
ԱԱԾ–ում քննվող քրեական գործով արգելանք չի դրվել Աղբյուր Սերոբի փողոցի մանկապարտեզի վրա․ գույքն օտարվել և ապամոնտաժվել է
Ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում արգելանք չի դրվել Աղբյուր Սերոբի 18 հասցեի ապամոնտաժված մանկապարտեզի շենքի վրա։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը։
«Հետք»-ը 2019 թ․-ին հրապարակել էր «Առնվազն 29 մանկապարտեզ է փակվել Արաբկիրում, Նոր Նորքում, Ավանում և Քանաքեռ-Զեյթունում» վերտառությամբ հետաքննություն, որում ներկայացրել էինք Ժամացույցի գործարանին պատկանող մանկապարտեզի մասնավորեցման պատմությունը։ Երևանի Աղբյուր Սերոբի փողոց 18 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը, մի քանի սեփականատեր փոխելով, այն դարձել էր Ռուզաննա Ասուլյանի սեփականությունը: Վերջինս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանից 15 հա անտառային տարածք էր գնել: Երևանի մանկապարտեզների վերաբերյալ մեր հրապարակումներով քրեական գործ էր հարուցվել եւ քննվում է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում։
ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք քրեական գործի շրջանակում ուսումնասիրվե՞լ կամ ուսումնասիրվո՞ւմ է Աղբյուր Սերոբի 18 հասցեի մանկապարտեզի օտարման գործարքի օրինականությունը։ Եթե ուսումնասիրվում է, արդյոք արգելանք երբևէ դրված եղե՞լ է գույքի վրա։ Եվ եթե արգելանք է դրված, ինչպե՞ս է այն ապամոնտաժվում։ Ուսումնասիրության արդյունքում ի՞նչ է պարզվել։
ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանն իր պատասխանում նշել է, որ քրեական գործի շրջանակում դեռևս իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն։ «Ձեր կողմից մատնանշված շինության վրա արգելանք չի դրվել՝ հաշվի առնելով, որ քրեադատավարական օրենսդրությունը գույքի վրա կալանք դնելու հարկադրանքի միջոցի կիրառման համար նախատեսում է որոշակի պայմաններ, որպիսիք սույն դեպքում առկա չեն եղել։ Պարզված հանգամանքներին հնարավոր կլինեի անդրադառնալ ուսումնասիրության ավարտից հետո»,- հայտնել է Արթուր Գևորգյանը։
Աղբյուր Սերոբի 18 հասցեի անշարժ գույքի վրա արգելանք չլինելու պայմաններում դրա սեփականատեր Ռուզաննա Ասուլյանը Երևանի քաղաքապետարան է դիմել և 2019 թ․-ի դեկտեմբերին ստացել է 2 ստորգետնյա և 10 վերգետնյա բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախագծման թույլտվություն։ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի մարտի 3-ին Ռուզաննա Ասուլյանը վաճառել է մանկապարտեզի շենքը Էդուարդ Ժորայի Սուքիասյանին և Ագնեսա Հակոբի Մանուկյանին։
Առուվաճառքից հետո Ռուզաննա Ասուլյանի անունով քաղաքապետ Հայկ Մարությանը տվել է քանդման թույլտվություն։ 788 քմ մակերեսով երկհարկանի շինությունը քանդելու համար տրվել է 6 ամիս ժամանակ։
Մանկապարտեզի շենքի նոր սեփականատերերն իրենց հերթին են դիմել քաղաքապետարան և 2020 թվականի մայիսի 20-ին ստացել են նույն հարկայնությամբ շենքի նախագծման թույլտվություն։ Իսկ օգոստոսի 10-ին Սուքիասյանին և Մանուկյանին Երևանի քաղաքապետի կողմից տրվել է շինթույլտվություն։
Մինչ ԱԱԾ-ում մանկապարտեզի շենքի մասնավորեցման գործարքների օրինականությունն է պարզվում՝ կառուցապատողները հողին են հավասարեցրել շենքը։
Մեկնաբանել