HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սոցապին մատակարարվել են տարեցների բնակության համար ոչ պիտանի տներ. հարուցվել է քրեական գործ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում «Հետք»-ի՝ «Սոցապը 6 ամիս առաջ «հրատապ» կարգով տարեցների համար տներ է գնել, սակայն դրանք մինչ օրս բնակեցված չեն» հոդվածի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել: Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, ուսումնասիրությամբ ձեռք են բերվել առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ: Ուսումնասիրություն իրականացնող վարչությունում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Դատախազության փոխանցմամբ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պահանջվել և ստացվել են փոքր տների ձեռքբերման նպատակով կատարված գնման գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «հրատապ մեկ անձ» ռեժիմով փոքր տներ ձեռք բերելու նպատակով, Կառավարության կողմից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է գումար՝ յուրաքանչյուր տան ձեռքբերման նախահաշվային գինը սահմանելով 27 միլիոն դրամ։ Այդ նպատակով նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով սահմանվել է պատասխանատու ստորաբաժանում և ձևավորվել գնահատող հանձնաժողով։

Հայտարարված գնման ընթացակարգով փոքր տների մատակարարման համար հայտ ներկայացրած ընկերությունը («Լեքսհաբ» ՍՊԸ) գնահատող հանձնաժողովի կողմից ճանաչվել է հաղթող՝ Ակնաշեն և Մրգաստան համայնքներում գտնվող երկու տուն մատակարարելու համար՝ համապատասխանաբար 26 մլն 950 հազար և 26 միլիոն 730 հազար դրամ գնային առաջարկներով։

Գրել էինք, որ «Լեքսհաբ» ՍՊԸ-ն հիմնադրել է Մառլեն Սմբատյանը 2014 թվականին: Վերջինս իրավաբան է, մասնակցել է նաև դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինները արտահերթ համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր քննությանը: 2019թ. մարտի 19-ին ընկերության 100% բաժնեմասի սեփականատեր է դարձել Պավել Թադևոսյանը: Նա նաև ընկերության տնօրենն է: Պավել Թադևոսյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի որդին է:

Նախարարության և ընկերության միջև 2019թ. կնքված՝ անշարժ գույքի մատակարարման պայմանագրով ընկերությունը պարտավորվել է նախարարությանը մատակարարել փոքր տները, որոնք պետք է ունենան առնվազն երկու սանհանգույց և պետք է պիտանի լինեն բնակության համար։ Նախարարության ներկայացուցիչը տվել է պայմանագրի կատարման արդյունքի վերաբերյալ առանց ամսաթվի թվագրման դրական եզրակացություն, անհամապատասխանությունների մասին գրառումներ չեն կատարվել, և պայմանագրով նախատեսված գումարն ամբողջությամբ վճարվել է ընկերությանը։

Դատախազությունից նաև տեղեկացնում են, որ նախարարության ներկայացուցչի և ընկերության տնօրենի միջև կնքվել է հանձնման-ընդունման ակտ, որով, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ պայմանագրի շրջանակներում ընկերությունը նախարարությանն է հանձնել երկու առանձնատուն, որոնք պիտանի են բնակության համար և ունեն երկու սանհանգույց։ Մինչդեռ, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ ձեռք բերված տներից մեկի տանիքն ու բնակելի հատվածն ունեն վերանորոգման կարիք, իսկ մյուսն ունի խիստ վերանորոգման կարիք՝ պատուհանները հին են ու փայտից, տեղ-տեղ բացակայում են դրանց ապակիները, փոխարենը փակցված են պոլիէթիլենային տոպրակներ, տանիքը վնասված է, առաջին հարկը անխնամ տեսք ունի, խոնավությունից թափված է պատերի, առաստաղի ծեփը, վնասված է հատակը, պատշգամբը և առաջին հարկից բարձրացող աստիճանները չունեն նորմալ բազրիքներ, առաջին հարկում թեև կան սանհանգույցի համար նախատեսված տեղեր, սակայն միայն դատարկ պատեր են, ներսում վիճակը բարվոք չէ։

«Լրատվամիջոցի հրապարակման մեջ առկա և նախարարության կողմից տրամադրված տեղեկությունների համադրությունը վկայում է, որ փոքր տները չեն համապատասխանում  պայմանագրով սահմանված չափորոշիչներին, մինչդեռ այդ պայմաններում կազմվել է առանց ամսաթվի թվագրման կեղծ եզրակացություն, որում մտցվել են մատակարարված ապրանքները չափորոշիչներին համապատասխանելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի հիման վրա դրանք ընդունվել են։ Արդյունքում կազմվել է պայմանագրի արդյունքը գնորդին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ կեղծ ակտ, որով արձանագրվել է ընկերության կողմից պայմանագրով նախատեսված չափորոշիչներին բավարարող երկու առանձնատան հանձնում-ընդունումը»,- տեղեկացնում են դատախազությունից:

Դատախազությունում եզրակացրել են, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքի կատարմամբ ձեռք են բերվել չափորոշիչներին չհամապատասխանող ապրանքներ, որոնց դիմաց անհիմն վճարվել է 53 մլն 680 հազար դրամ, իսկ «հրատապ մեկ անձ» կարգով ձեռք բերված առանձնատները կացարանի ու խնամքի կարիք ունեցող տարեցներով բնակեցված չեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter