
Սահմանվեց համավարակի դեմ պայքարում Կառավարության գործունեությունը գնահատող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը
Խորհրդարանը սահմանեց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած քննիչ հանձնաժողովի անդամների թիվը, որը զբաղվելու է համավարակի դեմ պայքարում Կառավարության գործունեության արդյունավետության ուսումնասիրմամբ:
Հանձնաժողովը ստեղծվել էր իրավունքի ուժով` ԱԺ պատգամավորների մեկ քառորդի դիմումի հիման վրա, որից հետո խորհրդարանը պետք է հաստատեր հանձնաժողովի անդամների թիվը:
Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` հիշեցնելով, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում համավարակը հաղթահարված չէ, և շատ գիտնականներ փորձում են պարզել կորոնավիրուսի իրական ծագումնաբանությունը առավել արդյունավետ կանխարգելիչ միջոցներ գտնելու համար: Ըստ Մակունցի` չնայած նման քննիչ հանձնաժողով ստեղծելն այս պահի դրությամբ անհասկանալի է իրենց համար, սակայն չեն խոչընդոտի ստեղծմանը: Նախագիծն ընդունվեց 110 կողմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հանձնաժողովում կարող է ընդգրկվել 7 անդամ «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ` «Բարգավաճ Հայաստանից», 2 անդամ` «Լուսավոր Հայաստանից»: Հանձնաժողովի նախագահն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիս է:
Մեկնաբանել