Դատարանում ցուցմունք տվեցին Բարսեղ Բեգլարյանի նախկին վարորդը, «Արարատ» բանկի մասնաճյուղերից մեկի նախկին կառավարիչն ու «Ֆլեշ» ընկերության հաշվապահը
«Ֆլեշի Բարսեղ» անունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեցին «Ֆլեշ» ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալ Արմեն Վրթանեսյանը, Բարսեղ Բեգլարյանի նախկին վարորդ Գոռ Ստեփանյանը ու Բեգլարյաններին պատկանող «Արարատ» բանկի Բաղրամյանի մասնաճյուղի նախկին կառավարիչ Արթուր Մաղաքյանը։
Հիշեցնենք, որ դատարանում քննվող քրեական գործը վերաբերում է «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունում 2015 թվականին հայտնաբերված չարաշահումներից հետո ընկերության կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանի նկատմամբ ենթադրյալ ճնշումներ և բռնություն գործադրելու դեպքին։ Դատարանում քննվող քրեական գործով Բարսեղ Բեգլարյանն ու «Ֆլեշ Մոտորս»-ի «Քանաքեռ» բազայի տնօրեն Հրայր Հովսեփյանը մեղադրվում են ինքնիրավչություն կատարելու մեջ։
Արման Մկրտումյանի պնդմամբ՝ Հրայր Հովսեփյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել Բարսեղ Բեգլարյանի ցուցումով և նրա ներկայությամբ: Հրայր Հովսեփյանը հարվածել է իր ուսերին, գցել է գետնին։ Մկրտումյանը հայտնել է նաև, որ ճնշումների հետևանքով ինքը բնակարանը գրավադրել է «Արարատ» բանկում, որը պատկանում է Բարսեղյաններին, և դրանցից հետո գումար չի ստացել:
Դատարանում ցուցմունք տված Արմեն Վրթանեսյանը հայտնեց, որ ճանաչում է ամբաստանյալներ Բարսեղ Բեգլարյանին, Հրայր Հովսեփյանին և փաստաբան Նիկոլայ Հակոբյանին, նշեց, որ Բարսեղ Բեգլարյանի հետ առօրյայում չի առնչվում, Հրայր Հովսեփյանի հետ աշխատանքային հարաբերություններ ունի, իսկ գործով տուժող Արման Մկրտումյանին չի ճանաչում։
Վրթանեսյանը զբաղվել է միայն «Ֆլեշ» ընկերության հաշվապահական գործերով, «Ֆլեշ Մոտորս»-ի հաշվապահության հետ, որտեղ չարաշահումներ են հայտնաբերվել, առնչություն չունի։
Վկան նշեց, որ Բարսեղ Բեգլարյանը երբևէ իրեն «Ֆլեշ Մոտորս» ընկերության հետ կապված որևէ հանձնարարություն չի տվել և առհասարակ, Բարսեղ Բեգլարյանին ճանաչելով՝ կարող է ասել, որ նա երբևէ ուղիղ հանձնավորություն չի տվել որևէ աշխատողի։
Տուժող Արման Մկրտումյանը հարցրեց, թե այս պահին ով է Վրթանեսյանի գործատուն, ինչին ի պատասխան վկան նախ նշեց՝ գլխավոր հաշվապահը, ապա՝ Բարսեղ Բեգլարյանը, ապա տվեց «Ֆլեշ» ընկերության նախկին տնօրենի անունը։ Ի վերջո, հստակեցնելով պատախանը՝ վկան ասաց, որ այս պահին իր գործատուն Բարսեղ Բեգլարյանի որդին է՝ Սանասար Բեգլարյանը։
Տուժող Արման Մկրտումյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Արմեն Վրթանեսյանը, Բարսեղ Բեգլարյանից ցուցում ստանալով՝ Մկրտումյանի հետ ուղևորվել է «Արարատ» բանկի Բաղրամյանի մասնաճյուղ՝ Մկրտումյանի բնակարանի գրավադրման դիմաց գումարը ստանալու, սակայն ճանապարհից զանգ է ստացել, որից հետո ուղևորվել են բանկի գլխամաս։ Այստեղ, ըստ տուժողի ցուցմունքի, Արմեն Վրթանեսյանը գանձապահից վերցրել է 20 հազար դոլար գումար՝ վերադարձել են «Ֆլեշ Մոտորս» ընկերություն ու գումարը տվել հաշվապահություն։
Արմեն Վրթանեսյանը հերքեց այս հանգամանքը, ի պատասխան դատախազ Աբգար Առաքելյանի հարցի՝ նշեց, որ երբևէ «Ֆլեշ Մոտորս» ընկերությունում չի եղել։ Հարցին, թե այդ դեպքում որտեղի՞ց է տուժող Արման Մկրտումյանն իրեն ճանաչում, նշեց, թե ինքը երկար ժամանակ է աշխատել «Ֆլեշ» ընկերությունում, իրեն շատ մարդիկ կարող են ճանաչել։
Գործով մյուս վկան՝ Արթուր Մաղաքյանը նախկինում եղել է «Արարատ» բանկի Բաղրամյանի մասնաճյուղի կառավարիչը։ Հիշեցնենք, որ, ըստ գործի նյութերի՝ Արման Մկրտումյանի բնակարանն այս մասնաճյուղում է գրավադրվել։
Մաղաքյանը նշեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է Բարսեղ Բեգլարյանին։ Անդրադառանլով այն գործին, որի շրջանակներում հրավիրվել է հարցաքննության՝ ասաց, որ հիշում է, որ վարկ է տրամադրել՝ ուշ, բայց աշխատանքային ժամի, որ վարկի տրամադրման պահին որևէ խնդրահարույց հարց չի եղել, այդ պատճառով իր մեջ մանրամասները չեն տպավորվել։
Վկան տևական ժամանակ պատասխանում էր դատախազի հարցերին, թե բանկը ինչ պայմաններով է սովորաբար վարկ տրամադրում, ինչ տեսակի վարկեր, երբ է բանկը վարկի տրամադրման ընդհանուր պրակտիկայից շեղվում, որ հաճախորդների դեպքում, որոնց նպատակն, ըստ էության ցույց տալն էր, որ Արման Մկրտումյանի բնակարանի գրավադրման պայմանները տարբերվել են ընդհանուր պրակտիկայից։ Ի պատասխան այս հարցերի ՝ Մաղաքյանը նշում էր, որ բանկի վարչության որոշմամբ, կախված հաճախորդից, բանկի համար նրա կարևորությունից, վարկի տրամադրման պայմանները կարող էին փոխվել։
Ի պատախան դատավոր Դավիթ Հարությունյանի հարցի, վկան նշեց որ բացի ոսկու գրավադրման վարկերից մյուս վարկերի տրամադրման հետ կապված որոշումները կայացվել են «Արարատ» բանկի գլխամասային գրասենյակի կողմից, և եթե անգամ վարկի տրամադրման ընդհանուր կանոններից շեղում չի եղել, միևնույն է, գլխամասն է եղել որոշում կայացնողը։
Դատարանում հարցաքննված վերջին վկան Գոռ Ստեփանյանն էր, ով եղել է Բարսեղ Բեգլարյանի վարորդը։ Դատարանին հայտնեց, որ ճանաչում է և՛ ամբաստանյալներին, և՛ տուժողին։
Ստեփանյանը ևս դատարանում քննվող գործի բուն հանգամանքների՝ մասնավորապես՝ Արման Մկրտումյանին ենթադրյալ հարվածելու, նրա բնակարանը հարկադրաբար գրավադրելու վերաբերյալ մանրամասներ չհայտնեց, ասաց, որ ինքը սպասարկել է Բարսեղ Բեգլարյանին, իսկ Արման Մկրտումյանի հետ անչվել է, երբ անհրաժեշտություն է առաջացել պահեստամասերի, «Ֆլեշ մոտորսում» զեղչեր լինելու, մեքենա սարքելու և նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ տեղեկություն ստանալ։
Դատախազ Աբգար Առաքելյանը Ստեփանյանին հարցեր ուղղեց նաև վերջինիս աշխատանքային ժամերի վերաբերյալ, ճշտեց, թե արդյոք միշտ նույն ժամի՞ն է տնից վերցրել Բեգլարյանին։ Գոռ Համբարձումյանի աշխատանքային ժամերի և պարտականությունների վերաբերյալ մի քանի այլ հարցերից հետո դատավոր Դավիթ Հարությունյանն, ով մինչ այդ հորդորել էր ըստ էության, գործին առնչվող հարցեր տալ, որոշեց հանել դատախազի հարցերը։
Դատավորը դիտարկեց, որ վերը նշված վկաները պաշտպանական կողմի միջնորդությամբ են հրավիրվել դատարան, բայց պաշտպանության կողմը նրանց գրեթե հարցեր չի տալիս, փոխարենը հարցեր է տալիս դատախազն, ում համար այս վկաների նախաքննական ցուցմունքներն այնքան ոչ էական են եղել, որ անգամ նրանց դատակոչի ցուցակում չի ներառել։
Դատավորը Համբարձումյանին հարցրեց՝ եղե՞լ է դեպք, որ նա զանգահարի Արման Մկրտումյանին ու հեռախոսը փոխանցի Բարսեղ Բեգլարյանին, ինչին ի պատասխան Համբարձումյանն ասաց, որ նման դեպք չի եղել, ինքը նման բան չի հիշում։ Նշենք, որ Արման Մկտրումյանը պնդում է, որ Բարսեղ Բեգլարյանն իրեն վարորդի հետախոսից զանգահարել է «Ֆլեշ Մոտորսում» հայտնաբերված չարաշահումներից հետո։
Այսօրվա դատական նիստն ավարտվեց, իսկ հաջորդը նշանակվեց սեպտեմբերի 17-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել