Հարուցվել է քրեական գործ՝ «Պռոշյանի գինու գործարան» ՍՊԸ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ 2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մասնաճյուղում գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն:
Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Հավելենք, որ ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր՝ տուժածները տեղափոխվել են Երևան:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք աշխատակիցներ:
Քրեական գործով վորոնշյալ գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող:
Նշանակվել են դատաբժշկակական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել