HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Ազատության մեջ մնացող գողերը՝ Երևանի մոլերում

Երևանում արդեն մի քանի տարի կազմակերպված հանցավոր խումբ է գործում, որը մասնագիտացել է մայրաքաղաք Երևանի մոլերից գողություններ կատարելու մեջ՝ հիմնականում թիրախավորելով «Երևան մոլ» և «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնների հագուստի սրահները: 

Մեր նախորդ հրապարակման մեջ մենք ներկայացրել էինք մի քանի դրվագ այդ գողություններից, որոնք կատարվել էին իսպանական Inditex ընկերությանը պատկանող խանութ սրահներում, սակայն խմբի գործողություններից բազմաթիվ անգամ տուժել են նաև այլ տնտեսվարողներ: Չսահմանափակվելով միայն հագուստի սրահներով՝ խումբը, թեպետ և քիչ, սակայն գողություններ է կատարում նաև էլեկտրոնիկայի խանութներից:

Խմբում ներգրավված են տարբեր սեռի և տարիքի մարդիկ, որոնք գողություններ են անում ինչպես խմբի կազմում, այնպես էլ առանձին-առանձին: 

Շատ հաճախ խմբի անդամների այցելությունները կրել են պրոֆիլակտիկ բնույթ, այսինքն՝ խմբով մտնելով հագուստի սրահ՝ սպառնալիքների և ահաբեկման մեթոդով սրահի աշխատակիցներին նախազգուշացնում են մոտակա այցի մասին, երբեմն էլ ուղղակի տակնուվրա անելով սրահի իրերը՝ դուրս են գալիս: 

Խմբի անդամները այնքան են հմտացել իրենց գործի մեջ, որ նույնիսկ մտածել են, թե ինչպես շրջանցել սրահների մուտքերի մոտ տեղադրված ազդանշանային համակարգերը: Գողացված հագուստը անձայն դուրս հանելու համար նրանք հատուկ սարքեր են կիրառում, որոնք խլացնում են ազդանշանը, և նրա միջով անցնելիս այն պարզապես չի միանում: Inditex-ի անվտանգության համակարգում աշխատող մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խումբը այդպիսի երկու խլացուցիչ ունի, որոնցից մեկը ոստիկանությունն առգրավվել է:

Մոլերից մեկի անվտանտգության աշխատակիցը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում գողությունների դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել, սակայն տարիներ շարունակ գողերի ինքնավստահության աղբյուրը, ըստ նրա, եղել է իրավապահ համակարգի իներտ արձագանքը:

Թե ինչ միջոցառումներ և կանխարգելիչ քայլեր են ձեռնարկվում Երևանի մոլերում կամզակերպված գողությունների դեմ, գրավոր հարցմամբ փորձեցինք պարզել ոստիկանությունից: Բացի այդ, խնդրել էինք տրամադրել նաև վիճակագրական տվյալներ վերջին տարիներին արձանագրված գողությունների դեպքերի վերաբերյալ:

Գրավոր հարցումը ոստիկանություն ենք ուղարկել օգոստոսի 31-ին, մինչև օրս որևէ պատասխան չենք ստացել: Սակայն պարզվում է, որ ոստիկանությունը լրագրողների հարցումներին պատասխանելու նոր մեթոդ է ընտրել՝ հարցման վերաբերյալ տեղեկությունները հրապարակել պաշտոնական հաղորդագրության միջոցով: Այն տվյալները, որոնք ոստիկանությունից խնդրել էինք տրամադրել, մեր հարցումից 10 օր հետո՝ սեպտեմբերի 10-ին, հրապարակվում է ոստիկանության պաշտոնական կայքում:

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Հայաստանի իրավապահ մարմիններից մեկը, որը պատասխատու է երկրում կարգուկանոնի պահպանման համար, խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, քանի որ օրենքի 9-րդ հոդվածով՝ գրավոր հարցմանը պատասխանը պետք է տրվի հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, կամ եթե հարցանը պատասխանելու համար հարկավոր է լրացուցիչ աշխատանք կատարել, ապա տեղեկությունը դիմողին կարող է տրվել հարցումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, սակայն այդ դեպքում իրավասու մարմինը կրկին 5-օրյա ժամկետում պարտավոր է դիմողին տեղեկացնել՝ հետաձգման պատճառների և տեղեկության տրամադրման վերջնական ժամկետի մասին: 

Տվյալ դեպքում՝ ոստիկանությունը 5-օրյա ժամկետում ո՛չ պատասխանել է մեր հարցմանը, ո՛չ էլ տեղեկացրել է հարցման պատասխանի հետաձգման մասին:

Հրապարակված վիճակագրության համաձայն՝ 2012 թվականից մինչև օրս մոլերից կատարված գողությունների և կողոպուտների դեպքերով քննվել է 370 քրեական գործ՝ 369 անձի նկատմամբ, որից 269-ը՝ տղամարդ, 100-ը կին: Սակայն այդ հարյուրավոր քրեական գործերից, որոնք ուղարկվել են դատարան, միայն 9 դեպքով է ազատազրկում կիրառվել, մնացած դեպքերում կիրառվել է համաներում, կամ տուժողները հրաժարվել են հաղորդում տալուց, շատ դեպքերում էլ դատարանը նշանակել է տուգանք: Քրեական գործերի վիճակագրությանը՝ կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում:

Գողություններ
Infogram

Ըստ ոստիկանության՝ 2020 թվականի ընթացքում արձանագրվել է 90 դեպք, որից բացահայտվել է 78-ը: Իսկ 2012-2019 թվականներին տնտեսվարողներին պատճառված վնասի ընդհանուր չափը, ոստիկանության հաշվարկներով, կազմել է 22,6 մլն դրամ, որից վերականգնվել է 15,5 միլիոնը: Այստեղ հարկ է նշել, որ ոստիկանության նշած գումարը և մեր աղբյուրի հաղորդած թվերը, մեղմ ասած, չեն համապատասխանում միմյանց, քանի որ վնասի իրական չափերը շատ ավելին են:

Ի դեպ, ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «Նման գողությունները հնարավոր են միայն վաճառողի անուշադրության պայմաններում»: Սակայն այստեղ հարց է առաջանում, թե ինչ կարող են անել մեկ-երկու վաճառողները կազմակերպված խմբի դեմ, որոնք նաև սպառնում և ահաբեկում են աշխատակիցներին: Փաստորեն, ոստիկանությունը Երևանի առևտրազվարճային կենտրոններում հսկողությունն ուժեղացնելու փոխարեն գողությունների մեղքի մի բաժինը բարդում է վաճառողների անուշադրության վրա:

Ծեծել են «Երևան մոլի» անվտանգության պետին

Խմբի անդամների մասնակցությամբ ամենահայտնի միջադեպերից մեկը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 13-ին «Երևան մոլ» առևտրի կենտրոնում: Այդ օրը խմբի անդամներից Անանիա Այվազյանը Zara հագուստի սրահից վերցրել է 45 հազար դրամ արժողությամբ մեկ զույգ տղամարդու կոշիկ և մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ, սակայն սրահից դուրս գալիս ձայնային ազդանշանը միացել է: Դրանից հետո «Երևան մոլի» անվտանգության պետ Սերգեյ Ֆիլիպոսյանցը վազել է Անանիա Այվազյանի հետևից, կանգնեցրել նրան, ձեռքից վերցրել տոպրակը, ինչից հետո նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որին միջամտել է Գրիգոր Մարտիրոսյանը, որն ըստ Inditex-ի անվտանգության աշխատակցի՝ խմբի պարագլուխներից է: Ըստ մեղադրական եզրակացության՝ վերջինս սկսել է ձեռքերով հարվածներ հասցնել Սերգեյ Ֆիլիպոսյանցի դեմքին, իսկ այդ ընթացքում Անանիա Այվազյանը գողացված ապրանքը թողնելով, փախել է, իսկ Գրիգոր Մարտիրոսյանը շարունակել է հարվածները, այնուհետև նույնպես՝ փախել:

Վիճաբանությունը տեղի էր ունեցել «Երևան մոլի» ավտոկայանատեղիում: Դեպքից 13 օր անց՝ 2019թ. սեպտեմբերի 26-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել և նախաքննություն կատարելու համար ուղարկվել Քննչական կոմիտե: Անանիա Այվազյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով (զգալի չափերով գողության փորձ), իսկ Գրիգոր Մարտիրոսյանին 113-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Ըստ գործում առկա նյութերի՝ Գրիգոր Մարտիրոսյանը «Երևան մոլի» անվտանգության պետ Սերգեյ Ֆիլիպոսյանցի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, մասնավորապես՝ վերին և ստորին շրթունքների փափուկ հյուսվածքների սալջարդ, վերին ծնոտի աջից և ձախից 1-ին ատամները տրավմատիկ ենթահոդախախտ (որոնք ենթական են հեռացման), ձախից վերին ծնոտի 2, 3, 4, 5-րդ ատամների տրավմատիկ հոդախախտ:

2020 թվականի ապրիլի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությայմբ տեղի ունեցած դատական նիստում, որոշվել է Գրիգոր Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ նա հաշտվել է տուժող Սերգեյ Ֆիլիպոսյանցի հետ: Թե ինչպես է տեղի ունեցել կողմերի միջև հաշտությունը, դժվար է ասել, սակայն փաստացի նա մնացել է անպատիժ, չնայած որ այդ հոդվածով սահմանված հանցանքը կատարելու համար նախատեսվում է մինչև 3 տարի ազատազրկում:

Իսկ Անանիա Այվազյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Դատարանի վճռով նա մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել է 200 հազար դրամ տուգանքով: Դատարանը գտել է, որ այս հոդվածով նախատեսված ավելի խիստ պատիժ կիրառելու հիմքեր չկան (առավելագույն պատիժը՝ երկու տարի ազատազրկում):

Պատգամավոր Հարություն Բաբայանը մի շարք հանդիպումներ է նախաձեռնել

2019թ. նոյեմբերի 4-ին «Դալմա Գարդեն մոլում» և «Երևան մոլում» գործունեություն ծավալող մի շարք տնտեսվարողներ հարցի մասին տեղեկացրել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանին, որն էլ մի քանի օր անց՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է ահազանգի մասին: Շեշտվել է քրեական գործերում որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից կրկնահանցագործությունների կատարումը: Մասնավորապես երբ նախաքննությունն իրականացնող մարմինը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառում է ստորագրությունը, այդ մարդիկ, դուրս գալով բաժիններից, նորից գողություներ են կատարում: «Դա պրոբլեմ է, որը պետք է հասկանանք՝ ինչպես լուծել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Նիստի ավարտից հետո Հարություն Բաբայանը տնտեսվարողների ներկայացրած փաթեթը փոխանցել է վարչապետի աշխատակազմին:

Դրանից հետո Հարություն Բաբայանը կապ է հաստատել քննչական կոմիտեի հետ, որն էլ հանցագործությունների վերլուծություն է կատարել և 2020թ. փետրվարին ամենից շատ տուժած տնտեսվարողների հետ հանդիպում է կազմակերպել, որն ունեցել է տեղեկությունների փոխանակման նպատակ: Այնուհետև քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ևս մեկ հանդիպում է կազմակերպվել, որին մասնակցել են ոստիկանության, դատախազության, ազգային անվտանգության ծառայության և մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Հանդիպման արդյունքներով՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները պետք է ուժեղացված ծառայություն իրականացնի մարդաշատ ժամերին, սակային ինչպես տնտեսվարողներն են պնդում, ծառայությունն այնքան էլ ուժեղացված չի եղել, և դա որևէ կերպով չի ազդել գողությունների քանակի նվազման վրա: 

Հարություն Բաբայանի հիմնական դժգոհությունը կապված է քննիչների փոխգործակցության բացակայության հետ: «Մի մարդու եթե այս մի սենյակում քննել են, երեք ժամ հետո նույն մարդուն կարող են կողքի սենյակում քննել: Քննիչները տեղյակ չեն, որ գործերը երկու դրվագներով արդեն միացված են և կարող են կալանքի միջնորդություն ներկայացնել, երբ տվյալ անձը արդեն, օրինակ՝ 1 միլիոն դրամի վնաս է հասցրել»,- ասում է ԼՀԿ պատգամավորը: 2020թ. մարտի 4-ին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին այս մասին Հարություն Բաբայանն ասել է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ առաջարկելով ստեղծել միասնական էլեկտրոնային բազա և քննիչների գործը հեշտացնել:

Պատգամավորի խոսքով՝ արտասահմանյան մի շարք բրենդների հայաստանյան ներկայացուցիչները իրենց գլխամասային գրասենյակներին հայտնել էին, որ գողությունների խնդիրը չի լուծվել, ինչից հետո քննարկվել է Հայաստանում գործունեությունը դադարեցնելու հարցը.

«Սա նշանակում է, որ Հայաստանը բիզնեսի համար ապահով երկիր չէ, որտեղ անվտանգության էլեմենտար պայմանները չեն ապահովվում: Էլ չասած՝ աշխատատեղերի փակվելու մասին»,- ընդգծում է Հարություն Բաբայանը:

Անդրադառնալով գողերի գործողություններին՝ Հարություն Բաբայանը նշեց, որ իր պատկերացմամբ այդ մարդիկ շատ լավ տեղյակ են իրենց իրավունքներին, ունեն լավ փաստաբաններ, հանցագործությունները հասցրել են «արտադրական մակարդակի»: «Նրանք օրական պլան ունեն, օրինակ՝ 5 միլիոն պետք է ապահովեն: Ու էդ 10-15 հոգին 5 միլիոնը ապահովում են: Ինչ վերաբերում է իրավապահ մարմիններին, ապա նրանց հիմնական խնդիրը փոխհամաձայնեցված աշխատելն է»,- ասում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Screenshot_2.jpg (245 KB)

2020թ. սեպտեմբերի 1-ին Հարություն Բաբայանը այս հարցով հանդիպում է ունեցել նաև ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ, ևս մեկ հանդիպում էլ եղել է սեպտեմբերի 8-ին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոլերում ուժեղացված պարեկային ծառայություն իրականացվնել:

Դատախազությունն ընդունում է օրենսդրական բացի առկայությունը

Տնտեսվարողների բազմաթիվ դիմումներից մի քանիսն էլ բաժին են հասել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Դիմումի հիմնական շեշտադրումը ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցների ընտրությունն էր, որոնց կիրառման պարագայում քրեական գործերով գողությունների համար մեղադրվողները շարունակում էին իրենց գործողությունները: Գրավոր հարցմամբ գլխավոր դատախազությունից խնդրել էինք հայտնել, թե ինչ ընթացք է տրվել տնտեսվարողների դիմումին: Դատախազությունն ընդգծում է, որ ներկայիս իրավակարգավորման պայմաններում անձը կարող է կատարել մասնավոր հետապնդման բնույթի դիտավորյալ արարքներ և ազատվել քրեական պատասխանատվությունից դիմողի կողմից բողոք չունենալու կամ կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյաի հետ տուժողի հաշտվելու հիմքով, և պետության կողմից համապատասխան արձագանքի չարժանանալու դեպքում մեծ է վտանգը, որ տվյալ անձը հետագայում ավելի ծանր հանցագործություններ կարող է կատարել:

Դատախազությունից հայտնել են, որ դեռևս 2019 թվականի մարտին արդարադատության նախարարությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ են ուղարկել: Դատախազության առաջարկած տարբերակով՝ դիմողի բողոք չունենալը, կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյաի հետ տուժողի հաշտվելը նշված իրավիճակներում քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի համար չի հանդիսանա պարտադիր հիմք քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու համար: Ըստ դատախազության՝ նախագիծը հնարավորություն կտա նոր հանցավոր արարքի կատարման համար անձի նկատմամբ համաչափ պատիժ նշանակել՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, պատժի ենթարկված անձին ուղղելու, ինչպես նաև նրա կողմից նոր հանցագործություններ կատարելը կանխելու համար:

«Հարկ է նշել, որ թեև նշված դեպքերը հանդիսանում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ, սակայն քաղաքացիների և կազմակերպությունների սեփականության, ինչպես նաև մարդկանց կյանքի և առաողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նախականխելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հիշյալ բոլոր դեպքերը մշտապես գտնվում են դատախազության ուշադրության կենտրոնում»,- հայտնել է դատախազությունը՝ ընգծելով, որ հանցանք կատարած անձանց նկատմամբ ընտրված խափանման միջոցի, այնպես էլ նշանակված պատժի մեղմության դեմ դատախազները մշտապես բողոքներ են ներկայացնում, իսկ առանձին դեպքերում գլխավոր դատախազի տեղակալները նաև վճռաբեկ բողոքներ են բերում:

Ինֆոգրաֆիկան՝ Տաթև Խաչատրյանի
Տեսանյութերի մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter