HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ավստրիայի կանցլերը հայտարարել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

Ավստրիայում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը։ Այդ մասին հայտարարել է երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցը։ Վերջին օրերին Ավստրիայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կտրուկ աճել է։ «Երկու շաբաթ առաջ, օրական կտրվածքով, նոր դեպքերի թիվը մոտ 350 էր, երեկ այդ թիվը գերազանցել է 850-ը։ Աճն առավել նկատելի է Վիեննայում, որտեղ գրանցվում է նոր դեպքերի շուրջ 50 %-ը։ Շուտով մեր երկրում օրական կտրվածքով կորոնավիրուսի ցուցանիշը կգերազանցի 1000-ը»,- նշել է Կուրցը։ Կանցլերը նաև հավելել է, որ ցուցանիշների աճը վկայում են, որ Ավստրիայում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը։

Նա բնակիչներին կոչ է արել պահպանել սահմանափակումները, որոնք կապված են համավարակի հետ։ Սեպտեմբերի 12-ին երկրի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը հայտարարել էր այդ սահմանափակումների խստացման մասին։ Սեպտեմբերի 14-ից սկսած երկրի ողջ տարածքի հանրային վայրերի մեծ մասում դիմակների կրումը կդառնա պարտադիր։ Սրճարաններում և ռեստորաններում դիմակների կրումը պարտադիր կլինի նաև սպասարկող անձնակազմի համար, իսկ քաղաքացիները կկարողանան ուտել միայն փակ տարածքներում և պարտադիր սեղանների շուրջ։ 

Սեպտեմբերի 14-ին կկայանա նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հանձնաժողովի արտահերթ նիստը։ Մասնագետները պետք է հայտարարեն երկրում ռիսկի գոտիների նոր ցուցակը, որը կազմվել է ցուցանիշների աճից հետո։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Ավստրիայում գրանցվել է կորոնավիրուսի 33 159 դեպք, 756 մարդ մահացել է։ Մի քանի երկրներ արդեն իսկ հայտարարել են կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին։ Դրանց թվում են Իսրայելը և Ավստրալիան։ Ցուցանիշների աճ է գրանցվում նաև եվրոպական երկրներում, հատկապես Իսպանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում։

Լուսանկարը՝ Roland Schlager/APA via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter