HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր զարգացումներ Ամուլսարի ծրագրի շուրջ․ ինչո՞ւ է լռում Շրջակա միջավայրի նախարարությունը

Անցած տարի՝ 2019 թ․-ի սեպտեմբերի 5-ին, Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը գրություն էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ և Քննչական կոմիտե։

Այդ գրությունը պարունակում էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, «ELARD» և «TRC» ընկերությունների՝ 13 կետից բաղկացած դիրքորոշումը «Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման փաստաթղթերի վերաբերյալ։ Այն կազմվել էր վարչապետի հանձնարարականով։

Նույն տարվա օգոստոսին Կառավարության, Քննչական կոմիտեի և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի էր ունեցել հեռավար հանդիպում «ELARD»-ի փորձագետների հետ: 

Հանդիպման ժամանակ քննադատությանն էր արժանացել և՛ «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերը, և՛ Քննչականի, մասնավորապես՝ քննիչ Յուրա Իվանյանի գործողությունները։ 

Գիտությունների ազգային ակադեմիայի «Հետքի» աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 4-ին, Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա է ուղարկել «Լիդիան Արմենիա»-ի կողմից մշակված նոր ծավալուն պարզաբանումները։ Դրանք ընկերությունը պատրաստել է ի պատասխան վերևում նշված 13 կետից բաղկացած դիրքորոշմանը։

Այս գրության մեջ նախարարը ԳԱԱ-ին հանձնարարել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել և տրամադրել կարծիք «Լիդիան Արմենիա»-ի այս նոր պարզաբանումների վերաբերյալ։

Հաշվի առնելով Ամուլսարի շուրջ տեղի ունեցող ցանկացած զարգացման վերաբերյալ հանրային մեծ ուշադրությունը, պարզ չէ, թե ինչու Շրջակա միջավայրի նախարարությունը այս նոր գործընթացները չի հանրայնացրել։ Այս պարզաբանումների մասին հանրությանը չի տեղեկացրել նաեւ «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ 

Պարզ չէ նաև, թե ինչու է նախարարությունը հանձնարարում ԳԱԱ-ին ուսումնասիրել «Լիդիան Արմենիայի» նոր պարզաբանումները, երբ արդեն կան և՛ «ELARD»-ի ու TRC-ի, և՛ Ազգային ակադեմիայի գնահատականները։ Մեկ տարվա ընթացքում «Լիդիան Արմենիան» հազիվ թե հասցներ նոր ուսումնասիրություններ և դաշտային աշխատանքներ իրականացնել Ամուլսարի տարածքում՝ դեպի Ամուլսար տանող ճանապարհները շարունակել են փակ մնալ տեղացիների կողմից։ Իհարկե, ըստ օրենքի՝ ԳԱԱ-ն գիտական գործունեության գծով Կառավարության պաշտոնական խորհրդատուն է, բայց Ամուլսարի ծրագրի մասով բազմիցս իրենց կարծիքներն են հայտնել և՛ տեղացի, և՛ միջազգային բարձր համբավ ունեցող փորձագետները, իսկ Կառավարությունը դրանք հաշվի չի առել։

Ինչպես արդեն նշել ենք, նախարար Պետրոսյանը ԳԱԱ-ին հանձնարարել է «Լիդիանի» պարզաբանումները ուսումնասիրել սեղմ ժամկետներում։ «Լիդիան Արմենիա»-ն ունեցել է շուրջ մեկ տարի իր պարզաբանումները պատրաստելու համար, ինչո՞ւ է նորանշանակ նախարարը ԳԱԱ-ին շտապեցնում այս հարցում։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, ըստ երևույթին, նախարարությանը այս պարզաբանումները ներկայացրել է սեփական նախաձեռնությամբ։ Մինչդեռ ընկերությունը բազմիցս հնարավորություն ունեցել է պատասխանել «ELARD»-ի փորձագետների հարցերին և անցած տարի վերջնական դիրքորոշումը կազմվել է հաշվի առնելով ընկերության պատասխանները։

Հիշենք «ELARD»-ի ուսումնասիրությանը վերաբերվող հանդիպման ժամանակ Դոկտոր Նիդալի խոսքը, որը, պատասխանելով «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցչին, նշել էր․ «Դուք ներկայացրել եք 11 էջանոց պատասխան մեր հաշվետվության նախագծին։ Մենք արձագանքել ենք դրանցից յուրաքանչյուրին, հարցեր ենք ավելացրել և Քննչական կոմիտեի միջոցով ձեզ հարցեր ենք ուղղել։ Դուք այդ հարցերի մեծ մասին չեք պատասխանել, կամ պատասխանները պարզապես շրջանցող էին իրենց էությամբ, անուղղակի պատասխաններ էին։ Ձեր պատասխաններից մի քանիսը մեզ նույնիսկ օգնեցին բարելավել մեր գնահատումը։ Կոնկրետ կարող եմ ասել՝ որոնք»։

Հարց է առաջանում, թե ինչու է ընկերությունն այս պարզաբանումները ներկայացնում մեկ տարի անց, եթե կարող էր դա անել դեռ անցած տարի, երբ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հանրայնացրել էր հոդվածի սկզբում նշված փաստաթուղթը։

Դիմել ենք Շրջակա միջավայրի նախարարին և խնդրել պարզաբանել, թե ինչու այս գործընթացը չի հարնայնացվել, և ինչու է նախարարը շտապեցնում ԳԱԱ-ին։ Նախարարի պարզաբանումը կհրապարակենք այն ստանալուն պես։ 

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ Կիրակոսյան (ինժեներ, թոշակառու)
Հարգելիներս! Ինչպես հասկանում ենք, ՇՄԱԳ - ը դա կարեւոր փաստաթուղթ է: Հիմա տարիներ առաջ ներկայացված ու հաստատված այդ կարեւոր փաստաթուղթի տվյալների մեջ իրականությանը չհամապատասխանող մեծաթիվ սխալներ են հայտնաբերված: Մի կողմ թողնելով մեղավորների ու պատասխանատվության հարցը, փորձենք հասկանալ, թե ի՜նչ են փորձում, կամ ի՜նչ կարող են անել հիմա: Պարզ է, որ այդ փաստաթղթի մեջ ներկայացված թվերը պիտի փոխվեն, քանի որ արդեն ֆիքսված է նրանց անհամապատասխանություններն իրականության հետ: Սակայն եթե թվեր են փոխվում, դա նշանակում է, որ փաստաթուղթ է փոխվում եւ ընդունվում՝ նոր ժամանակագրությամբ, որը հնարավոր է միայն հինը անվավեր ճանաչելու դեպքում: Իսկ եթե հնի մեջ են տվյալներ փոխվում՝ հին կնիքների եւ նախկինների ստորագրությունների ներքո, ապա ստացվում է պարզագույն կեղծիք, որը խիստ պատժելի արարք է հանդիսանում: Այսպիսով, այն մաքսիմումը որը կարող է անել մեր հարազատ իշխանությունը ,,հարազատ Լիդայի,, համար, մնալով օրինականության սահմաններում, դա կարող է լինել միայն նոր ՇՄԱԳ ներկայացնելու համաձայնությունը՝ իր բոլոր ընթացակարգերով: Այլ ելք պարզապես գոյություն չունի բացի, իհարկե, ակնհայտ կեղծիքների մեթողը, որի համար վերջ - առաջ պատասխան է պահանջվում! (ՀԱՐԳԱՆՔՆԵՐՍ ՆՐԱՆՑ, ՈՒՄ ՍԱ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է!)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter