HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դալմայի այգիների տարածքում պտղատու այգի է այրվել

Դալմայի այգիների տարածքում սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվել է Մանուշակ Բաղդասարյանի մշակած այգու մի հատվածը։

Մանուշակ Բաղդասարյանի հողօգտագործման իրավունքին անդրադարձել ենք ««Կոնվերսբանկ»-ի խորհրդի նախագահի չստեղծած ընկերությունը Դալմայի այգիներին և Երևանին «նվեր» է պատրաստում» հետաքննության մեջ։ «Կոնվերսբանկ»-ի խորհրդի նախագահ Արմեն Տեր–Տաճատյանին Կառավարության որոշմամբ օտարված հողաակտորի մի մասը գտնվում է Մանուշակ Բաղդասարյանի հիմնած և մշակած այգու տարածքում։

Տիկին Մանուշակը մեզ ցույց է տալիս հրդեհի պատճառած վնասները։ Այրվել են խաղողի վազերը, դեղձենիները, ծիրանենիները։ «Երեկ եկա դեռ ծխում էր։ Հրշեջները, ուսապարկերը մեջքներին, դեռ տեղ–տեղ հանգցնում էին կրակը։ Այնտեղ օջախը դեռ վառվում է, մինչև հիմա ծառը վառվում է»,– ասում է այգեգործը։ Հրդեհի բռնկման ժամանակ Մանուշակ Բաղդասարյանն այգում չի եղել, կեսգիշերն անց է հրդեհվել այգու հարակից տարածքը, ապա կրակը տարածվել է դեպի իր այգին։ Հրդեհի մասին տեղեկացրել է հարևան հողօգտագործողը։

Այգեգործը դժվարանում է ասել՝ հրդեհը պատահականության հետևանքով է առաջացել, թե միտումնավոր են այրել։ «Չգիտեմ՝ ի՞նչ ձեռք պետք է լինի, որ այսպիսի վնաս տա։ Այ մարդ, ինչի՞ եք ավիրում, այս բերքից ես օգտվում եմ, ծառերից ակնկալիք ունեի»,- ափսոսանքով նշում է Մանուշակ Բաղդասարյանը։

Հարցին՝ հրդեհը պատահականություն կարո՞ղ էր լիներ, նա պատսախանեց․ «Պատահականությու՞ն, չգիտեմ։ Ես ոչ մի թշնամի չունեմ, որ ինձ վնաս տան։ Ուղղակի, որ տարածքը նպատակ է լինում օտարելու, այդ տարածքը հանկարծ այրվում է։ Նույնը ներքևի հատվածում եղավ։ Եթե տարածքը օտարվում է ինչ-որ նպատակով, թող տղամարդ լինեն, ասեն՝ օտարվում է։ Հատուցում հասնում է՝ տան մեզ հատուցում, մենք դուրս գանք, չնայած չեմ ուզում դուրս գամ»։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրդեհի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասված է․ «Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 03։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։42-ին, մարվել՝ 06։25-ին։ Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter