HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի գործը մակագրվել է Վարդան Լևոնի Գրիգորյանին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ մեղադրվող Պետրոսյանի գործը գտնվում էր մեկ այլ դատավորի՝ Վարդան Արմենակի Գրիգորյանի վարույթում, սակայն վերջինիս լիազորությունները օգոստոսի 23-ին դադարել են, ուստի գործը վերամակագրվել է։

Դատալեքսում դեռևս տվյալներ չկան՝ դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանի կողմից գործը վարույթ ընդունելու վերաբերյալ, մակագրումը տեղի է ունեցել երեկ։

Ըստ գործի նյութերի՝  «ՄԱՊ» ՓԲ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Արամ Հարությունյանի հետ:

2007թ. հունիսի 8-ին Արամ Հարությունյանը նշանակվել է Բնապահպանության նախարար, և կառավարության որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսացել նաև ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ։

2007թ. աշնանը Արամ Հարությունյանը «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, իր մտերիմ Սուրեն Միքայելի Ավագյանից տեղեկացել է, որ գործարար Սիլվա Համբարձումյանն ունի ՀՀ-ում հանքարդյունաբերությամբ զբաղվելու մտադրություն և հետաքրքրություն է դրսևորել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության լիցենզիաներ ձեռք բերելու հարցում:

Ըստ գործի՝ Արամ Հարությունյանը, Սիլվա Համբարձումյանից հավաստիանալով, որ նա պատրաստակամ է առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ 10 ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ ձեռք բերելու համար, տվել է իր համաձայնությունը նրա օգտին իր լիազորությունների շրջանակներում  գործողություններ կատարելու հարցում և առաջարկել ուսումնասիրել երկրաբանական ֆոնդի տվյալներն ու ներկայացնել առաջարկություն հետաքրքրող կոնկրետ հանքերևակումների վերաբերյալ, և պահանջված կաշառքի գումարի մի մասն  օրիանականցնելու համար Հարությունյանը դիմել է Ալեքսան Պետրոսյանին։

Վերջինս, ըստ մեղադրանքի, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելու դիտավորությամբ, առաջարկն ընդունել է և պատրաստակամություն հայտնել կազմակերպել իրեն պատկանող, Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված՝ «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության և Հայաստանում գործունեություն իրականացնող «ՄԱՊ» ՓԲ ընկերության միջոցով գումարները Հայաստանի Հանրապետություն փոխանցելու, դրանք կանխիկացնելու և պաշտոնատար անձին տրամադրելու գործընթացը:

Այնուհետև, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ալեքսան Պետրոսյանը Արամ Հարությունյանին է տրամադրել «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնության Ցյուրիխ քաղաքում գտնվող բանկերից մեկում իր հաշվեհամարը, որից հետո Արամ Հարությունյանը կազմակերպել է Սիլվա Համբարձումյանից ստացած առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարի՝ 5.049.005 դոլարի փոխանցումն այդ հաշվեհամարին:

Ըստ մեղադրանքի՝ Արամ Հարությունյանի պահանջով նրա մտերիմ Վիկտոր Մարտիրոսյանը 2011թ. մարտի 24-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի բանկերից մեկի իր հաշվեհամարից 2.001.005 դոլար, իսկ 2011թ. մարտի 29-ին Արամ Հարությունյանն անձամբ Աբու Դաբի քաղաքի նույն բանկի իր հաշվեհամարից 3.047.975 դոլար գումարները փոխանցել է «Տառասկո Ինվեսթմենթ»  ՍՊ ընկերության վերը նշված հաշվեհամարին: Այնուհետև Ալեքսան Պետրոսյանն իրեն պատկանող կազմակերպության հաշվեհամարին ստացված գումարներից 1.901.000 դոլարը՝ 2011թ. մարտի 28-ին, իսկ 3.048.000 դոլարը՝ մարտի 29-ին փոխանցել է Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկի իր անձնական հաշվեհամարին, ապա տարբեր ժամանակահատվածներում  դրանք կրկին մուտքագրել «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության ինչպես վերոհիշյալ, այնպես էլ այլ բանկերում եղած տարբեր հաշվեհամարների:

Դրանից հետո «Տառասկո Ինվսեթմենթ» ՍՊԸ-ի և «ՄԱՊ» ՓԲ ընկերության միջև 2009թ. հունվարի 5-ին կնքված անտոկոս փոխառության պայմանագրի ուժով 2011թ. մարտի 29-ից մինչև 2014թ. օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում Ալեքսան Պետրոսյանը նշված գումարից 2.792.730  դոլարը փոխանցել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության Հայաստանյան բանկերում եղած հաշվեհամարներին, իսկ մնացած մասը տնօրինել «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության միջոցով, օգտագործել բիզնես գործունեության նպատակով:

Ըստ մեղադրանքի՝ «Տառասկո Ինվեսթմենթ»  ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարներից «ՄԱՊ»  ՓԲԸ-ի հաշվին գումարներ փոխանցելուն զուգահեռ Ալեքսան Պետրոսյանն ինչպես հիշյալ գումարներից, այնպես էլ իր անձական միջոցներից, 2011թ. ապրիլ ամսից մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Արամ Հարությունյանին մաս-մաս տվել է նրա կողմից «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊԸ-ի հաշվեհամարին փոխանցված ընդհանուր  1.861.586.143 դրամին համարժեք 5.049.005 դոլար գումարը:

Ալեքսան Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Վերջինս պնդում է, որ միմյանց հաշվեհամարին գումարների շարժը, միանգամյա գործարքը դեռևս չի նշանակում, որ փողերի լվացում է իրականացվել, կամ  ինքն օժանդակել է փողերի լվացման հարցում: Պետրոսյանը նաև հայտնել է, որ տարբեր անձանց հետ ունեցել է գործարքային փոխհարաբերություններ, նրանց հանձնված և ստացված փոխառություններ, և  քրեական գործով քննության առարկա դարձած գումարները ևս Արամ Հարությունյանից ստացվել են փոխառության տեսքով, եթե փողերի լվացման ցանկություն լիներ, դա չէր արվի օրինական բանկային փոխանցումների միջոցով։

Լուսանկարում՝ դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter