HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման հարցերով զբաղվող դատախազների ունեցվածքը

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն արդեն ձևավորվել է, և հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել այն պաշտոնյաները, ովքեր պետք է իրականացնեն բռնագանձման հարցերով գործառույթները: Սակայն նրանցից ամենառանցքային պաշտոնյաներից մեկը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանն, իր նոր պաշտոնում խուսափում է լրատվամիջոցների հետ բաց աշխատանքից: Ավելին, չի պարզաբանում, թե ինչպես են գոյացել ամուսնու դրամական միջոցներն ու ունեցվածքը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ 01.09.2020 թվականի հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում: Սրբուհի Գալյանը մինչ նոր պաշտոնում նշանակվելը, զբաղեցնում էր Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:

Սրբուհի Գալյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր: 2019 թ. տարեկան հայտարարագրում, երբ դեռ փոխնախարար էր, Գալյանը հայտարարագրել է 53 մլն 690 հազար դրամ եկամուտ, որից 43 մլն 711 հազար դրամը տարբեր բանկերից ստացած վարկերն է, իսկ մնացածը՝ մի քանի աղբյուրից ստացած աշխատավարձը: Ս. Գալյանը 725 եվրո աշխատավարձ է ստացել նաև Եվրոպայի խորհրդից:

2019 թ. վերջին Ս. Գալյանը ունեցել է 50,000 դրամ և 1600 դոլար կանխիկ գումար: Իսկ բանկային հաշվում ունեցել է 684 հազար դրամ:

Սրբուհի Գալյանն ունեցել է նաև հանձնած փոխառություն: 2019 թ. վերջին նրա փոխառության չափը, որը հանձնել է «Ադդրեսս» ՍՊԸ-ին, կազմել է 39 մլն 161 հազար դրամ:

Նա հայտարարագրել է նաև համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող մեկ բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ինչպես նաև շինություն Դիլիջան քաղաքում:

Պաշտոնյայի ամուսինը՝ Պետրոս Մկրյանը, ևս հայտարարագրել է իր ունեցվածքը: 2019 թ. տարեկան հայտարարագրում, որպես եկամուտ, նշել է 11 մլն 638 հազար դրամ: Նշվածից Պ. Մկրյանի աշխատավարձը կազմում է մոտ 6 մլն դրամ, որը ստացել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունից, ինչպես նաև «Սիթի Սենթրալ» ՍՊԸ-ից: Մնացածը վարկեր են և Ֆինանսների նախարարությունից ստացած «այլ եկամուտ»:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Պետրոս Մկրյանը 2019 թ. տարեվերջին հայտարարագրել է 2 մլն 400 հազար դրամ և 2000 դոլար կանխիկ գումար: Բացի դրանից՝ պաշտոնյայի ամուսինն ունեցել է նաև բանկային հաշիվներում առկա գումար՝ 19 հազար 580 դրամ և 120 հազար 833 դոլար:

Պետրոս Մկրյանն ունի նաև հանձնած խոշոր փոխառություններ: Մասնավորապես, 2019 թ. վերջին 3 ընկերություններին հանձնած փոխառության չափը կազմում է 422 մլն 256 հազար դրամ, որից 140 մլն 111 հազար դրամը «Լոգինվեստ» ՓԲԸ-ին հանձնած փոխառության չափն է (2019 թ. սկզբին փոխառության գումարի չափը եղել է 525 մլն 775 հազար դրամ), 9 մլն 755 հազար դրամը հանձնել է «Մարիոֆ» ՓԲԸ-ին, իսկ 272 մլն 390 դրամ փոխառությունը տվել է «Պետրով» ՍՊԸ-ին: 

001.jpg (58 KB)

«Պետրով» ՍՊԸ-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2018 թ. մայիսին: Ընկերության հիմնադիրը հենց Պետրոս Մկրյանն է: Նրան է պատկանում ընկերության 100 % բաժնեմասը:

Հարկային մարմնում առկա տվյալների համաձայն՝ «Պետրով» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է: Ընկերությունը հիմնականում զբաղվել է սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում վարձակալության և այլ գործառնություններով:

Ս. Գալյանի ամուսինը 2014 և 2018 թվականներին 3 տարբեր բաժնեմասեր է ձեռք բերել ընկերություններում, որոնց անվանումները, հայտարարագրում համարվում են հրապարակման ոչ ենթակա տվյալ:

Պետրոս Մկրյանը հայտարարագրել է նաև շարժական և անշարժ գույքեր: Ըստ հայտարարագրի, նա ունի 2004 թ. «Jeep» մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2014 թ.-ին: Նրան է պատկանում 6 միավոր անշարժ գույք՝ բոլորն էլ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Մասնավորապես՝ պաշտոնյայի ամուսինն ունի հողամաս, 4 բնակարան և ավտոտնակ:

Հայտարարագրած բնակարաններից 2-ը, որոնք համատեղ սեփականություն են և գտնվում են Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Պետրոս Մկրյանը գնել է 2019 թ.: Բնակարաններից մեկի արժեքը կազմել է 117 մլն 600 հազար դրամ, մյուսը՝ 206 մլն 400 հազար դրամ: Նշված բնակարանները ձեռք են բերվել «Լոգինվեստ» ՓԲԸ-ից:

Նշենք, որ «Լոգինվեստ» ՓԲԸ-ն է իրականացնում Երևանի Վերին Անտառային 131, 133, 135 հասցեներում գտնվող հողամասերի վրա բնակելի համալիրի կառուցապատումը:

«Լոգինվեստ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2014 թ.-ին: Ընկերության տնօրենը Արտեմ Հարությունյանն է: Ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերության իրավանախորդը «Սասուն Ավտո» ՍՊԸ-ն է:

«Սասուն Ավտո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թ. հուլիսին: Ընկերության 50 % բաժնեմասը պատկանում էր Սրբուհի Գալյանի ամուսնուն՝ Պետրոս Մկրյանին, իսկ մյուս 50 %-ը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանի որդուն՝ 24-ամյա Նարեկ Դավթյանին: «Սասուն Ավտո» ՍՊԸ-ի կանոնադրային կապիտալը կազմել է 177 մլն 555 հազար դրամ:

Նշենք, որ Հայկ Դավթյանը գլխավոր խորհրդականի պաշտոնին նշանակվել էր Հովիկ Աբրահամյանի 2014 թ. մայիսի 5-ի որոշմամբ, իսկ ազատվել է նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից 2018 թ. ապրիլի 16-ին:

Թե՛ Պետրոս Մկրյանը, թե՛ Հայկ Դավթյանը «Սասուն ավտո» ՍՊԸ-ի բաժնետեր են դարձել 2014 թ. հուլիսին՝ Նարեկ Դավթյանի հոր՝ Հայկ Դավթյանի կողմից վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը ստանձնելուց հետո:

«Լոգինվեստ» ՓԲԸ-ի իրավահաջորդն էլ «Մարիոֆ» ՓԲԸ-ն է: Ըստ կանոնադրության՝ «Մարիոֆ» ՓԲԸ-ն ստեղծվել է «Սասուն Ավտո» ՍՊԸ-ի վերակազմավորումից հետո ստեղծված և դրա իրավահաջորդ «Լոգինվեստ» ՓԲԸ-ի վերակազմավորման արդյունքում՝ առանձնանալով «Լոգինվեստից»: Այսինքն՝ «Մարիոֆի» հիմնադրմանը զուգահեռ «Լոգինվեստը» շարունակել է գործել:

Ընկերության կանոնադրական կապիտալը հիմնադրման ժամանակ (2017թ.) եղել է 813 մլն 980 հազար դրամ: Սակայն, 2018թ. ապրիլին փոփոխություններ են կատարվել կանոնադրությունում, և կապիտալի չափը սահմանվել է նախ 1 մլն, ապա՝ 1 մլն 700 հազար դրամ:

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ Պետրոս Մկրյանը բաժնեմաս ունի նաև «Բայ Դը Բեստ» ՍՊԸ-ում, Իսկ այս տարվա հուլիսի 15-ին նրա մասնակցությամբ գրանցվել է մեկ այլ ընկերություն՝ «Արտ Պլազա» ՓԲԸ-ն:

Դիմել էինք գլխավոր դատախազություն՝ Սրբուհի Գալյանի ու նրա ամուսնու հայտարարագրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Պաշտոնյան նախընտրել էր գրավոր տարբերակով պատասխանել հարցերին: Մեր հարցերին պատասխանել են դատախազության հանրային կապերի բաժնից:

Ըստ պարզաբանման՝ Ս. Գալյանի կողմից 39 մլն 161 հազար դրամ փոխառությունը, որը հանձնել էր «Ադդրեսս» ՍՊԸ-ին, հանդիսանում է հիպոթեքային վարկի գումար, որը փոխանցվել է նշված ընկերությանը՝ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման նպատակով: Փոխառություն փոխանցված գումարը ձեռք է բերվել հիպոթեքային վարկով: Հայտարարագրի լրացման պահանջով է սահմանվում, որ նմանատիպ գործարքների գումարները նշվեն «հանձնված փոխառություններ» դաշտում:

Հետաքրքրվել էինք նաև Սրբուհի Գալյանի ամուսնու՝ նախկին իշխանությունների հետ ունեցած կապերի մասին, թե այդ հանգամանքը որքանով է համատեղելի Գալյանի աշխատանքի հետ, և ինչ խանգարող հանգամանքներ կարող են առաջանալ: Բացի դրանից՝ հետաքրքրվել էինք, թե որտեղից են գոյացել Գալյանի ամուսնու գումարները, ինչ ծագման գումարներ է հանձնել փոխառության, ինչ կապեր ունի վերը նշված ընկերությունների հետ, ինչպես է գնել բնակարանները և այլն: Սակայն այս հարցերին Սրբուհի Գալյանը խուսափել է պատասխանել:

«Ինչ վերաբերում է բարձրացված մյուս հարցերին, ապա պետք է նշել, որ դրանք բացառապես վերաբերում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում պաշտոն զբաղեցնող անձի ընտանիքի անդամին և հանդիսանում են անձնական տվյալներ, որոնց գլխավոր դատախազությունը չի տիրապետում»,- նշված է դատախազության պատասխանում:

Ուշագրավն այն է, որ գրության սկզբում նշված է, որ Սրբուհի Գալյանի պարզաբանման հիման վրա է տրվել պատասխանը, սակայն երբ խոսքը գնացել է պաշտոնյայի ամուսնու ունեցվածքի մասին, դատախազությունը համարել է, որ այն անձնական տվյալ է, որին կառույցը չի տիրապետում: Այլ կերպ ասած՝ ստացվում է, որ Սրբուհի Գալյանը չի ցանկացել իր ամուսնու գործարքների, ունեցած կապերի, ունեցվածքի մասին պարզաբանումներ ներկայացնել:

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Սրբուհի Գալյանի անկաշկանդ գործունեությանը խոչընդոտող հանգամանքներ առկա չեն»,- նշված է դատախազության պատասխանում:

Հարց է առաջանում. ինչպե՞ս է Սրբուհի Գալյանը զբաղվելու այլոց ապօրինի ծագման գույքի բռնագանձման հարցերով, երբ չի պարզաբանում իր ընտանիքի անդամի գույքի ծագումը, խուսափում է բաց ու թափանցիկ աշխատանքից: 

Վարչության պետ Սիրո Ամիրխանյան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ 03.09.2020 թ. հրամաններով գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում նշանակվել է Սիրո Ամիրխանյանը, վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ Տիգրան Ենոքյանը, վարչության ավագ դատախազների պաշտոններում՝ Անի Սարգսյանը և Գևորգ Քոչարյանը, իսկ վարչության դատախազի պաշտոնում՝ Տիգրան Դավթյանը:

Սիրո Ամիրխանյանը հայտարարագրել է իր 2019 թ. ունեցած գույքն ու եկամուտները: Այդ ժամանակ նա զբաղեցրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնը:

Հայտարարագրի համաձայն՝ Ս. Ամիրխանյանը 2019 թ. ունեցել է 7 մլն 294 հազար դրամի եկամուտ, որից 2 մլն 944 հազար դրամը դատախազությունից ստացած աշխատավարձն է, 4 մլն դրամը՝ գույքի օտարումից ստացած եկամուտը, իսկ մնացածը՝ բանկերից մեկից ստացած փոխառությունը:

Ի տարբերություն «համեստ» եկամուտների, Սիրո Ամիրխանյանը 2019 թ. վերջին ունեցել է 24 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար: 1 մլն 39 հազար դրամ էլ ունեցել է բանկային հաշվին:

Պաշտոնյան ունի նաև երկու ավտոմեքենա՝ 2017 թ. արտադրության «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2017-ին, և «Hyundai» մակնիշի ավտոմեքենա: 2014 թ. արտադրության այս մեքենան Ս. Ամիրխանյանը 2 մլն 900 հազար դրամով գնել է 2019-ին:

Սիրո Ամիրխանյանը միանձնյա սեփականության իրավունքով Կոտայքի մարզում առանձնատուն և այգի ունի, որոնք 2017 թ. ստացել է նվիրատվության կարգով:

002.jpg (98 KB)

Սիրո Ամիրխանյանի հայրը՝ Հրաչ Ամիրխանյանը, «Զվարթնոց» օդանավակայանում հերթափոխի պետ է աշխատում: 2019 թ. նրա եկամուտները, ըստ հայտարարագրի, կազմել են 9 մլն 935 հազար դրամ, որից 3 մլն 275 հազար դրամը աշխատավարձն է, 6 մլն դրամը՝ բնամթերքով ստացած եկամուտը, իսկ մնացածը՝ կենսաթոշակը:

Փոխարենը նշված տարում կանխիկ ունեցել է 30 մլն դրամ, իսկ բանկային հաշվում՝ 90 հազար դրամ:

Պաշտոնյայի հայրն ունի երկու ավտոմեքենա՝ «Merscedez-Benz և «Toyota», որոնք ձեռք է բերել համապատասխանաբար 2010 և 2016 թվականներին:

Հրաչ Ամիրխանյանը հայտարարագրել է նաև 10 միավոր անշարժ գույք՝ համատեղ սեփականության իրավունքով 2 բնակարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, 6 միավոր հողամաս և 2 միավոր այգի Կոտայքի մարզի Արագյուղ համայնքում:

Վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյան

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը 2019 թ. հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ էր:

Ըստ դատախազի հայտարարագրի՝ Տ. Ենոքյանի 2019 թ. եկամուտը կազմել է 7 մլն 813 հազար դրամ, որից 7 մլն 675 հազար դրամը դատախազությունից ստացած աշխատավարձն է:

Նշված ժամանակահատվածում պաշտոնյան ունեցել է նաև կանխիկ գումար՝ 3 մլն 800 հազար դրամ, 9000 ԱՄՆ դոլար և 1 մլն ռուսական ռուբլի: Իսկ բանկային հաշիվներում ունեցած գումարը կազմել է մոտ 226 հազար դրամ:

003.jpg (53 KB)

Ինչ վերաբերում է գույքին, ապա Տիգրան Ենոքյանը հայտարարագրել է մեկ ավտոմեքենա՝ 2008 թ. «Toyota», որը գնել է 2013-ին: Ունեցել է նաև մեկ բնակարան Սևան քաղաքում, որը 2019 թ. օգոստոսին վաճառել է 3 մլն դրամով:

Դատախազի կինը՝ Կարինե Կարապետյանն աշխատում է «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն: Նրա 2019 թ. եկամուտը կազմել է 12 մլն 550 հազար դրամ, որից 7 մլն 230 հազար դրամը ստացած աշխատավարձն է, 320 հազար դրամը՝ բանկերից մեկից ստացած փոխառությունը, իսկ 5 մլն դրամ էլ նվիրատվության կարգով ստացել է Սևան քաղաքի 85-ամյա բնակչուհուց:

Կ. Կարապետյանը 56 հազար ռուսական ռուբլի օգնություն էլ ստացել է ՌԴ կենսաթոշակային հիմնադրամից: Նշենք, որ Տիգրան Ենոքյանի երկու անչափահաս երեխաները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:

Կարինե Կարապետյանը հայտարարագրել է նաև կանխիկ դրամական միջոցներ՝ 1 մլն 500 հազար դրամ, 1000 եվրո և 2 մլն 362 հազար ռուբլի: Իսկ բանկային հաշիվներում առկա գումարային մնացորդները կազմել են 21 հազար դրամ և 12 հազար ռուբլի:

Դատախազի կինը ավտոմեքենա չունի: Հայտարարագրել է մեկ բնակարան Սևան քաղաքում, որը 2019 թ. նվիրատվություն է ստացել:

Վարչության ավագ դատախազ Անի Սարգսյան

Անի Սարգսյանը մինչև դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնում նշանակվելը աշխատել է քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության հատուկ կարևորագույն գործերով քննիչ:

Այդ պաշտոնում նա 2019 թ. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիր: Ըստ դրա՝ նա ունեցել է 27 մլն 833 հազար դրամի եկամուտ: Աշխատավարձը կազմել է ընդամենը 4 մլն 550 հազար դրամ, որը ստացել է Քննչական կոմիտեում, Հայ-ռուսական համալսարանում և Արդարադատության ակադեմիայում աշխատելով: Մոտ 45 հազար դրամ ստացել է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրից, 218 հազարը հանձնած փոխառության դիմաց ստացած տոկոսներն են, իսկ 23 մլն դրամը ստացած վարկն է:

Անի Սարգսյանը 2019-ին կանխիկ ունեցել է 1 մլն դրամ, իսկ բանկային հաշվում՝ 750 հազար դրամ:

Հայտարարագրել է 2007 թ. արտադրության «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2017-ին: Հայտարարագրի համաձայն՝ Անի Սարգսյանը բնակարան չունի:

Նշենք, որ ներկայում ավագ դատախազը 2019 թ. 26 մլն 536 հազար դրամ փոխառություն է տվել «Բիդեք» ՍՊԸ-ին: Դատախազությունից պարզաբանեցին, որ փոխառություն հանձնած գումարը կառուցապատողին փոխանցած հիպոթեքային գումար է՝ բնակարան գնելու նպատակով:

004.jpg (61 KB)

Հիշեցնենք, որ «Բիդեք» ՍՊԸ-ն և ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին՝ Դավիթ Սեդրակյանը, 2019 թ. հունվարի 16-ին դիմում էին ներկայացրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` հայտնելով, որ Սեդրակյանը ցանկանում է ձեռք բերել Գառնիկ Ավետիսյանին 100 %-ով պատկանող «Բիդեք» ընկերության կանոնադրական կապիտալի 75 % բաժնեմասը: Ընկերությունը գրանցվել է 2009 թ. և իրականացնում է հիմնականում շինարարական գործունեություն: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել էր «Բիդեք» ՍՊԸ-ի և Դավիթ Սեդրակյանի համակենտրոնացումը:

Վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյան

Վարչության հաջորդ ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը մինչ նոր պաշտոնը աշխատել է որպես Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ: 2019 թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ Գ. Քոչարյանի տարեկան եկամուտը կազմել է մոտ 7 մլն 708 հազար դրամ, որից 3 մլն 120 հազար դրամը ստացել է ձեռնարկատիրական գործունեությունից՝ «Ուրբան Իվենթս» ՍՊԸ-ից, Դեղ արտադրողների և ներմուծողների միությունից և «Ավագ դպրոց Ակադեմիական» ՍՊԸ-ից, իսկ 750 հազար դրամը բանկից ստացած վարկի գումարն է, մնացածը՝ տարբեր աղբյուրներից ստացած աշխատավարձը:

005.jpg (48 KB)

Որպես կանխիկ գումար ավագ դատախազը հայտարարագրել է 1 մլն 450 հազար դրամ, 16 հազար 400 դոլար: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 749 հազար դրամ, 104 դոլար, 28 եվրո: 749 հազարը - նշանով ա, ինչը նշանակում ա, որ վարկի գումար ա, որը պիտի մարի: Չգիտեմ, թե խի ա գրել դա որպես բանկային հաշիվ, բայց եկամուտների մեջ նշված ա, որ 750 հազար վարկ ա վերցրել:

Հայտարարագրել է 2008 թ. արտադրության «Mercedez-Benz» մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2019 թ.՝ 4950 ԱՄՆ դոլարով:

Գևորգ Քոչարյանն ունի մեկ բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը համատեղ սեփականություն է:

Ավագ դատախազի կինը՝ Գոհար Ալլահվերդյանը, հանդիսանում է Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի հաշվապահը: Աշխատել է նաև «Թրեյդքոսմետիկս» ՍՊԸ-ում, Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում: Ամուսնու պես ձեռնարկատիրական գործունեությունից առաջացած եկամուտ է ստացել «Ավագ Դպրոց Ակադեմիական» ՍՊԸ-ից:

Ունեցած կանխիկ գումարի չափը կազմել է 1 մլն 200 հազար դրամ:

Ունի երկու ավտոմեքենա՝ 2007 թ. արտադրության «Toyota», որը գնել է 2016 թ. և 2019 թ. գնած «Hyundai»: Վերջինս 2014 թ. արտադրության է և դատախազի կինը գնել է 2430 ԱՄՆ դոլարով:

Գոհար Ալլահվերդյանը հայտարարագրել է նաև 3 միավոր անշարժ գույք՝ 2 հողամաս Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում, ինչպես նաև բնակարան Դավթաշենում, որը ձեռք է բերել նվիրատվության կարգով: Ունեցել է նաև ավտոտնակ, որը օտարվել է:

Վարչության դատախազ Տիգրան Դավթյան

Տիգրան Դավթյանը մինչև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնում նշանակվելը եղել է դատավորի օգնական: Այդ պաշտոնը ստանձնելու օրվա (02.03.2020) դրությամբ ունեցած գույքի ու եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Տ. Դավթյանն ունեցել է ընդամենը 241 հազար դրամ եկամուտ (սա հունվարից մինչև պաշտոնն ստանձնելու օրը ստացած ընդհանուր եկամուտն է): Նշված եկամուտը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ստացած աշխատավարձն է:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Տ. Դավթյանը կանխիկ ունեցել  է 8000 դոլար, իսկ բանկային հաշվի մնացորդը կազմել է 1 մլն 175 հազար դրամ:

Պաշտոնյան ունեցել է նաև հանձնած փոխառություն: «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ին հանձնած փոխառության չափը կազմում է 850 հազար դրամ: Բացի դրանից՝ նա 2017 թ. ձեռք է բերել պարտատոմս՝ 3000 դոլար արժեքով:

Տիգրան Դավթյանը 2019 թ. ձեռք է բերել 2015 թ. արտադրության «Kia» մակնիշի ավտոմեքենա: Ըստ հայտարարագրի՝ նա բնակարան կամ որևէ այլ անշարժ գույք չունի:

Հայրը՝ Սամվել Դավթյանը ևս անշարժ գույք չի հայտարարագրել: 2019 թ. գնել է 2009 թ. արտադրության «Toyota» մակնիշի ավտոմեքենա: Չի հայտարարագրել ոչ մի եկամուտ, սակայն կանխիկ ունեցել է 2 մլն դրամ:

Տիգրան Դավթյանի մայրը՝ Ռուզաննա Դավթյանը, համատեղ սեփականության իրավունքով ունի մեկ բնակարան, որը գտնվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Բնակարանը գնել է 2013 թ.: Որպես կանխիկ գումար հայտարարագրել է 4 մլն 200 դրամ, իսկ եկամուտը, որը գոյացել է ձեռնարկատիրական գործունեությունից, կազմել է 1 մլն 627 հազար դրամ:

Լուսանկարները՝ դատախազների ֆեյսբուք էջերից

Մեկնաբանություններ (1)

Viken Froundjian
Great work as usual. Obviously, you are not able at this point to make any judgment as to the legality of all these transactions, but it is interesting that a lot of the above mentioned people have received apartments as "gifts"...I wonder why no one does that to ordinary people.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter