HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանները Գևորգ Նարինյանի գործով խուզարկություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ 14 որոշում են բողոքարկել

Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի խափանման միջոց կալանքի ժամկետը սեպտեմբերի 10-ին երկարացվել է երկու ամսով։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Նարինյանի պաշտպաններից Վարազդատ Բադալյանը։ Միջնորդությունը քննել և բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։ Պաշտպաններն այս որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու հոդվածներով։ Նույն գործով անցնում է նաև դատավոր Արա Կուբանյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Նարինյանը հուլիսի 20-ին կալանավորվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, որի դեմ պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Օգոստոսի 10-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուսաննա Բարսեղյանի, պաշտպանների բողոքը մերժել է։

Վարազդատ Բադալյանը հայտնեց, որ Ռուզաննա Բարսեղյանի որոշման դեմ վճռաբեկ բողոք են տարել։

Նշենք, որ Նարինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման հիմքում դրվել է գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը։

Դատավոր Նարինյանը կալանքի տակ է արդեն շուրջ երկու ամիս։ Մեր հարցին՝ այս ընթացքում ի՞նչ քննչական, դատավարական գործողություններ են կատարվել նրա մասնակցությամբ, Բադալյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ ջանասիրություն չի դրսևորել, Նարինյանին կալանավորելու օրվանից՝ հուլիսի 20-ից հետո նրա մասնակցությամբ որևէ քննչական, դատավարական գործողություն չի իրականացվել մինչև սեպտեմբերի 10-ը, այսինքն՝ նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննության օրը։

Ընդհանուր առմամբ՝ պաշտպաններ Վարազդատ Բադալյանն ու Մհեր Հակոբյանը դատավորի գործով 14 որոշում են բողոքարկել՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև խուզարկություններ իրականացնելու թույլտվություն տալու որոշումների դեմ։ Այս պահին որևէ բողոքի վերաբերյալ որոշում կայացված չէ։

Նշենք, որ դատավոր Նարինյանն իրեն մեղավոր չի ճանաչում իրեն մեղսագրվող որևէ արարքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter