
Կորոնավիրուսի ժամանակ սննդամթերքի վաճառքը ԵԱՏՄ-ում 9.2%-ով աճել է
ԵԱՏՄ փոխադարձ առևտուրը 2020թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,5%-ով՝ հասնելով 4,1 մլրդ ԱՄՆ դոլարի։ Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ աճը մեծապես տեղի է ունեցել սննդամթերքի, մասնավորապես՝ սոյայի առևտրի շնորհիվ. դրա վաճառքն աճել է 8,4 անգամ։ ԵԱՏՄ տարածքում սննդամթերքի առևտուրն ընդհանուր առմամբ աճել է 9.2%-ով։
Առհասարակ, կորոնավիրուսի համավարակի ժամանակ վաճառքի աճիլավագույն դինամիկան գրանցվել է հենց պարենային ապրանքների ոլորտում. դրանց վաճառքն ավելացել է 17,2%-ով, գումարային առումով՝ 11,4 մլրդ ԱՄՆ դոլարով։ Այդ ապրանքների ցանկում են շաքարը, որի վաճառքն ավելացել է 26,2%-ով (կամ 12 անգամ), պանիրն ու կաթնաշոռը (վաճառքն աճել է 10,2%-ով), միսը, թռչնի ենթամթերքը (աճել է 2,7 անգամ), արևածաղիկը ( աճել է 2 անգամ), արևածաղկի ձեթը (աճել է 42,3%-ով) և ցորենը ( աճել է 9,3%-ով)։
Հայաստանը սոյա չի արտահանում, հիմնականում ներկրում է, այն էլ՝ ոչ շատ մեծ ծավալներով։ 2020թ առաջին կիսամյակում սոյա ևս չի արտահանել, միայն ներկրել է։ Օրինակ` 2020 թ. հունվար-մայիս ժամակահատվածում Հայաստանը ներկրել է 73,26 տոննա սոյայի պտուղներ, ընդհանուր՝ 35 330 ԱՄՆ դոլար արժողությամբ։ Դա 2,4 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներկրվածը։ Մասնավորապես, 2019թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստան է ներկրվել 30 տոննա սոյայի պտուղ՝ 18 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։
Ինչ վերաբերում է, օրինակ, շաքարի առևտրին, ապա 2020թ. հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստանն արտահանել է 23,2 տոննա շաքար, ընդհանուր՝ 16 430 ԱՄՆ դոլարի։ Համեմատության համար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանից շաքար չի արտահանվել։
Ի տարբերություն 2019թ. հունվար-հունիս ամիսների, 2020թ. նույն ժամանակահատվածում Հայաստան 6 500 տոննայով քիչ շաքարավազ է ներկրվել։ Մասնավորապես, 2019թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստան է ներկրվել 27 718 տոննա շաքար, ընդհանուր՝ 9 մլն 677 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։
Այս տարի՝ 2020թ. հունվար-հունիս ամիսներին ներկրվել է 21 257 հազար տոննա շաքար՝ 6 մլն 977 հազար ԱՄՆ դոլարի։
Ոչ պարենային գյուղատնտեսական ապրանքների վաճառքն աճել է 13%-ով
Բացի վերը նշված պարենային ապրանքների վաճառքից, ԵԱՏՄ-ում աճել է նաև ոչ պարենային արտադրանքի վաճառքը. ոչ պարենային գյուղմթերքի վաճառքը մեծացել է 13 %-ով՝ հասնելով 0,32 մլրդ ԱՄՆ դոլարի։
Մասնավորապես, փայտանյութի և թղթե ապրանքների վաճառքն աճել է 4,5%-ով, քիմիական արդյունաբերությունը՝ 3.8 %-ով, ապակու, կերամիկայի և քարե արտադրանքի վաճառքը՝ 1,7%-ով: Ոչ հումքային, ոչ էներգետիկ ապրանքների վաճառքը, ընդհանուր առմամբ, մնացել է գրեթե անփոփոխ՝ նվազելով 0.4%-ով:
Փայտանյութ, ապակի կամ քարե արտադրանք Հայաստանից թե’ 2019թ., թե’ 2020թ. առաջին կիսամյակներում գրեթե չի արտահանվել։ 2020թ. առաջին կիսամյակում 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 11,3%-ով աճել է միայն հանքահումքի արտահանումը. Ամենից շատ արտահանվել է Ռուսաստան՝ 174 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։
Դրամական առումով հունվար-հունիս ամիսներին Միության անդամ երկրներում ոչ հումքային, ոչ էներգետիկ ապրանքների փոխադարձ առևտուրը նվազել է 7%-ով՝ կազմելով 18.2 միլիարդ ԱՄՆ դոլար: Սակայն դրա մասնաբաժինը նմանատիպ ապրանքների առևտրի ընդհանուր համակարգում աճել է՝ 25,4%-ից հասնելով 25,8%-ի։
Ոչ հումքային, ոչ էներգետիկ ապրանքների վաճառքի տեսակարար կշիռը ևս աճել է. օրինակ՝ 2019թ. առաջին կիսամյակի համեմատ, 2020 թ. նույն ժամանակահատվածում այն աճել է 4,3%-ով՝ 68,4%-ից դառնալով 74.1%։
Ինչ վերաբերում է այդ ապրանքների արտահանմանը ԵԱՏՄ տարածքից երրորդ երկրներ, ապա այդ ցուցանիշը 2020թ. առաջին կիսամյակում նվազել է 9 %-ով՝ կազմելով 52,2 մլրդ ԱՄՆ դոլար։ Միևնույն ժամանակ այդ արտադրատեսակի արտահանման տեսակարար կշիռն ընդհանուր արտահանման ցուցանիշներով աճել է 4%-ով՝ նախորդ տարվա 25,4%-ից հասնելով 29,4%-ի։ Արտահանման ֆիզիկական ծավալները 0,2% -ով նվազել են։
Ոչ պարենային գյուղատնտեսական ապրանքների վաճառքի դինամիկան ևս աճել է 9,1 %-ով՝ 620 մլն ԱՄՆ դոլարով։
Մեկնաբանել