
Նարեկ Մանգասարյանը պահանջում է 2019-ին հայտարարագրած մեքենաները մաքսազերծել 2019-ի դրույքաչափերով
Նարեկ Մանգասարյանը 4,5 տարի Իսպանիայի Բարսելոնա քաղաքում բնակվելուց հետո 2020թ. հունիսի 8-ին Հայաստան է վերադարձել։
Բարսելոնայում Նարեկը աշխատած գումարով գնել է 3 մեքենա, 2019 թվականի դեկտեմբերի 30-ին նա հայտարարագրել է իր մեքենաները, որպեսզի ուղարկի Հայաստան։ Մաքսատնից Նարեկին տեղեկացրել են, որ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը հայտարարագրված մեքենաները մաքսազերծվելու են 2019-ի դրույքաչափով։
Նարեկ Մանգասարյանն ամուսնացած է, ունի 2 երեխա: Նրա կինն ու երեխաները Հայաստանում են եղել: Ցանկացել է ընտանիքի անդամներին իր մոտ՝ Իսպանիա տանել, բայց 2018-ի իշխանափոխությունից հետո որոշել է ինքն էլ վերադառնալ Հայաստան։ Նարեկի ընտանիքը վարձով է ապրում։ Այս պահին նա աշխատանք չունի։
Նարեկին պատկանող մեքենաները մարտի 2-ին հասել են Վրաստանի Փոթի քաղաք։ Նարեկի եղբայրը պետք է մինչև իր Հայաստան վերադառնալը մաքսազերծեր մեքենաները, քանի որ կորոնավիրուսի տարածումից հետո Նարեկի վերադարձը Հայաստան մի քանի անգամ հետաձգվել էր։ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, երբ փակվել է Վրաստանի հետ սահմանը մեքենաները մնացել են Փոթիում: Հայաստան հասել են միայն մայիսի 8-ին։
Նարեկից մեքենաները մաքսազերծելու համար ՊԵԿ մաքսատանը պահանջում են մոտ 15 000 դոլլար, մինչդեռ 2019-ի դրույքաչափով մաքսազերծումը, ըստ Նարեկի, կկազմեր մոտ 2000 դոլլար։ ՊԵԿ-ից Նարեկին պատասխանել են, որ մեքենաները Հայաստան հասել են ավելի ուշ, քան սահմանված ժամկետն էր`ապրիլի 30-ը, դրա համար էլ Նարեկը պետք է մաքսազերծումը կատարի 2020 թվականի դրույքաչափերով։
«Հաշվի չեն առնում, որ սահմանները փակ է եղել, ամբողջ աշխարհում ֆորս-մաժորային իրավիճակ էր, մենք ո՞նց մինչև ապրիլի 30-ը մեքենա հասցնեինք Հայաստան: Դա հո մեզնից կախված չէր, ինձ ասել են, մինչև տարեվերջ հայտարարագրածները 2019-ի դրույքաչափով է մաքսազերծվելու, հիմա ո՞նց հասկանամ, որ 2020-ի դրույքաչափով են հաշվում»-ասում է Նարեկը։
ՊԵԿ-ը 2019-ին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ 2020թ. հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ Հայաստանում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող մաքսատուրքի և հարկերի դրույքաչափերը:
«2019 թ. տարեվերջին սպասվում է ավտոմեքենաների ներմուծման ծավալների բազմապատիկ աճ: Արդյունքում՝ նավահանգիստներում, ինչպես նաև ՀՀ սահմանային անցակետերում աննախադեպ հերթերը կարող են հանգեցնել ամիսներ առաջ ձեռք բերված ավտոմեքենաների որոշ մասի ՀՀ սահմանը փաստացի 2020թ. հունվարի 1-ից հատելուն: Այդ պարագայում ավտոմեքենաների համար մաքսատուրքերը և հարկերը կհաշվարկվեն մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերով»,-նշված էր ՊԵԿ-ի տարածած հայտարարության մեջ:
Նարեկ Մանգասարյանի՝ Իսպանիայում գնած մեքենաները «Վոլվո V-40», «Ֆորդ Տրանզիտ», «Օպել Զաֆիրա» մակնիշների են։
«Մեքենաների մաքսազերծման գումարով ես կարող եմ Հայաստանում նույն մեքենաներից գնել: Ստացվում է, որ կրկնակի գումար եմ ծախսում, գումարած մոտ 500 000 դրամ կայանատեղիների գումար պիտի վճարեմ, որովհետև մայիսի 8-ից կանգնած են մեքենաներս»,-ասում է նա։
Գլխավոր լուսանկարում՝ Նարեկ Մանգասարյանը իր տղաների հետ / © Անի Սարգսյան
Մեկնաբանել