HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Էստոնիայի նկատմամբ

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Հանրապետական մարզադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ՝ տանելով իր առաջին հաղթանակը լիգայի ընթացիկ խաղարկությունում:

Հանդիպման առաջին խաղակեսը, մեծ հաշվով, անցավ անհետաքրքիր պայքարում։ Թիմերի գրոհներից և ոչ մեկը վտանգավոր պահերով չէին ավարտվում։ Այնուամենայնիվ, խաղակեսի վերջում մեր հավաքականի ֆուտբոլիստները կարողացան կոտրել էստոնացիների դիմադրությունը։ Կազմակերպված գրոհը 43-րդ րոպեին գեղեցիկ հարվածով եզրափակեց Ալեքսանդր Կարապետյանը, և թիմերը գնացին ընդմիջման։

Երկրորդ խաղակեսն անցավ Խոակին Կապառոսի սաների զգալի խաղային առավելությամբ։ Բազմաթիվ գրոհներից մեկը վերջապես ավարտվեց գոլով։ 65-րդ րոպեին հավաքականում իր նորամուտը նշող Վահան Բիչախչյանի հարվածից հետո  դարպասապահը հետ մղեց գնդակը, որն այնուհետև հայտնվեց Ալեքսանդր Կարապետյանի մոտ, վերջինս հետ փոխանցում կատարեց հավաքականում երկրորդ խաղն անցկացնող Վբեյմար Անգուլոյին, որն էլ հեռվից կատարած փայլուն հարվածով կրկնապատկեց Հայաստանի ազգային ընտրանու առավելությունը։

Խաղի մնացած ժամանակահատվածում ևս մեր հավաքականը գոլային պահեր ունեցավ, սակայն թե՛ Վահան Բիչախչյանի, թե՛ Տիգրան Բարսեղյանի հարվածները փոքր-ինչ շեղությամբ անցան ուղղահայաց դարպասաձողի կողքով։

Հայաստան-Էստոնիա խաղին զուգահեռ Թբիլիսիում ընթանում էր Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի մեկնարկային տուրում 1:2 հաշվով արտագնա պարտություն էր կրել Հս. Մակեդոնիայից:

Այսպիսով, կայացած երկու տուրերից հետո Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Վրաստանի և Հս. Մակեդոնիայի ընտրանիները: Հայաստանը 3 միավորով 3-րդն է, իսկ Էստոնիան կրած երկու պարտություններից հետո իր ակտիվում միավոր չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին՝ Երևանում ընդունելով Վրաստանի ընտրանուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter