HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մուստաֆա Ադիբը նշանակվել է Լիբանանի վարչապետ

Լիբանանի կառավարության նոր ղեկավար է նշանակվել Մուստաֆա Ադիբը, որը մինչ այդ զբաղեցնում էր Գերմանիայում Լիբանանի դեսպանի պաշտոնը։ Այդ մասին օգոստոսի 31-ին հայտարարել է Լիբանանի նախագահի մամուլի ծառայությունը։ Նշանակման առթիվ ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ Ադիբը հայտարարել է, որ Լիբանանում անհրաժեշտ է ռեկորդային ժամկետներում ձևավորել կառավարություն և անմիջապես ձեռնամուխ լինել բարեփոխումների իրականացմանը։ Բացի այդ նա խոստացել է ջանք չխնայել, որ երկիրը ստանա միջազգային ֆինանսական օգնություն։

Մուստաֆա Ադիբի մասին քիչ բան է հայտնի։ Հասան Դիաբը, որը ժամանակավորապես իրականացնում էր Լիբանանի վարչապետի պարտականությունները, Բեյրութում տեղի ունեցած պայթյուններից հետո հրաժարական էր տվել, որի արդյունքում մահացել է ավելի քան 180 մարդ։ «Ֆրանսպրես» գործակալությունը նշել է, որ Բեյրութի կեսն ավերած պայթյուններն էլ ավելի են խորացրել երկրում առկա քաղաքական և տնտեսական ճգնաժամը։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ աղետի տնտեսական հետևանքները գնահատվում են 6,7-8,1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Համաշխարհային բանկը նաև նշել է, որ Լիբանանի վերականգնման համար շտապ անհրաժեշտ է 605-760 միլիոն դոլար։ Այս ֆոնին Ադիբը հայտարարել է, որ Լիբանանի վարչապետի պաշտոնում իր առաջին քայլը կլինի Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունները, որով Լիբանանն ակնկալում է ֆինանսական օգնություն։ 

Ադիբը 2013 թվականից զբաղեցնում էր Գերմանիայում Լիբանանի դեսպանի պաշտոնը։ Համարվում է նախկին վարչապետ Նաջիբ Միկատի վստահված անձը։ Լիբանանում պետական ղեկավար պաշտոնները ավանդաբար բաշխվում են կրոնական խմբերի միջև։ Այսպես, երկրի նախագահը մինչ այժմ եղել է քրիստոնյա, կառավարության ղեկավարը՝ սուննի մուսուլման, իսկ խորհրդարանի խոսնակը՝ շիա մուսուլման։

Բեյրութում տեղի ունեցած պայթյուններից հետո երկրում սկսվել էր բողոքի ալիք, որն ավելի ուշ վերածվել էր զանգվածային անկարգությունների։ Ցուցարարները, մասնավորապես, իշխող կոալիցիային մեղադրել են նրանում, որ կոռուպցիան և կառավարություն ոչ կոմպետենտ լինելը դարձել են Բեյրութի աղետի պատճառներից մեկը։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter