HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոնիթորինգը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում․ ինչն է մնում հանրային վերահսկողությունից դուրս

Այս տարվա օգոստոսի 20-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) տեղեկացրել էր, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտ է ներկայացրել։

Այս հայտը ուսումնասիրելու նպատակով ՀԾԿՀ-ն նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2020 թ․-ի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ամեն տարի ներկայացնում է նման հայտ և ամեն տարի ՀԾԿՀ-ն նախաձեռնում է մոնիթորինգ։ Այս մոնիթորինգի արդյունքներից կախված՝ ջրի մատակարարման սակագինը կարող է նվազել։

ՀԾԿՀ-ն մոնիթորինգ իրականացնելու համար որոշում է այն բաժանորդների ցանկը, որտեղ ՀԾԿՀ աշխատանքային խմբի անդամները պետք է այցելեն և տեղում ստուգումներ իրականացնեն։ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները չպետք է տեղյակ լինեն, թե կոնկրետ որ բաժանորդներն են ստուգվելու այցերի ժամանակ։

Այց կատարելու օրը՝ առավոտյան, մոնիթորինգ իրականացնող մասնակցին տրամադրվում է հասցեների ցուցակ, նա այցելում է «Վեոլիա ջրի» համապատասխան տեղամաս և ընկերության այդ տեղամասի աշխատակցի ուղեկցությամբ ստուգումներն է իրականացնում։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀԾԿՀ Սակագնային վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը, որը նույնպես ներգրավված է մոնիթորինգային աշխատանքներում։

Սա տրամաբանական է, քանի որ հակառակ դեպքում՝ փոխադարձ հաստատված ցանկերով մոնիթորինգը կկրեր ձևական բնույթ, «Վեոլիա ջուր»-ը կկարողանար շտկել անճշտությունները, իսկ հանձնաժողովը լրացուցիչ սպառում կամ այլ խնդիրներ չէր հայտնաբերի։

«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ հետ զրույցում պնդում է, որ ՀԾԿՀ աշխատակիցները տեղեկացնում են ընկերությանը, թե որ բաժանորդներն են ստուգվելու։ Նրա պնդմամբ, սա միշտ արվել է «ներքին կարգով», հանրությունը սրա մասին չի տեղեկանում, իսկ «Վեոլիա ջրի» աշխատակիցները որոշ պատճառներով հնարավորություն չունեն այս մասին բարձրաձայնելու։

Ավելին, «Հետք»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթից երևում է, որ «Վեոլիա ջուր» ընկերության՝ մարզերի տարածաշրջանի արդեն նախկին առևտրային տնօրեն Վահագն Մանանդյանը օգոստոսի 17-ին իր գործընկերներին ուղարկել է նամակ՝ «Ձեզ եմ ուղարկում ՀԾԿՀ կողմից իրականացվելիք մոնիթորինգի բաժանորդների ցանկը» բովանդակությամբ, նամակին կցված է բուն ցանկը։ Այս ցանկը ներառում է բաժանորդների հասցեները, կան բաժանորդների ջրի սպառման տվյալները և հաշվիչի ցուցմունքները։ Հարց է առաջանում, թե որտեղից և ինչպես է պարոն Մանանդյանը ստացել այն բաժանորդների ցանկը, որտեղ ՀԾԿՀ-մոնիթորինգ է իրականացնելու։

Մեզ հետ զրույցում Մանանդյանը ասաց, որ ցանկը «ՀԾԿՀ-ն է տվել, դա թաքուն չի, դա իրավաբանական անձանց բոլոր բաժանորդների ցանկն ա»։ Մանանդյանի խոսքով՝ այդ ցանկից պատահական ցանկացած բաժանորդի մոտ կարող են գնալ ստուգման։ Զրույցի ընթացքում մենք տեղեկացրինք, որ ՀԾԿՀ-ն իրականացվելիք մոնիթորինգի ցանկերը չի ուղարկում ընկերությանը, պարոն Մանանդյանը շարունակեց պնդել, որ դա բոլոր իրավաբանական անձանց ցանկն է, ինչից հետո տեղեկացրեց, որ իրավասու չէ պատասխանելու մեր հարցերին և հորդորեց դիմել ընկերության մամլո ծառայությանը։

«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի ծառայությունից մեզ հորդորեցին գրավոր ուղարկել պարզաբանման հարցումը, քանի որ հայտնի չէր, թե ով պետք է պատասխաներ մեր հարցերին։ 

Պարզաբանում ստանալու համար դիմեցինք նաև ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանին։

Վերևում նշված ցանկի մասով մեզ հետ զրույցում նա ասաց, որ դա այն իրավաբանական անձանց ցանկն է, որոնց մոտ անցած տարի ՀԾԿՀ-ն հայտնաբերել է խախտումներ և դրանց մասին տեղեկացրել է «Վեոլիա ջրին»։ Որպես կանոն, ՀԾԿՀ-ն նախորդ տարվա մոնիթորինգի արդյունքում խախտումներ հայտնաբերած բաժանորդներին ստուգում է հաջորդ մոնիթորինգի ընթացքում նույնպես, պարզելու համար, արդյոք այդ խախտումները շտկվել են, թե ոչ։ Ըստ Բաղրամյանի՝ ռեսուրսների սղության պատճառով Հանձնաժողովը հիմնականում ստուգումներ է իրականացնում իրավաբանական անձանց շրջանակում, հասցնում են ստուգել մոտ 2 հազար բաժանորդի։

«Վեոլիա ջրին» ստուգումների մասին ներքին կարգով տեղեկացնելու պնդումների մասին Բաղրամյանն ասաց, որ եթե կա նման պրակտիկա, ապա համապատասխան դիմումի հիման վրա Հանձնաժողովը պատրաստ է սկսել ծառայողական հետաքննություն բոլոր մանրամասները պարզելու համար։

Ըստ էության, ՀԾԿՀ ստուգումները, առնվազն ֆորմալ տեսանկյունից, իրականացվում են պատշաճ կերպով, պահելով բոլոր կարգերը, բայց ներքին պայմանավորվածությունների մասին պնդումները խոսում են այն մասին, որ եթե նույնիսկ կան որոշ պայմանավորվածություններ, ապա դրանք տեսանելի չեն, մնում են ՀԾԿՀ և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցների միջև ներքին հարաբերությունների և հաղորդակցության դաշտում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter