HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թռչնաբան․ արագիլների աղտոտման պատճառն աղբավայրում հայտնված ձկան թափոններն են

Արարատյան դաշտի մի շարք գյուղերում բնադրող արագիլների աղտոտման պատճառը Մասիս քաղաքի աղբավայրն է։ Այս մասին «Հետքի» հետ զրուցում ասել է «BirdsLink Armenia» կազմակերպության նախագահ, թռչնաբան, շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը, ով Արարատի ու Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում արագիլների աղտոտման հետազոտության էր կատարել։

Թռչնաբանի գլխավորած խումբն այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին 11 գյուղերում կատարել է արագիլների հաշվառում։ Արդյունքում պարզվել է, որ թռչունների 60 տոկոսը պատված է յուղային նյութով։ Խումբը հետեւել է նաեւ արագիլների վարքագծին՝ որտեղի՞ց են գալիս, ո՞ւր են գնում։ Հետքերը հետազոտողներին տարել են Մասիսի աղբավայր։

Կարեն Աղաբաբյանն ասում է, որ իրենք աշխատում էին բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հետ ու համատեղ հայտնաբերել են, որ արագիլների աղտոտման վայրը Մասիսի աղբավայրն է։ Աշխատանքների համակարգմամբ զբաղվել է շրջակա միջավայրի նախարարությունը։

«Նյութը, որով պատվում են արագիլները, հիմնականում ձկնաբուծարաններից դուրս եկած ձկների ներքին օրգաններն են՝ փորոտիքը։ Երբ զանգվածային մորթ է տեղի ունենում ձկնաբուծարաններում, այդ փորոտիքը լցնում են տոպրակների մեջ, տանում Մասիսի աղբավայր»,- ասում է թռչնաբանը։ Աղբավայրում, սակայն, թափոնները հողային շերտով չեն ծածկվում, ինչի հետեւանքով թափառող կենդանիներն սկսում են սնվել դրանցով՝ ձկան մնացորդները տարածելով շրջակայքում։ Արագիլներն էլ, իրենց վարքագծում լեշակերություն ունենալով, գալիս-սնվում են այդ մնացորդներով՝ փետուրները պատելով թափոնների յուղային շերտով։ Աղտոտման շղթան հասնում է ձագերին, քանի որ յուղային շերտով պատված ծնողները հենց ձկան թափոններից են կեր բերում ձագերին։

Կարեն Աղաբաբյանն ասում է, որ այս տարի, բարեբախտաբար, աղտոտված արագիլների դեպքերի վերաբերյալ ահազանգը շուտ են ստացել եւ ավելի շատ ժամանակ են ունեցել հետազոտության համար։ Խումբը հավաքել է վատ թռչող կամ չթռչող 12 առանձնյակ՝ դրանց տեղավորելով «Zoo Fauna Art» կազմակերպության տարածքում։ Այստեղ է իրականացվում թռչունների մաքրումն ու խնամքը։ Ի տարբերություն նախորդ փորձերի՝ այս անգամ արագիլների մաքրումը միանգամից չեն իրականացնում։ Ըստ Աղաբաբյանի՝ թռչունների կազդուրվելուց հետո են սկսում մաքրումը, որպեսզի արագիլները քիչ սթրեսի ենթարկվեն։

«Հետքի» զրուցակցի տեղեկացմամբ՝ Հայաստանում հաշվառված 736 զույգ արագիլներից 101-ը գտնվում են իրենց հետազոտության տարածքում՝ Հովտաշենից մինչեւ Երասխահուն։

«Քրգործն օբյեկտիվորեն փակվեց»

Արարատյան դաշտի գյուղերի արագիլների աղտոտման դեպքեր գրանցվել էին նաեւ նախորդ տարի, ինչի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել։ Բնապահպաններն ու թռչնաբանները Արարատի ու Արմավիրի մարզերի 10-ից ավելի համայնքներում հայտնաբերել էին կեղտոտված, յուղային շերտով պատված արագիլների առանձնյակներ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դրանցից մեկին տարել էին ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն։ Թռչունն ամբողջությամբ պատված է եղել կեղտի եւ ճենճի հաստ շերտով, ինչի պատճառով անընդունակ էր թռչել։ Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվել էր, որ դրանց վրա սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ է։

Սակայն հետագայում տեսչական մարմինն այդպես էլ չէր կարողացել պարզել, թե կոնկրետ ինչ յուղանյութ է՝ պատճառաբանելով համապատասխան սարքավորում չունենալը։ Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ աղտոտված արագիլներ կային Արարատի մարզի 11 գյուղերում, իսկ ըստ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի աշխատակիցների՝ այդպիսի 20 գյուղ կար Արարատում եւ Արմավիրում։

Բնապահպանները ենթադրում էին, որ թռչունների աղտոտման պատճառը հարակից ձկնաբուծարաններից շրջակա միջավայր թափվող ձկան մնացորդներն են։ Կենդանաբան Լյուբա Բալյանը կարծիք էր հայտնել, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը Հրազդան գետի աղտոտվածությունն է, որտեղ նետվում են ձկնաբուծարանների եւ այլ օբյեկտների մնացորդները։

Այս տարվա մայիսին արագիլների աղտոտման վերաբերյալ քրեական գործը կարճվեց։ Կարեն Աղաբաբյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ իրենք հետեւում էին քրգործի ամբողջ ընթացքին, եւ այն օբյեկտիվորեն փակվեց, քանի որ իրավապահ մարմինները չկարողացան գտնել աղտոտվածության պատճառը եւ ուղղակի կապը ձկնաբուծարանների հետ։ Աղաբաբյանի կարծիքով՝ անցած տարի իրենց վարկածն այն էր, որ արագիլներն աղտոտվում են ձկնաբուծարանների շրջակայքում գտնվող ջրանցքներում։ Սակայն այդ կապն այդպես էլ չբացահայտվեց։

Թռչնաբանը նշում է, որ այս անգամ դժվար չէ գտնել կապը, նա նաեւ կարեւորում է տուգանքների կիրառումը, որպեսզի ձկնաբուծարանները թափոնների խոտանումը պատշաճ ձեւով իրականացնեն։

Ձկան թափոններին կարելի է երկրորդ կյանք տալ

«Հետքի» զրուցակիցն, ով նաեւ շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատուն է, ասում է, որ նախարարության հետ ծրագրում են առաջիկայում ձկնաբուծարաններին պարտադրել հաշվետվություններ ներկայացնել թափոնների մասին։ Ըստ Աղաբաբյանի՝ ձկնաբուծարանները հիմա նման բան չեն անում։ Թռչնաբանը նաեւ նկատում է, որ ձկնաբուծարանները պարտավոր են աղբավայր տեղափոխած թափոնները ծածկել հողի շերտով, սակայն ձկան մնացորդները թափելը նա ճիշտ տարբերակ չի համարում, քանի որ, ըստ Աղաբաբյանի, ձկան ներքին օրգանները շատ լավ հումք են ձկնալյուր եւ ձկան յուղ ստանալու համար, որոնք կարելի է օգտագործել տարբեր կոմբինացված կերերի պատրաստման համար։

Լուսանկարները տրամադրել է Կ․ Աղաբաբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter