Նավալնին գիտակցության է եկել և հիշել թունավորումից առաջ տեղի ունեցած իրադարձությունները
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին գիտակցության է եկել և հիշել բոլոր այն իրադարձությունները, որոնք նախորդել են թունավորման պատճառով ինքնաթիռի զուգարանում գիտակցության կորստին։ Այդ մասին հայտնում է The Insider-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Der Spiegel-ի տվյալներով՝ գերմանական Charite կլինիկայում, որտեղ գտնվում է Նավալնին, ուժեղացրել են հսկողությունը։ The Insider-ը նշում է, որ այնտեղ հայտարարել են վտանգի «կարմիր մակարդակ» այն բանից հետո, երբ վերականգնվել է քաղաքական գործչի հիշողությունը։
Նավալնու մոտ թույլատրել են այցելուների մուտքը։ Մինչ այդ նրան կարող էին այցելել միայն բժիշկները և Նավալնու կինը։ The Insider-ը գրում է, որ, բժիշկների կարծիքով, Նավալնին ֆիզիկապես միայն 90 %-ով կկարողանա վերականգնվել, իսկ հոգեկան ներաշխարհն արդեն ամբողջությամբ վերականգնվել է։
Սեպտեմբերի 7-ին Charite կլինիկան հայտարարել էր, որ Նավալնին դուրս է եկել արհեստական կոմայից և անջատել են թոքերի արհեստական շնչառության ապարատը։ Նրա առողջական վիճակը լավացել է։
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ին վատացել էր Տոմսկ-Մոսկվա ինքնաթիռում։ Նա հոսպիտալացվել էր Օմսկում, իսկ երկու օր անց տեղափոխվել Բեռլինի Charite կլինիկա։ Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Նավալնին Ռուսաստանում թունավորվել է «Նովիչոկ» խմբի թույնով։ Այդպիսի եզրահանգման գերմանացի բժիշկները եկել էին անալիզների արդյունքների հիման վրա, որն իրականացվել էր Charite կլինիկայի խնդրանքով:
Նախօրեին Die Zeit-ը գրել էր, որ թունավորման համար կիրառվել է «Նովիչոկ» խմբի նոր թույն, որը լցրել են բաժակի մեջ կամ ավելացրել թեյին։ Թերթի տվյալներով՝ թունավորման կազմակերպիչները հույս ունեին, որ Նավալնին կմահանա ինքնաթիռում։ Այն, որ նա կենդանի է մնացել, բժիշկները կապում են օդաչուի արտակարգ վայրէջք կատարելու որոշման և օդանավակայանում բժիշկների ցուցաբերած առաջին բուժօգնության հետ, որոնք քաղաքական գործչին ներարկել էին հակաթույն։
Լուսանկարը՝ Pavel Golovkin/AP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել