HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Covid-19-ի թեստավորման գործընթացը դպրոցներում․ մասնակի իրականացում եւ իրարամերժ արդյունքներ

Սեպտեմբերի 15-ին մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Թեեւ պարետատան հաստատած «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման» ուղեցույցում հստակ նշված է, որ նախքան դպրոցների գործունեության մեկնարկը դպրոցի անձնակազմը (թե´ մանկավարժական, թե´ վարչական) թեստավորվում է՝ առողջապահության նախարարության կազմած ժամանակացույցի և սկզբունքների համաձայն, կան դպրոցներ, որտեղ ուսուցիչները դեռեւս չեն թեստավորվել։ Նախարարությունը որեւէ հրահանգ չի տվել, թե ինչպես պետք է ընթանա ուսումնական տարին այս դպրոցներում։

«Անձամբ բժշկուհու հետ խոսել եմ, մեզ համար թեստեր չեն տվել, ես էլ մտածում եմ, որ եթե վաղը բոլորս շփվենք իրար հետ, հնարավոր է, չէ՞, լինեն վարակակիրներ, ինչպե՞ս եմ համոզված լինելու, որ վարակ չի տարածվելու»,- ասում է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բաղանիսի միջնակարգ դպրոցի տնօրեն Սիլվա Իսրայելյանը։ Նրա խոսքով՝ հարակից գյուղերից միայն Ջուջեւանի դպրոցի ուսուցիչներն են թեստավորվել։ Ջուջեւանն ամբուլատորիա չունի, դպրոցի անձնակազմը թեստավորվել է Նոյեմբերյան քաղաքում, Ոսկեպար գյուղի ուսուցիչների մի մասը եւս թեստավորվել է։ Համայնքի Բարեկամավան եւ Կոթի գյուղերի ուսուցիչները չեն թեստավորվել։

Մասնակի թեստավորման խնդիրը միայն Տավուշի մարզում չէ առկա, նման իրավիճակ է նաեւ   Արարատի մարզում։ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի մեկնաբանությամբ՝ լաբորատոր կարողությունները եւ ժամանակահատվածը բավարար չեն թեստավորում իրականացնելու համար։

Հայաստանի գրեթե բոլոր դպրոցներում ուսումնական գործընթացը կազմակերպվել է առկա ռեժիմով, հեռավար կրթության է անցել 2 դպրոց

Ըստ պարետատան ուղեցույցի՝ դպրոցի անձնակազմի և սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելիի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքում ժամանակավորապես դադարեցվելու է դպրոցի գործունեությունը: Մնացած բոլոր դեպքերում ցուցաբերվելու է անհատական մոտեցում՝ ելնելով համաճարակաբանական ցուցումից:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ հանրապետության դպրոցներից միայն երկուսը՝ Նոյեմբերյանի եւ Վայքի հիմնական դպրոցներն են անցել հեռավար կրթության, քանի որ ուսուցիչներից մի քանիսի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, իսկ մյուս դպրոցների գործունեությունը չի դադարեցվել։

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Նոյեմբերյանի հիմնական դպրոցում կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ունեցել 6 աշխատակից, ինչի պատճառով դպրոցն անցել է հեռավար կրթության։ Դպրոցի աշխատակազմը բաղկացած է 67 հոգուց, աշակերտների թիվը 606 է։ Հարցին՝ եթե աշակերտների շրջանում թեստավորում չի իրականացվել՝  պարզելու աշխատակազմի եւ սովորողների քանի տոկոսն է վարակված, ինչու՞ է դադարեցվել դպրոցի գործունեությունը (ըստ ԿԳՄՍՆ ուղեցույցի՝ 10%-ի դեպքում է ժամանակավորապես դադարեցվում դպրոցի աշխատանքը), Կամավոսյանը չպատասխանեց։ 

Թեստերի դրական պատասխան ունեցող եւ ինքնամեկուսացած ուսուցիչների թվի վերաբերյալ նախարությունը տեղեկատվություն չունի։ Թե ինչու որոշ դպրոցներում թեստավորում դեռ չի իրականացվել, ԿԳՄՍՆ նույնպես չի պարզաբանում, միայն պնդում է՝ գործընթացը վերահսկում է առողջապահության նախարարությունը մարզպետարանների հետ համատեղ։

Թեստավորված ուսուցիչները դժգոհություններ ունեն

Պետական բժշկական հաստատություններում իրականացված թեստավորման արդյունքներին ուսուցիչների մի մասը չի վստահել եւ երկրորդ անգամ է թեստ հանձնել՝ մասնավոր լաբորատորիաներում։

Վանաձորի թիվ 1 դպրոցի ուսուցիչներից 5-ի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել, սակայն նրանցից 4-ը, չվստահելով արդյունքներին, կրկնակի թեստավորում են կատարել, պատասխանները բացասական են։ Կենսաբանության ուսուցչուհի Ալիսա Մխոյանը նրանցից մեկն է։ Թեեւ կրկնակի թեստի պատասխանը բացասական է, Ալիսան դպրոց գնալ չի կարող. 14 օր պետք է գտնվի ինքնամեկուսացման մեջ։ «Վիրուսով ցանկացած մարդ էլ կարող է վարակվել, բայց ինձ թվում է՝ կամ թեստերի անուններն են խառնվել, կամ թեստերը ոչ ճիշտ են օգտագործվել, կամ հին են եղել», - նշեց ուսուցչուհին։

Վանաձորի թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլիթ Սարուխանյանը ասում է՝ այս ուսուցիչներն աշխատանքի չեն կարող ներկայանալ, քանի որ պարետատունը չի ընդունում մասնավոր լաբորատորիաների իրականացրած թեստավորման արդյունքները։ Դպրոցի ուսուցիչները Covid-19-ի վարակի որեւէ ախտանշան, ըստ տնօրենի, չունեն։

Երեւանի թիվ 177 դպրոցի դասվար Նարինե Պետրոսյանը սեպտեմբերի 14-ին է ստացել կորոնավիրուսի կրկնակի թեստի պատասխանը, այն բացասական է, սակայն պոլիկլինիկայում հանձնած թեստի արդյունքը մի քանի օր առաջ դրական է եղել։ Նարինեին Covid-19-ի թեստի դրական պատասխանը զարմացրել է, քանի որ վերջին օրերին որեւէ կոնտակտավոր անձի հետ չի շփվել, որեւէ ախտանշան չի ունեցել։ «Ես ինձ շատ լավ եմ զգացել, գանգատներ չունեմ, հենց թեստավորման ընթացքում չվստահեցի, պատասխանը եկավ, ու որոշեցի նորից թեստ հանձնել»,- նշում է նա։ Նույն դպրոցի եւս 15 ուսուցչի մոտ հայտնաբերվել է COVID-19 վիրուսը, նրանցից 5-ի կրկնակի թեստի պատասխանը բացասական է եղել, մյուսները սպասում են պատասխաններին։ Նարինեն 14 օր աշխատանքի չի գնալու։

Թե ինչպես պետք է ընթանա ուսումնական գործընթացը, եւ ինչպես պետք է կարգավորվի չթեստավորված ուսուցիչների եւ թեստերի իրարամերժ պատասխանների հարցը, պետական գերատեսչությունները դեռեւս հստակ պատասխաններ չունեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter