HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ յոթնյակը Ռուսաստանից ակնկալում է Նավալնու թունավորման ամբողջական հետաքննություն

Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատարը դատապարտել են ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումը։ Այդ մասին նշվում է այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների սեպտեմբերի 8-ին տարածած համատեղ հայտարարության մեջ։

«Գերմանիան մեծ յոթնյակի գործընկերներին տեղեկացրել է, որ գերմանացի բժիշկների և Բունդեսվերի մասնագիտացված լաբորատորիաների իրականացրած կլինիկական և թունաբանական հետազոտությունները պարզել են, որ պարոն Նավալնին դարձել է «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ միջոցի օգնությամբ հարձակման զոհ, որը մշակվել է Ռուսաստանում»,- նշվում է հայտարարության մեջ։

Նախարարները ռուսական իշխանություններին կոչ են արել արագ և ամբողջական կերպով պարզել, թե ով է կանգնած թունավորման հետևում։ Նրանք պաշտոնական Մոսկվային հիշեցրել են Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների մասին և կոչ արել մեղավորներին ենթարկել պատասխանատվության։ «Քիմիական զենքի ցանկացած կիրառում ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ, ով էլ որ լինի և ցանկացած պայմաններում անընդունելի է և հակասում է միջազգային նորմերին, որոնք արգելում են նման զենքի կիրառումը»,- նշվում է Մեծ յոթնյակի ԱԳՆ ղեկավարների հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ G7-ը ուշադրությամբ կհետևի միջազգային կոչերին ուղղված Ռուսաստանի արձագանքին։

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ին վատացել էր Տոմսկ-Մոսկվա ինքնաթիռում։ Նա հոսպիտալացվել էր Օմսկում, իսկ երկու օր անց տեղափոխվել Բեռլինի «Charite» կլինիկա։ Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Նավալնին Ռուսաստանում թունավորվել է «Նովիչոկ» խմբի թույնով։ Այդպիսի եզրահանգման գերմանացի բժիշկները եկել էին անալիզների արդյունքների հիման վրա, որն իրականացվել էր «Charite» կլինիկայի խնդրանքով:

Սեպտեմբերի 7-ին պարզ դարձավ, որ Ալեքսանդր Նավալնու առողջական վիճակը լավացել է, քաղաքական գործիչը դուրս է եկել արհեստական կոմայից։ Կլինիկայի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ Նավալնուն աստիճանաբար անջատում են թոքերի արհեստական շնչառության ապարատից։ Բժիշկների խոսքերով՝ դեռևս վաղ է գնահատել թունավորման երկարաժամկետ հետևանքները։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Նավալնուն անվանել է «հանցագործության զոհ» և Ռուսաստանից բացատրություններ պահանջել։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները սպառնացել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Կրեմլն էլ հայտարարել է, որ չի տեսնում որևէ հիմնավորում՝ Ռուսաստանին առաջադրված մեղադրանքների հիմքում։

Լուսանկարը՝ REUTERS/Shamil Zhumatov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter