցում կարող են մնալ մինչ իրենց բնակարանների բարեկարգումը կամ կացության այլ վայրի տրամադրումը։ Իսկ այն բնակիչները, ովքեր կցանկանան բնակարան վարձակալել, քաղաքապետարանը կփոխհատուցի նրանց վարձը։
Մեկնաբանել