HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար հարցում կուղարկի քրեկատարողական հիմնարկ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի նախագահությամբ այսօր նշանակված էր ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և վերջինիս եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը, որին, սակայն, Գագիկ Խաչատրյանը չէր ներկայացել։

Վերջինս դատարան գրություն էր ուղարկել այն մասին, որ, առողջական խնդիրներով պայմանավորված, չի կարող ներկայանալ ու խնդրել էր հետաձգել նիստը։

Մեղադրող Գևորգ Սարգսյանը նշեց, որ նման պայմաններում նիստը ենթակա է հետաձգման՝ միաժամանակ դատարանին միջնորդելով հարցում կատարել Քրեակատարողական ծառայություն՝ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։ Դատախազի խոսքով՝ իրենց ունեցած վերջին տվյալներով, որոնց հիմքում փորձաքննությունների եզրակացություններ են, Գագիկ Խաչատրյանը չունի վիրահատության, անգամ ստացիոնար բուժման կարիք, հետևաբար, չկա դատական նիստերին Խաչատրյանի մասնակցությանը խոչընդոտող հանգամանք։ Ըստ դատախազի՝ հարցման պատասխանը ստանալուց հետո հնարավոր կլինի դիրքորոշում հայտնել՝ Խաչատրյանի վարքագիծը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, թե՞ ոչ։

Արձագանքելով մեղադրողին՝ պաշտպան Ամրամ Մակինյանը հիշեցրեց, որ դեռևս գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, երբ քննարկվում էր Կարեն և Գագիկ Խաչատրյանների խափանման միջոցի հարցը, ինքը բարձրաձայնել է այն մասին, որ Գագիկ Խաչատչյանը չի կարողանալու ներկայանալ դատական նիստերին՝ առողջական վիճակի պատճառով։ Ըստ Ամրամ Մակինյանի՝ նոր չէ, որ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի։

«Ես նախորդ դատական նիստին ասացի, որ այս մեկ տարվա ընթացքում Գագիկ Խաչատրյանը կարողացել է մեկ անգամ մասամբ մասնակցել կալանքի քննարկման նիստին, որի ժամանակ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Ըստ պաշտպանի՝ դրանից հետո Խաչատրյանը հնարավորություն չի ունեցել իր խափանման միջոցի վերաբերյալ նիստերին մասնակցելու։

Ամրամ Մակիյանը նշեց, որ իրենք՝ պաշտպանները, Գագիկ Խաչատրյանի հետ մշտապես կապի մեջ են, նրան տեսակցում են քրեակատարողական հիմնարկում։ Պաշտպանը պնդեց, որ Խաչատրյանը քայլակի օգնությամբ է տեղաշարժվում։

Դատարանը Խաչատրյանի բացակայության պայմաններում որոշեց հետաձգել դատական նիստը՝ հայտնելով, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հարցում կուղարկի Քրեակատարողական հիմնարկ՝ պարզելու՝ արդյոք նրա առողջական վիճակը խոչընդոտում է ներկայանալ նիստերին։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն, ըստ մեղադրանքի, 2008 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 4-ը հանդիսանալով կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, այնուհետև 2008թ. հունիսի 4-ից մինչև օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահը, իսկ 2008թ. օգոստոսի 20-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը զբաղեցնելով կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014թ. ապրիլի 26-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 8-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ ապահովել է Հայաստանի պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 373 մլն դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34 մլն դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: Նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34 մլն ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2 մլրդ 624 մլն դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Կարեն Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև 2014թ. մարտի 12-ը, զբաղեցնելով Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի պետի, իսկ 2014թ. մարտի 12-ից մինչև 2014թ. մայիսի 23-ը՝ պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնները, այնուհետև՝ 2014թ. մայիսի 23-ից մինչև 2016թ. հոկտեմբերի 21-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով պաշտոնատար անձ, անձնական և խմբային շահերից ելնելով և նախնական համաձայնության գալով իր ազգական,  2008թ. հունիսի 4-ից մինչև 2008թ. օգոստոսի 20-ը Մաքսային  պետական կոմիտեի նախագահ, այնուհետև՝ 2008թ. օգոստոսի 20-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, իսկ 2014թ. ապրիլի 26-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ը՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ, հաստատապես տեղեկացված լինելով իր ղեկավարած ստորաբաժանման օպերատիվ աշխատակիցների՝ մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, օրենսդրությամբ իրենց վերապահված պարտականությունները չկատարելու և փոխարենը ՀՀ քաղաքացի Արմեն Ավետիսյանի անվտանգության ապահովմամբ, զբաղվելու վերաբերյալ, 2008- 2016թթ. ծառայության շահերին հակառակ պաշտոնեական պարտականությունները դիտավորությամբ չկատարելով, չի ապահովել կարգապահական խախտումների արձանագրումը և համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը, ավելին, նույն ժամանակահատվածում մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքը թաքցնելու անձնական և խմբային շահերից ելնելով, ինչպես նաև չաշխատած օրերի դիմաց աշխատավարձի գումարների դուրսգրման կեղծ հիմքեր ստեղծելու շահադիտական դրդումներից ելնելով, մեկ միասնական դիտավորությամբ, անձամբ ստորագրել է ՀՀ ՊԵԿ իրականացված կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված նշված անձանց պաշտոնի նշանակելու, արձակուրդ տրամադրելու և հատուկ կոչումներ շնորհելու վերաբերյալ առաջարկներ և դիմումներ, հաստատել և վճարման է ներկայացրել ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի N 1471-Ն որոշմամբ սահմանված իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավահարաբերությունների վրա ազդող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում նրանց հաճախումների վերաբերյալ տեղեկագրեր, որի արդյունքում իր ղեկավարած ստորաբաժնում հրամանագրված հիշյալ անձանց համար հաշվարկվել, պետական բյուջեից դուրս գրվել և պետական միջոցների հաշվին անհիմն վճարվել է աշխատավարձի գումարներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter