
Հայկական համարանիշերը, ռուս վարորդներն ու մաքսային խառնաշփոթը
Ռուսաստանում հայկական պետհամարանիշերով վարորդներն արդեն մի քանի ամիս է՝ փաստի առաջ են կանգնել: Նրանցից պահանջում են կրկնակի մաքսազերծել մեքենաները՝ վճարելով ներմուծման ժամանակ հայկական ազգային դրույքաչափերի և ԵԱՏՄ միասնական դրույքաչափերի տարբերությունը: Սա ենթադրում է մի քանի հազար դոլարների լրացուցիչ վճարներ: Վարորդների բարձրացրած բողոքներից հետո Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունները ներկայում քննարկում են այս խնդիրը:
Ռուսաստանի քաղաքացի Իվան Նիկոլաևը 2019 թվականին Հայաստանից ավտոմեքենա է գնել և այն տեղափոխել Ռուսաստան՝ անձնական օգտագործման համար: Մեքենան ձեռք բերելուց հետո այն հաշվառման է կանգնեցրել Հայաստանի ոստիկանությունում, և չփոխելով հայկական պետհամարանիշերը՝ վերադարձել է Ռուսաստան:
Թե՜ մինչև մեքենան գնելը, թե՜ գնելուց հետո Իվանը մի քանի անգամ դիմել է Ռուսաստանին իրավապահներին՝ պարզելու արդյոք իրավունք ու՞նի մեքենան վարել հայկական պետհամարանիշերով: Եվ ամեն անգամ, ինչպես պատմում է նա, նույն պատասխանն է ստացել՝ ԵԱՏՄ մեկ երկրից մեկ այլ երկիր մեքենա տեղափոխելիս լրացուցիրչ մաքսային ձևակերպումների կամ համարանիշերը փոխելու պահանջ չկա:
Սակայն, գրեթե մեկ տարի անց՝ այս տարվա հունիսից, Իվանին ու ևս 300 հազար ռուսաստանցու, որոնք ևս ավտոմեքենա են գնել Հայաստանից, ռուս իրավապահները տեղեկացրել են, որ հարկավոր է կրկնակի մաքսազերծել մեքենաները: Պահանջվում է վերագրանցել ու հաշվառել ԵԱՏՄ անդամ երկրներից տարված մեքենաները։ Սա ենթադրում է, որ Հայաստանից Ռուսաստան մեքենա ներկրած քաղաքացիները պետք մաքսատուրքեր վճարեն:
«Մեզնից շատերն ինքներս ենք Հայաստանից գնված մեքենաներով գնացել Ռուսաստան: Մեքենաները գնել ենք մեր ընտանիքների համար: Մարդիկ սեփականության իրավունքը ձևակերպել են հիմնականում Հայաստանի ճանապարհային ոստիկանությունում: Բայց ոմանք էլ հանդես են եկել որպես վստահված անձինք»,- «Հետքի» հետ զրույցում պատմում է Իվանը Նիկոլաևը:
Հայաստանում գտնվող մեքենաների նկատմամբ ռուս վարորդների հետաքրքրությունը մեծացել է դեռևս 2016 թվականից, սակայն 2019 թվականին այն հասավ իր գագաթնակետին, երբ լրանում էր Հայաստանի՝ ավտոմեքենաների մաքսազերծման արտոնյալ դրույքաչափերի ժամկետը: Մինչև 2020 թվականը Հայաստանը ավտոմեքենաների ներմուծման ազգային մաքսատուրքերից էր օգտվում, որոնք շատ ավելի ցածր էին, քան ԵԱՏՄ-ի միասնական մաքսատուրքերն են:
Արդեն 2020-ից Հայաստանում ևս մաքսատուրքերը հավասարվել են ԵԱՏՄ ընդհանուր դրույքաչափերին: Իսկ մինչև այդ Հայաստան մեքենա ներմուծելը անհամեմատ ավելի շահավետ էր, որն էլ նախորդ տարի ներմուծման բումի պատճառն էր: Այդ շահավետ մաքսատուրքերից փորձել են օգտվել նաև ռուսաստանցի վարորդները. նրանք եկել ու Հայաստանից ավտոմեքենաներ են տարել: Մի մասը մեքենաները իրենց անունով գրանցելու համար ժամանակավոր գրանցում է ստացել Հայաստանում: ԵԱՏՄ-ի ներսում ավտոմեքենաների տեղափոխումն ազատ է եղել և որևէ մաքսատուրք չի պահանջվել Հայաստանից Ռուսաստան այս ավտոմեքենաները «կանաչ միջանցքով» տեղափոխելիս: Սակայն, այս տարվա երկրորդ կեսից հետո Ռուսաստանի իրավապահները հայտարարում են, որ ռուսաստանցիները Հայաստանի արտոնյալ մաքսատուրքերից օգտվելու իրավունք չունեին:
Պաշտոնական տվյալներ չկան այն մասին, թե 2019 թվականին և դրանից առաջ քանի հայկական համարանիշերով մեքենաներ են Հայաստանից Ռուսաստան տեղափոխվել, քանի որ դա չի համարվում արտաքին առևտուր և Մաքսային ծառայության բազաներում չի ամրագրվում:
Սակայն, Ռուսաստանում հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների սեփականատերերի կազմած միության (Многонациональное сообщество российских владельцев автомобилей на армянском учёте) հաշվարկներով՝ վերջին երեք-չորս տարիներին այդ եղանակով Հայաստանից Ռուսաստան է տեղափոխվել 300 հազար ավտոմեքենա: Ոմանք հենց իրենք են մաքսազերծել Հայաստանում ավտոմեքենաներն ու դրանցով Ռուսաստան տեղափոխվել, ոմանք՝ արդեն մաքսազերծված մեքենաներ են գնել հայաստանցիներից: Ի դեպ, այս ավտոմեքենաների կազմում հիմնականում Ճապոնիայից ու ԱՄՆ-ից բերված մեքենաներ են եղել:
Հայկական պետհամանիշները, խախտումներն ու ռուս իրավապահները
Ռուսաստանում հայկական համարանիշերով ավտոմեքենաները և նրանց վարորդները հայտնվել են Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության ուշադրության կենտրոնում, երբ ավելացել են նրանց մասնակցությամբ իրավախախտումները: Խախտումների մեծ մասն արձանագրվում են տեսախցիկներով, սակայն կազմված տուգանքի ակտերը հասցեատերերն չեն ունենում, քանի որ նշված հայական համարանիշերը գրանցված չեն ռուսական բազաներում:
Ռուսական «Իզվեստիա» թերթի ստացած տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում միայն Մոսկվայում օտարեկրյա համարներով (հայկական, ուկրաինական, մոլդովական և այլն) ավտոմեքենաների մասնակացությամբ խախտումների գրեթե 2 մլն դեպք է գրանցվել, սակայն դրանցից միայն 30 հազարի դեպքով է հնարավոր եղել արձանագրություն կազմել:
Այս խնդիրը լուծելու համար ռուս իրավապահները որոշել են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներին պարտադրել վճարել հայկական մաքսատուրքերի և ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերի դրույքաչափերի տարբերությունները: Դա թույլ կտա ավտոմեքենաների համարանիշերը փոխել և «որսալ» օրինախախտ վարորդներին: Ռուս իրավապահները պնդում են, որ հայկական համարանիշերով ավտոմեքենաներ Ռուսաստանում կարող են ժամանակավորապես վարել միայն Հայաստանում մշտապես բնակվողները, իսկ մնացածի համար այդ մեքենաները համարվում են արտասահմանյան ապրանք: Հետևաբար, նրանք պետք է այդ ավտոմեքնենարը կրկնակի մաքսազերծեն:
Սակայն, հայկական համարանիշերով մեքենաների վարորդներն էլ պնդում են, որ մինչև Հայաստանից ավտոմեքենա տեղափոխելը, բազմաթիվ հարցումներ են արել ռուսական մաքսային ծառայություններին ու ճանապարհային ոստիկանությանը, որտեղից միաձայն պատասխանել են, որ նրանք կարող են Հայաստանից մեքենայով հասնել Ռուսաստան ու այդ մեքենաները հայկական պետհամարանիշներով անարգել վարել:
Եվ այս տարվա հուլիսից հանկարծակի պարզվել է, որ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները պետք է մաքսազերծել նաև Ռուսաստանում, այսինքն՝ վճարել հայկական դրույքաչափերի ու ԵԱՏՄ դրույքաչափերի տարբերությունը: Այդ տարբերությունը, ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում պնդում են միության անդամեները, երբեմն ավելի մեծ գումար է կազմում, քան ավտոմեքենայի վաճառքի գինն է:
Հայկական համարանիշերով մեքենաների ռուս վարորդներին զգուշացրել են, որ եթե այդ տարբերությունը չվճարեն, ապա իրավապահները նրանցից կվերցնեն մեքենաները օրենքի շրջանակներում և աճուրդում վաճառքի կներկայացնեն:
«Սակայն, այսօր գործնականում մեզանից ոչ ոք չի կարող այդքան գումար վճարել, ինչը նշանակում է, որ ստիպված ենք լինելու հրաժարվել մեր մեքենաներից»,- նշում է մեր զրուցակից Իվան Նիկոլաևը:
Խառը օրենքներ, հակասական դրույթներ
Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների տեղափոխման ու մաքսազերծման գործընթացը կարգավորվում է մի քանի փաստաթղթերով, որոնց որոշ դրույթներ հակասում են իրար: Հենց այդ հակասություններից էլ ծնվել է այս ամբողջ խառնաշփոթը:
Խոսքը վերաբերում է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրին ու Մաքսային օրենսգրքին: Առաջինը սահմանում է, որ արտոնյալ մաքսատուրքերով Հայաստան ներմուծված մեքենաները ԵԱՏՄ այլ երկրներ կարող են տեղափոխվել ու օգտագործվել Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիների կողմից: Ռուս իրավապահները հենց այս դրույթն են մատնացույց անում, երբ հայկական համարանիշերով վարորդներին պահանջում են վճարել հայաստանյան և ԵԱՏՄ միասնական մաքսատուրքրերի տարբերությունները:
Մինչդեռ Մաքսային օրենսգրքով՝ թույլատրվում է ԵԱՏՄ-ում մաքսազերծվող ավտոմեքենաները առանց հայտարարագրելու, տեղափոխել միության անդամ այլ երկրներ:
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը «Հետքի» հարցման պատասխանում, հիմք ընդունելով վերևում գտնվող կարգավորումները՝ հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության միասնական դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով ներմուծված և Հայաստանում գրանցված անձնական օգտագործման ավտոմքենաները կարող են ԵԱՏՄ այլ անդամ պետություններ ներմուծվել առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և Հայաստանում մշտապես բնակվող անձանց կողմից:
Այսինքն՝ այստեղ արդեն իսկ հակասությունը տեսանելի է՝ ինչպե՞ս են մաքսային ծառայությունները թույլ տվել, որ Ռուսաստանի քաղաքացիները անարգել, առանց մաքսային ու հարկային վճարներ կատարելու հայկական համարանիշերով ավտոմեքենաներ տեղափոխեն Ռուսաստան, եթե օրենքով ամրագրված է, որ դրա իրավունքն ունեն միայն Հայաստանում մշտապես բնակվողները: Մյուս կողմից էլ՝ ինչպե՞ս է ռուսական մաքսատունը թույլ տվել, որ այդ մեքենաներն իր տարածք մտնեն։
ՊԵԿ-ից հետաքրքրվել էինք, թե Հայաստանի մաքսային ծառայություններն ու ոստիկանությունը հայկական համարանիշերով մեքենաները օտարերկրյա քաղաքացիների անունով գրանցելիս վերջիններիս զգուշացրե՞լ են, որ հետագայում իրենց հայրենիքում մեքենաները պետք է կրկնակի մաքսազերծվեն:
«Բոլոր այն դեպքերում, երբ ներմուծված անձնական օգտագործման ավտոմքենաները ԵԱՏՄ անդամ երկրներ տեղափոխելու նպատակով հանվել են ՀՀ հաշվառումից, Հայաստանի մաքսային մարմինները կատարել են բոլոր անհրաժեշտ գործառույթները, այդ թվում ՝ վճարների տարբերությունների գանձման ուղղությամբ: Իսկ այն դեպքում, երբ ավտոմեքենաները ԵԱՏՄ անդամ երկրներ են տեղափոխվել առանց ՀՀ հաշվառումից հանելու կամ գտնվելու մտադրության մասին ՀՀ մաքսային մարմիններին չի տեղեկացվել, ենթակա են գրավոր հայտարարգրման»,- նշել է Շուշանիկ Ներսիսյանը:
Այսպիսով, ՊԵԿ-ի պատասխանից ևս ենթադրվում է, որ Ռուսաստանում հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերն այժմ պարտավոր են վճարել ներմուծման հայաստանյան ազգային ու ԵԱՏՄ միասնական դրույքաչափերի տարբերությունները: Սակայն, մյուս կողմից էլ՝ հասկանալի չէ, թե այդ դեպքում ինչպես են մեքենաները անարգել հայտնվել Ռուսաստանում:
Հարված՝ ավտոներկրողներին
Այս իրավիճակը էական հարված է նաև հայ ավտոներկրողների համար: Ավտոներկրող Գեղամ Ղարիբյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ մինչև Հայաստանի՝ ԵԱՏՄ ընդհանուր մաքսային դրույքաչափերին անցնելը, մեծ քանակությամբ մեքենաներ է ներկրել արտասահմանից՝ հուսալով, որ դրանց հիմնական մասը գնելու են ղազախ ու ռուս հաճախորդները: Սակայն, իրավիճակը կտրուկ փոխվել է, և ներկրված մեքենաների զգալի մասը մնացել է երկրում:
«Մեզ ոչ ոք չի ասել, որ նման խնդրի առաջ ենք կանգնելու, որ տվյալ երկրներում այդ ավտոմեքենաները լրացուցիչ մաքսազերծելու կարիք է լինելու: Եթե մեզ դա ասած լինեին, մենք ոչ թե հազարավոր մեքենաներ կբերեինք, այլ՝ այնքան, որքան կկարողանայինք վաճառել ներքին շուկայում»,- ասում է Գեղամ Ղարիբյանը:
Ըստ Հայաստանի մաքսային ծառայության՝ 2019 թվականին ընդհանուր առմամբ Հայաստան է ներկրվել 208.5 հազար հատ մարդատար ավտոմեքենա, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է մոտ 560 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ներմուծվել է 65.1 հազար հատ ավտոմեքենա՝ 235 մլն դոլարի:
Այսպիսով, ներմուծվող մեքենաների քանակն աճել է 3.2 անգամ, մինչդեռ դրանց ընդհանուր արժեքն ավելի փոքր տեմպով է աճել՝ 2.4 անգամ: Սա նշանակում է, որ ներկրված մեկ մեքենայի միջին արժեքը նվազել է: Այսինքն՝ ներկրման բումի ժամանակ ավտոներկրողներն ավելի էժան մեքենաներ են ձեռք բերել ու տեղափոխել Հայաստան:
Ղազախական փորձը
Նախորդ տարի նկարագրված խնդրի առաջ էին կանգնել նաև Հայաստանից ավտոմեքենա տեղափոխած ղախաստանցիները: Նրանցից ևս պահանջվում էր կրկնակի մաքսազերծել Հայաստանից գնված ավտոմեքենաները: Ղազախստանի կառավարությունը ևս պնդում էր, որ Հայաստանի համար սահմանված արտոնությունից կարող էին օգտվել միայն հայաստանցիները:
Այդ ժամանակ, երկու երկրներին ղեկավարությունները կարողացան ընդհանուր հայտարարագրի գալ՝ թույլ տալով ներմուծված ավտոմեքենաների վարորդներին օգտագործել այդ մեքենաները՝ առանց կրկնակի մաքսազերծման: Սահմանվեցին նաև որոշ բացառություններ: Օրինակ՝ սեփականատարերը, բացի Հայաստանից, ուրիշ այլ երկրում այդ մեքենաները վաճառելու իրավունք չունեն: Իսկ եթե որոշում են վաճառել մեկ այլ երկրում, ապա պետք է վերագրանցեն և լրացուցիչ հարկեր վճարեն:
Թե ինչ լուծումներ են այս անգամ քննարկում Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները, առաժմ հայտնի չէ: Միայն, ինչպես «Հետքին» հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ներկայում Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունների հետ քննարկումներ են ընթանում, որոնք վերաբերում են ավտոմեքենաների՝ մաքսային ձևակերպումների, դրանց կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի քաղաքացիների կողմից Հայաստանի մաքսային մարմիններին ուղղված հարցումների ընթացակարգերի պարզեցմանը:
Մեկնաբանություններ (21)
Մեկնաբանել