HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կրթության փորձագետ Արտաշես Թորոսյանը վստահեցնում է՝ ռիսկային խմբի աշակերտները կստանան լիարժեք կրթություն

Օգոստոսի 21-ին պարետատունը հաստատեց Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը։ Դպրոցներում սեպտեմբերի 14-15-ից դասերը կսկսվեն, և աշակերտներն ու դպրոցի աշխատակազմը պետք է հետևեն այս ուղեցույցի դրույթներին։

ԿԳՄՍՆ ներկայացրել է նաև այն հիվանդությունների ցանկը, որի դեպքում աշակերտը չի հաճախելու դպրոց, վերջինիս կրթությունն իրականացվելու է հեռավար եղանակով կամ տնային ուսուցմամբ։

Հիվանդությունների ցանկը սահմանել է առողջապահության նախարարությունը։

Այդ հիվանդություններն են.

  • արյան բարձր ճնշում
  • շաքարային դիաբետ,
  • սրտի հիվանդություն,
  • սրտի կամ գլխուղեղի կաթված (ինսուլտ),
  • քրոնիկ շնչառական հիվանդություն,
  • քաղցկեղ։

Օգոստոսի 26-ին կայացած ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ ռիսկային խմբում գտնվող աշակերտների կրթությանը, նշեց, որ դասապրոցեսն իրականացնելու է նախարարությունը, այսինքն` սա հավելյալ բեռ չի լինելու ուսուցիչների վրա։ Նախարարությունը հավաքագրում է ռիսկային խմբում գտնվող աշակերտների տվյալները։

Սակայն այս որոշումն անհանգստության պատճառ է դարձել ծնողների համար, քանի որ երեխաների դասարանցիները կիմանան նրանց հիվանդությունների մասին, ինչպես նաև  ռիսկային խմբում գտնվող աշակերտներին կդասավանդեն անծանոթ ուսուցիչներ։ Բացի այդ, երեխաները նաև կլինեն մեկուսացված և չեն կարողանա շփվել համադասարանցիների հետ։

«Հետքի» հետ զրույցում ԿԳՄՍՆ հանրակրության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը հայտնեց, որ ռիսկային խմբում գտնվող երեխաների տվյալները հասանելի են լինելու միայն դպրոցի տնօրինությանը, այսինքն` երեխայի անձնական կյանքի և առողջության գաղտնիության իրավունքը չի խախտվելու։

Վերոնշյալ հիվանդություների վերաբերյալ նշեց, որ դրանց մասին դպրոցում տեղյակ են, հիմնականում դասարանցիների 80-90 %-ը գիտի իր դասընկերոջ այս կամ այն հիվանդության մասին։ «Դասարանում, որպես կանոն, հարգանքով են վերաբերվում այս երեխաներին, մենք ենք մեծերով իրավիճակը սրում։ Ծնողների անհանգստությունը, իհարկե, ընդունում եմ, բայց նրանց պետք է բացատրվի, որ տվյալները չեն հրապարակվելու։ Սա պարզապես ներքին ինֆորմացիա է», - նշեց փորձագետը։

Նրա պնդմամբ, ինֆորմացիան պետք է հավաքագրվի նաև չարաշահումներից խուսափելու համար։

Մասնագետն անդրադարձավ այն հարցին, որ ռիսկային խմբում գտնվող աշակերտները բախվելու են դասարանցիներից հեռու մնալու, չփշվելու խնդիրին. «Նրանք ցանկանալու են դպրոց հաճախել, հանդիպել համադասարանցիներին, քանի որ կարոտել են իրենց դպրոցը, ուսուցիչներին, իհարկե որոշ ժամանակ հետո կարոտը կփոխվի, բայց իրենք ձանձրանում են տանը», - նշեց Արտաշես Թորոսյանը։

Թորոսյանը վստահեցնում է, որ ռիսկային խմբում գտնվող երեխաների հետ աշխատելու են վերապատրաստված ուսուցիչներ, որոնք հեռավար ուսուցում իրականացնալու հմտություններ են ձեռք բերել։ «Շատ արագ իրենք կընկերանան, մենք մեծական վախերը տեղափոխում ենք աշակերտական դաշտ, բայց երեխաները շատ արագ են մերվում։ Մենք մի հատ խնդիր ունենք՝ կրթության ապահովում, կարիք ունենք գրագետ երեխաներ մեծացնելու և կրթական ցենզը մեր երկրում բարձրացնելու, բայց մենք շռայլ պետություն չունենք, մենք պետք է մեջք մեջի կանգնենք, արհեստական պրոբլեմներ չհնարենք, այլ եղածը միասին կարգավորենք։ Էդ ժամանակ շատ հեշտ կլինի։ Հիմա ամեն ինչ քննարկվում է, և սրանով կարողանում ենք խուսափել սխալներից։ Մենք պարզապես պետք է իրար օգնենք», - խոսքը եզրափակեց Արտաշես Թորոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter