Փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կալանքի տակ կմնա․ դատավոր Արտուշ Գաբրիելյանը արգելեց լրագրողների մուտքը նիստերի դահլիճ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր որոշեց դռնփակ քննել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գևորգ Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ հարցը։ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ քիչ առաջ դատարանը հրապարակել է որոշում՝ անփոփոխ թողնելով իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը և մերժելով նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ իրենց միջնորդությունը։
Գևորգ Լոեցյանը, հիշեցնենք, մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու մեջ։ Փոխնախարար Լոռեցյանին սպասարկող վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը մեղադրվում է Լոռեցյանին օժանդակելու, իսկ Հրաչիկ Քանանյանը՝ կաշառք տալու մեջ։
Կաշառքի վերաբերյալ քրեական գործով, որով անցնում են Լոռեցյանը, ԿԳՄՍ նախարարության վարորդ Էդուարդ Հովհաննիսյանն ու քաղաքացի Հրաչիկ Քանանյանը, նախաքննությունն ավարտվել է, բուն գործն արդեն դատարանում է, և դատավոր Արտուշ Գաբրիելյանն այն վարույթ է ընդունել։
Դատարանը գործը վարույթ ընդունելուց հետո այն դատաքննության նախապատրաստելիս պետք է անդրադառնա ամբաստանյալների խափանման միջոցի հարցին, այժմ քննության այդ փուլն է։ Նախկինում դատարանը ամբաստանյալների խափանման միջոցի հարցին անդրադարձել է միանձնյա, սակայն Սահմանդրական դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել, որ այս փուլում պետք է ապահովել կալանքի տակ գտնվող մեղադրյալի լսված լինելու իրավունքը, ուստի մեկ տարուց ավելի է, դատարաններն արդեն կալանքի տակ գտնվող մեղադրյալների խափանման միջոցի վերաբերյալ որոշումներ կայացնելիս այդ հարցերը քննում են նրանց մասնակցությամբ՝ դռնբաց։
Դատավոր Գաբրիելյանի կազմից, սակայն, դատական կարգադրիչներին հրահանգել էին Լոռեցյանի խափանման միջոցի հարցով նիստին թույլատրել միայն դատավարության կողմերի մասնակցությունը։ Լրագրողները զանգահարեցին դատարանի կազմ, որտեղից պնդեցին, թե կալանքի հարց է քննվելու, ուստի նիստը դռնփակ է։ Մեր դիտարկումներին ի պատախան, որ գործի քննության այս փուլում նիստերն արդեն դռնբաց են, աշխատակազմից արձագանքեցին՝ հիմա դու՞ք լավ գիտեք, թե՞ մենք։
Մեզ հետ զրուցում Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանն ասաց, որ դատական նիստի ընթացքում իրենք միջնորդել են դռնբաց անցկացնել նիստը, քանի որ գործով նախաքննությունն ավարտված է, դատախազը նույնպես դիրքորոշում է հայտնել, որ նիստը պետք է դռնբաց լինի, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է իրենց միջնորդությունը՝ նորից պնդելով, թե խափանման միջոցի հարց է քննվում։
Սահակյանը խնդրել է պարզաբանել՝ արդյոք դատաքննության ընթացքում ևս, երբ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություններ ներկայացվեն, նիստերը դռնփակ են լինելու։ Ի պատասխան՝ դատավոր Գաբրիելյանն ասել է, թե գործը դատաքննության նշանակելուց հետո արդեն այդ հարցը դռնբաց ռեժիմով կքննվի։
Նշենք, որ առաջին դեպքը չէ, երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը, առանց իրավական հիմնավորումների, սահմանափակում է լրագրողների աշխատանքը։ Նա հուլիսի 3-ին մեկ այլ դատական գործի քննության ժամանակ կորոնավիրուսի համավարակի պատրվակով արգելել էր լրագրողների մուտքը մի դահլիճ, որտեղ դատավարության և այլ մասնակիցների միջև ապակիներ են, իսկ մինչ այդ լրագրողներին արգելել էր ոչ միայն տեսանկարահանում և լուսանկարահանում, այլ նաև դատական նիստի ձայնագրություն իրականացնել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել