HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

9 երեխաների մայր․ «Չեմ թողնում էրեխեքս վիզները ծռեն կամ ուրիշից հետ մնան»

Հովոն մեզ ուղեկցում է գլխավոր փողոց։ Ճանապարհը ավազոտ է, քարուքանդ։ Շենքի անկյունում մի քանի վայրկյան կանգնում ենք, զրուցում։ Գյումրեցի 12-ամյա տղան ընտանիքի 9 երեխաներից ավագն է։ Երբ դեռ փոքր էր, հայրը նրան ու եղբորը՝ Գոռին, սարեր էր տանում՝ անասուններ պահելու։ Գյուղի 100 գլուխ անասուններին երկու եղբայրներն էին պահում։ Արեւի ճառագայթներն ընկնում են Հովոյի դեմքի պեպեններին՝ ընդգծելով աչքերում թաքնված տխրությունը։ Հայացքը թեքում է ինձնից, երբ խոսում է սարերում անցկացրած կյանքի մասին։ Ասում է՝ դասերից շատ էին բացակայում, բայց ստիպված էին գնալ սարեր։ Դա հոր կամքն էր, որը հաճախ հարբած քնած էր լինում, եւ տղաները պետք է հսկեին նախիրը։ Հովոն ասում է՝ երկու եղբայրներով էլ շատ էին ուզում դպրոց գնալ, բայց ընտրության հնարավորություն չունեին։ Դպրոց գնացող իրենց հասակակիցներին երբեմն երանությամբ էին նայում։

-Էս սեպտեմբերին գնալու եք դպրոց, չէ՞,- հարցնում եմ՝ զրույցի մռայլությունը ցրելու համար։

-Հա, 7 էրեխեքով նոր դպրոց ենք գնալու,- թեթեւ ժպիտ է հայտնվում դեմքին։

Երբ դպրոցն ավարտի, շինարար է դառնալու։ Ասում է՝ երկու հարկից տուն է կառուցելու եւ իր բոլոր քույր-եղբայրներին սենյակ հատկացնի, իսկ ամենամեծ սենյակը նվիրելու է ծնողներին։

Մինչեւ Գյումրու հրապարակում երգուպար ու եռուզեռ էր քաղաքի տոնի առթիվ, Ղանդիլյան փողոցում կեսօրվա տապից լռություն էր տարածվել։ Մարդկային շարժ գրեթե չկար, բացի կրպակի ստվերում նարդի խաղացող մի քանի տղամարդկանցից, որոնց ձայնը, կարծես, փաթաթվում էր մեքենաներից բարձրացող փոշու մեջ եւ կորում։

Երկհարկանի վթարային շենքի բակ ենք հասնում։ Աստիճանների տակ լվացքի պարանն է՝ հագուստը ըստ գույնի եւ չափի անխախտ դասավորությամբ է փռված։ Տան մուտքի մոտ մեզ դիմավորում է 9 երեխաների մայրը՝ Աիդան։ Մինչ մի քանի բառ կփոխանակեինք, երեխաները շատանում են նրա շուրջ՝ մեկը մյուսից պայծառ աչքերով։ Նրանք շուտով Աիդային օղակում են։ Երեխաները մաքուր ու կոկիկ են հագնված, եւ աստիճանաբար նրանց քննախույզ հայացքը փոխարինվում է ժպիտի։

-Դուք որտեղի՞ց եք,- Աիդայենց հարեւանուհին է ընդհատում մեր նոր սկսած զրույցը, ապա շարունակում,- գիտեք, էս տանը 9 երեխա կապրի, բայց մի ծպտուն չեք լսի։ Շատ խելացի ու դաստիարակված երեխաներ են։

9 երեխաների մայրը մեզ հրավիրում է ներս։ Նախասրահում երեխաներն արագ տեղավորվում են ով ոնց կարողանա՝ Հովհաննեսը, Գոռը, Մերին, Ալբերտը, Գրիգորը, Սամվելը, Մարիամը, Անգելինան եւ Նարեկը։ Նրանցից ավագը 12-ամյա Հովհաննեսն է, կրտսերը՝ 3-ամյա Նարեկը։

Տունն այնքան մաքուր է, որ եթե փորձեք նույնիսկ հացի փշրանք գտնել գետնին, դժվար թե հաջողվի։ Խաղալիքներն՝ իրենց տեղում, հագուստը՝ միջանցքի կախիչներից կախված։

-Ո՞նց եք հասցնում տունն այսքան մաքուր պահել 9 երեխաների հետ,- հարցնում եմ Աիդային, երբ նստում ենք բազմոցին։

-Դե, ես կաշխատիմ շուտ ոտի ելնեմ։ Ուզեմ-չուզեմ, գիշերվա կեսն էլ էղնի, պիտի հասցնեմ։ Գիտեք, չունենալը մաքրության հետ կապ չունի։ Մարդ կա՝ կըսե, չունիմ, էրեխեքս կեղտոտ են։ Որ նպաստը ստանամ, առաջինը հիգիենայիս պարագաները կառնեմ, որովհետեւ ըտիկ իմ էրեխեքին շատ անհրաժեշտ է,- ասում է 9 երեխաների մայրը։

Աիդա Գասպարյանը 32 տարեկան է։ 2007 թվականին է ամուսնացել է։ Ամուսինը քրոջ ամուսնու ընկերն էր, եւ քրոջ տանն էլ առաջին անգամ տեսել էր նրան։ Ընկերություն չեն արել, Աիդային նա փախցրել է։  Ամուսնության առաջին 4 տարին խաղաղ է անցել։ Ամուսինը հոգատար էր, ուշադիր, իսկ հետո, Աիդան ասում է, սկսեց խմել, հարբել։ «Հովիկս ու Գոռիկս դպրոց կէրթային։ Մեկին արաղի կղրկեր, որ դաշտ տաներ։ Էրեխեքը դպրոցի շորերով իրեն պարտադիր պիտի արաղ տանեին, եթե չտանեին, ինքն էրեխեքիս կծեծեր՝ ինձ էլ հետը։ Հովիկիս հազարից մեկ դասի կտանեի, դպրոցի տնօրենն ինձի կանչում էր, ես էլ արդեն ի վիճակի չէի, կըսեի, թե ընչի հըմար էրեխեն դպրոց չի էրթա»,- նշում է Ադիան։

-Իսկ ի՞նչ էիք պատասխանում, ինչի՞ դպրոց չէին գնում,- հարցնում եմ նրան։ Մեր այս զրույցին երեխաները ներկա չէին, խաղում էին բակում։

-Էրեխին հետը կտաներ անասուն պահելու։ Օր խմեր, կքներ, մեկը պիտի էղներ, որ մալը պահեր,- պատասխանում է 32-ամյա մայրը։

Աիդան ասում է, որ եթե հարեւանները չգային-չգնային, ամուսինը կարող էր ծեծելով սպանել իրեն։ Մի անգամ ոստիկանություն էլ են կանչել։

«Իր մաման կուգար մեր տուն, կըսեր՝ ընչի՞ պտի էրթաս չոբանություն ընես, բերես էս լագոտներին պահես, էրեխեքիս հետ էր, ինքն էլ կըսեր՝ հա, մերս ճիշտ կըսե»,- նշում է Աիդան։ Շարունակական վեճերի, հայհոյանքների պատճառով, ըստ նրա, հարեւանները բողոքեցին եւ ամուսնուն դուրս արեցին գյուղից։ Մինչ օրս այդ հարևանների հետ Աիդան լավ հարաբերություններ ունի։

-Որ ապտակեր, էլի կտանեի, կներեի, բայց ինքը իմ էրեխեքի մոտ մազերիցս կբռներ, կհայհոյեր, քացով կզարկեր, աչք-ունք կկապտեր։ Ես ոչ կկարողանայի ժողով էրթայի, ոչ տնից դուրս կարայի էրթայի։ Իրա քուրն էլ է ինձի խփել, մերն էլ է խփել, բայց ձեն չեմ հանել, տանող եմ եղել, հանդուրժող եմ եղել։ Շատ եմ փոշմանում, որ էդքան բան եմ տարել։ Տարիներս, որ ըսպես կորցրել եմ։ Մի անգամ էլ թաք ոտի վրա ձյան մեջն է կանգնեցրել։ Խմած էր, ես պիտի պահանջները կատարեի։ Անգելինայով հղի էի,- պատմում է Աիդան։

-Իսկ ինչի՞ էիք էդքան տարի լռում, 9 երեխա ունեցաք ու դեռ տանում էիք էդ ծեծուջարդը,- կրկին հարցնում եմ նրան։

-Դե, եսիմ, միշտ ամոթի կուտայի, ամչըցել եմ, մամաս ու պապաս էլ, որ էդ վիճակին էի, չէի ուզել, որ իմանային։ Ամեն անգամ իրենք իմանալուց․․․ Երկու հատ սկորի կուգար մորս դուռը։ Շատ ժամանակ ախպորս կըսեի, կուգար, կնեղընար վրեն, կէրթար, բայց էլի հնար չկար։ Նարեկի ծնվելուց հետո ինքն ահավոր դառավ, ահավոր․․․ Ոչ հիվանդանոց տարավ ինձ։ Իմ հարեւաններն են ինձ հիվանդանոց տարել, էրեխեքիս ճաշն իրենք էին սարքել, պահել, որ հիվանդանոցից տուն եմ եկել,- վերհիշում է 32-ամյա կինը։

Կրտսեր որդու ծնվելուց հետո Աիդան ամուսնալուծվել է։ Հիմա նրա կողքին Սեւակն է, ով, ըստ Աիդայի, հայրություն է անում իր 9 երեխաներին։ Ասում է՝ ինքը հիմա երջանիկ է, մոռացել է այն դժվարին օրերը։

Սկզբից Սեւակի ծնողները դեմ էին նրանց ամուսնությանը, Աիդան ասում է՝ դե, 9 երեխա ո՞ր մեկը կհամաձայներ պահել, իսկ Սեւակն ամեն ինչ անում է իր երեխաների համար, ինչպես իրական հայրը կաներ։ «Իմ էրեխեքը Սեւակին պապա են ասում»,- նկատում է Աիդան։

Հիմա Սեւակի ծնողները ոչ միայն ընդունում, այլեւ հարազատ աղջկա պես են վարվում Աիդայի հետ։ Նրանք բնակվում են Ռուսաստանում, որտեղից երբեմն գումարով են օգնում, երեխաներին հագուստ են ուղարկում։

Մեր այցելության օրը Սեւակը տանը չէր։ Դաշտերում կարտոֆիլ էր հավաքում օրական 3 հազար դրամով։ Ընտանիքի հիմնական կայուն եկամուտը ամսական 85 հազար դրամ նպաստն է։

Աիդայի 11-հոգանոց ընտանիքն այժմ բնակվում է Գյումրու Ղանդիլյան փողոցի վթարային շենքի առաջին հարկում։ Ամսական վարձը 30 հազար դրամ է։ Տնից տուն են տեղափոխվում՝ սեփական տան սպասումով։ 9 երեխաների հանգամանքը դժվարացնում է վարձով տուն գտնելը։ 32-ամյա մայրն ասում է, թե հենց իմանում են, որ 9 երեխայի հետ են մնալու, հրաժարվում են տրամադրել տունը։

Նախքան այս տունը ընտանիքը հայտնվել էր փողոցում, քանի որ նախկին տանտերը վաճառել էր իր տունը, իրենք էլ նոր տուն չէին գտնում։

Այս նոր տուն տեղափոխվել են երկու ամիս առաջ։ Գույքի մեծ մասը տանտիրոջն է, այդ թվում՝ հեռուստացույցը, որը շուտով տանելու է, եւ Աիդայի ասելով՝ երեխաներն առանց հեռուստացույցի են մնալու։

Գազօջախին դրված տոլմայի հոտը տարածվում է ամբողջ տնով։ Աիդան զրույցի ընթացքում ստուգում է՝ եփված է, թե ոչ։ Ասում է՝ էրեխեքը տոլմա էին ուզում, ինքն էլ ամուսնու երեկվա վաստակած գումարով միս առավ։ Բայց երեխաներն էլ քչով բավարարվող են։

«Հետները կնստիմ հեքիաթ կկարդամ, կխաղամ, իրանց հետ մուլտիկ կնայիմ, եթե հարմարցրի, գործերս շուտ պրծա, կտանեմ այգի։ Չեմ թողնում էրեխեքս վիզները ծռեն կամ ուրիշից հետ մնան»,- ասում է 9 երեխաների մայրը։

Սեպտեմբերի 15-ին 7 երեխաները պատրաստվում են դպրոց գնալ, բայց դեռ ոչինչ չունեն՝ դպրոցական հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ են անհրաժեշտ։

Երեխաները բակից ներս են գալիս, դարձյալ տեղավորվում նույն ձեւով։ Նրանցից ամեն մեկն իր երազանքն ունի։ Գոռն ասում է, թե մի քանի օրից սուսերամարտի մրցման է մասնակցելու։ Մերին լուռ լսում է, հետո ասում, որ ինքն էլ վարսավիր է դառնալու։ Փոքր քույրերի մազերն է հարդարում, տան կենցաղային գործերում էլ օգնում է մորը։

9 երեխաների մայրն ասում է, թե միայն տանիք ունենան, ամեն ինչ կստեղծեն։ Համաձայն են նաեւ գյուղում ապրել, փոքր տնտեսություն կստեղծեն, ավելի լավ կապրեն, քան քաղաքում։ «Կթել էլ գիտեմ,- ասում է Աիդան,- հղի ժամանակ կով կկթեի, 11 կով կկթեի, հասկացա, որ էրեխեքիս չի կարող պահել, ստիպված կով կկթեի, որ գոնե էրեխեքի դասագրքերի փողը հանեի։ Ամսական 60 հազար կստանայի»։

32-ամյա կնոջ ասելով՝ հիմա ամեն ինչ հաղթահարել է եւ փառք է տալիս Աստծուն, որ երեխաներն առողջ են։ «Ես ինձի էնքան երջանիկ կզգամ, որ էրեխեքս հանգիստ կքնին, ո՛չ մոտները հայհոյանք տվող կա, ո՛չ ծեծող կա։ Ըսպես որ կնստիմ դիվանի վրեն, մտքերով կընկնիմ, կմտածիմ էրեխեքիս համար, տան համար, երկրորդ ամուսինս ասում է՝ ի՞նչ է եղել, ի՞նչ ես մտածում, ինչի՞ կարիք ունիս։ Էլի՞ կհիշես, էլի՞ կնեղվես։ Չի թողնում, որ տխրեմ»,- ավելացնում է Աիդան։

Մեկնաբանություններ (2)

Զառա
Խնդրում եմ երեխաների տարիքը նշել ըստ սեռի և երեխաների մայրիկի համարը գրել։
George
How can we help her?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter