HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Մեր երեխաները արտոնյալ չեն». Նիկոլ Փաշինյանը՝ դիմակի կրման պահանջի մասին

Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի հերթական նիստը մեկնարկեց կորոնավիրուսի հետ կապված մի քանի հարցերի վերաբեյալ վարչապետի անդրադարձով:

«Վերջին 20 օրում, ըստ էության, ամենօրյա ռեժիմով ունենում ենք 200-ից պակաս դեպքեր: Սա, իհարկե, բարելավում է, բայց բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք՝ ակտիվ դեպքերի թիվն էականորեն նվազել է: Այս պահի դրությամբ 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք: Նաև շատ կարևոր է արձանագրել, որ ամենօրյա թեստերի թիվը աննախադեպ բարձր է, և հայտնաբերման դրական տոկոսը ցածր է, վերջին օրերին 5,6 %-ի շրջանում ենք, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ»,-ասացՆիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ այս բարելավվումը խախտելու առաջիկա ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է: Այս առումով կայացվել են որոշումներ, որոնք, հասկանալիորեն, միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից: Պատճառն այն է որ կա պահանջ, որ երեխաները դպրոցում պետք է դիմակ դնեն: 

Վարչապետն արձանագրեց, որ իրենք պարտադրված են անելու քայլեր, որպեսզի թույլ չտան վերադառնալ համաճարակային նոր ճգնաժամի.

«Կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են: Ուզում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային միջոցները, որոշումները, որ ընդունում ենք, առաջին հերթին մենք ենք կիրառում: Այն որոշումներըմ որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն  ուրիշների, այլև մեր երեխաներին՝ նույնպես, և մեր երեխաները ո՛չ դպրոցներում, ո՛չ մանկապարտեզներում, ո՛չ էլ որևէ այլ տեղ արտոնյալ չեն: Մոնիթորինգ կիրականացնենք, և համապատասխան անհրաժեշտ որոշումներ  կկայացնենք, որպեսզի մեր երեխաները հնարավորինս օր առաջ լիաթոք շնչեն»,- նշեց կառավարության ղեկավարը:

Հաջորդ խնդիրը՝ կապված կորոնավիրուսի հետ, այն է, որ համաճարակը էական սոցիալական և տնտեսական վնասներ է պատճառել, և ըստ վարչապետի՝ շատ կարևոր է գնահատել, թե ինչ աստիճանի են այդ վնասները: 

«Իհարկե, տնտեսական ցուցանիշների անկումները հրապարակվում են, հանրահայտ են: Այստեղ մենք միշտ ունենում ենք խնդիր՝ ունենալ ճշգրիտ ինդիկատորներ, թե ինչ սոցիալական  իրավիճակ է տիրում երկրում, և ինչքանով է այն սրվել: Ես կարծում եմ, որ հսկիչ դրմարկղային կտրոններով առևտրի շրջանառության մասին տվյալը կարող է այդ մասին վկայել, որովհետև խոսքը մարդկանց կողմից արվող առևտրի մասին է, որը կոնկրետ գումար է: 2020 թվականի օգոստոս ամսին 2019 թվականի օգոստոսի համեմատ ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 %-ով, այսինքն՝ առևտուրը բոլոր տեղերում: Այս թիվն ինքնին պետք է վկայի այն մասին, որ սոցիալական խնդիրներ կան, բայց դրանք եղել են նաև 2019 թվականին, մենք սոցիալական կոլապս և ճգնաժամ չունենք միանշանակ:

Մյուս կողմից այստեղ չեն զբոսաշրջիկները, որոնք ակնհայտորեն և տրամաբանորեն շատ ավելին են ծախսում, քան տեղացիները բոլոր պարագաներում: Բացի այդ՝ չեն աշխատում կինոթատրոնները, թատրոնները, թանգարանները, Երևանի հյուրանոցները ընդհանրապես դատարկ են»,- հայտնեց վարչապետ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանում տնտեսություն ամենատարբեր գործիքներով ներդրվել է 163.4 մլրդ դրամ: Այս միջոցառումների մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները: 2020 թվականի հուլիսին հանրապետությունում առկա է 613 062 վճարվող աշխատատեղ: 2019-ի համեմատ դա ավել է 6 597 աշխատատեղով կամ 1.1 %-ով:  Ընդ որում, աշխատավարձերի ֆոնդերը այս տարի 9 մլրդ 765 մլն դրամով ավել է կամ 8.3 %-ով: Մեկ մարդու միջին աշխատավարձը ավելացել է 13 841 դրամով կամ 7.14 %-ով: 

Հաջորդը վարչապետն անդրադարձավ արտագնա աշխատողներին: Խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ փակ սահմանների մասին՝ գործադիրի ղեկավարը նշեց, որ առաջիկայում հնարավորություն կլինի ԵԱՏՄ շրջանակներում քննարկել այս հարցը, նման քննարկում արդեն նախաձեռնվել է ԵԱՏՄ ֆորմատով: Սեպտեմբերի կեսերից 1-2 տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի Հայաստան: 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ արտերկրից ժամանած այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են տեղում հանձնել կորոնավիրուսի թեստ, և բացասական պատասխանի դեպքում կարող են չմեկուսանալ:

Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ Հայաստանը այլ երկրներից  քաղաքացիների նկատմամբ օդային ճանապարհով մուտքի արգելք չի սահմանել: Օդանավակայանում կառուցում են նմուշառման կետեր, որոնք մոտավորապես 20-ն են լինելու:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ դպրոցներում սահմանված կանոնները պահպանելու դեպքում կգնան այդ կանոնների թուլացման: Առողջապահույան նախարարի տեղակալի խոսքով էլ՝ ուսուցիչների շրջանում լայնածավալ թեստավորում են իրականացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter