HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանը պնդում է, որ գլխավոր դատախազն ապօրինաբար է գործ հարուցել դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը համարում է, որ իր վերաբերյալ քրեական գործի նախաքննության ողջ ընթացքում խախտվել են իր իրավունքները։ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, կազմով՝ դատավորներ Անդրանիկ Մնացականյանի և Նարինե Հովակիմյանի, այսօր կայացավ Դավիթ Գրիգորյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի  նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ դատախազության  բողոքի քննությունը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Դավիթ Գրիգորյանի և նրան օժանդակելու մեջ մեղադրվող Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց վերաբերյալ քրեական գործը կարճելու որոշում է կայացրել հունիսի 5-ին՝ գործի նախապատրաստական փուլում, այսինքն՝ այս գործով դատաքննություն չի նշանակվել։

Վերաքննիչ դատարանում հուլիսի 16-ին կայացած դատական նիստի ընթացքում դատախազությունը ներկայացրել է իր բողոքը։ Այսօր բողոքի պատասխան ներկայացրեց պաշտպանական կողմը։

«Դատախազ պարոն Մարտիրոսյանն ասում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի անձեռնմխելիության երաշխիքներն ապահովված են եղել։ Ես ուզում եմ հռետորական հարց ուղղել՝ ո՞ր երաշխիքների մասին է խոսքը, պարո՛ն Մարտիրոսյանին։ Երևի նկատի ունեք այն, որ իմ աշխատասենյակում իմ անձնական համակարգիչն առգրավելիս թույլ չեն տվել, որ ես մասնակցեմ այդ գործողությանը, թե՞ այն, որ իմ պաշտպան Գեորգի Մելիքյանին չեն թույլատրել մասնակցել «խուզարկություն» քննչական գործողությանը»,- դատախազ Մարտիրոսյանին հարցրեց դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Վերջինս նաև ընդգծեց, որ պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իր աշխատասենյակից առգրավել են մեկ այլ քրեական գործի վերաբերյալ նյութեր ու կրիչներ։ Թեև դատավորը չմասնավորեցրեց, խոսքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող նյութերն առգրավելու մասին է։

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, ում ի  սկզբանե մակագրվել էր Ռոբերտ Քոչարյանի գործը։ Նա որոշել էր գործի վարույթը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։ Բացի այդ, դատավոր Գրիգորյանը նաև որոշել էր անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Քոչարյանին։

Այս որոշումներից երկու ամիս անց Դավիթ Գրիգորյանին պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Պաշտոնեական կեղծիքն, ըստ վարույթն իրականացնող մարմնի, այն է, որ Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննվող բողոքներից մեկով նիստ կայանալու մասին կեղծ արձանագրություն է կազմել։ Հատկանշական է, որ, այսպես ասած, «կայացած նիստում» քննարկվել է հարցը, որ կողմերը չեն ծանուցվել նիստի մասին, դատարանին հայտնի չեն նրանց չներկայանալու պատճառները և այդպիսով՝ նիստը հետաձգվել է։

Վերաքննիչ դատարանում բողոքը ներկայացնելիս դատախազ Արսեն Մարտիրոսյանն ասել է, որ դատական քննության նախապատրաստական փուլում քրեական գործով վարույթը կարճելու և մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելիս դատարանը խախտել է մրցակցության սկզբունքը՝ արդյունքում մեղադրող դատախազին զրկելով դատարանին ինքնաբացարկ հայտնելու հնարավորությունից, իսկ ինքնաբացարկի հիմք, Մարտիրոսյանի խոսքով, եղել է։ Դատախազ Մարտիրոսյանի խոսքով՝ դատախազությունը պաշտոնապես չի ծանուցվել, որ դատավոր Դավիթ Բալայանը Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը վարույթ է ընդունել, որպիսի պայմաններում չէր կարող նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։

Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն այսօրվա դատական նիստի ընթացքում նշեց, որ առնվազն մայիսի 23-ից դատախազությունը տեղյակ է եղել  դատավոր Բալայանի կողմից գործը վարույթ ընդունելու մասին։

Դատավորի  և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի պաշպանները գործի նախաքննության ավարտին միջնորդել են դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետպնդումը, քննիչը միջնորդությունը մերժել է, որի դեմ բողոք է ներկայացվել դատախազին, դատախազը նույնպես բողոքը մերժել է։

Երվանդ Վարոսյանը նշեց, որ երբ գործն արդեն վարույթ ընդունված է եղել, իրենք մայիսի 23-ին դատարանում ծանոթացել են նյութերի վերջին հատորին և պարզել, որ գործին կարված չէ դատախազի որոշումը։

Նույն օրը Երվանդ Վարոսյանը դիմում է հասցեագրել դատավոր Բալայանին և դատախազին՝ հայտնելով, որ դատախազի որոշումը կցված չէ գործին և դատախազից խնդրել է այն տրամադրել։ Այսինքն՝ առնվազն այդ պահին արդեն դատախազությունը տեղյակ է եղել, որ Գրիգորյանի վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին, և, ըստ պաշտպանների, դատախազությունը հնարավորություն է ունեցել դատավոր Բալայանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու, ինչը չի արել։

Դատախազ Արսեն Մարտիրոսյանն այս առնչությամբ դատարանում հայտնեց, թե իրենց հասցեագրված դիմումում դատավոր Դավիթ Բալայանի անվան առկայությունը դեռևս պաշտոնական ծանուցում չէ այն մասին, որ դատավորը վարույթ է ընդունել գործը։

Նշենք, որ օրենքը դատավորի վրա պարտականություն է դրել պաշտպանական կողմին տեղյակ պահել գործը վարույթ ընդունելու որոշման մասին, իսկ մեղադրող կողմին այս մասին տեղյակ պահելու պարտականություն դատարանը չունի։

Բողոքի պատասխանը ներկայացնելիս Երվանդ Վարոսյանը նշեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանին առնչվող քրեական գործ հարուցելու որոշումը եղել է ապօրինի՝ անկախ նրանից, որ այն կայացվել է գլխավոր դատախազի կողմից։ Ըստ Դավիթ Գրիգորյանի պաշտպաններ Վարոսյանի, Գեորգի Մելիքյանի, Գոռ Վարդանյանի պաշտպան Հունան Բաբայանի՝  քրեական գործը հարուցվել է առանց դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու՝ առանց ԲԴԽ-ի որոշման, որից հետո կայացված բոլոր որոշումները նույնպես ապօրինի են և չեն կարող քրեական գործով ապացուցողական նշանակություն ունենալ։

Պաշպաններից Երվանդ Վարոսյանը համոզմունք հայնեց, որ Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցածը պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի գործով ոչ իշխանահաճո որոշում կայացնելու հետ, որ դատավորի հետ կատարվողի նպատակը նրան պատժելն է։

Պաշպանները պնդեցին, որ դատավոր Բալայանը օրինական ու հիմնավորված որոշում է կայացրել, ուստի դատախազության բողոքը պետք է մերժվի, իսկ դատախազ Արսեն Մարտիրոսյանը շարունակեց պնդել, որ դատական ակտը ենթակա է բեկանման, գործը պետք է ուղարկվի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 1-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter