HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հեռավար աշխատանք. ովքեր, ինչու և երբ կվերադառնան գրասենյակներ

Կորոնավիրուսը հեղափոխություն է իրականացրել գրասենյակային կյանքում։ Միլիոնավոր մարդիկ աշխատում են տնից, չեն երթևեկում հանրային տրանսպորտով, չեն ճաշում ճաշարաններում և անընդհատ բանավիճում են այն մասին, թե արդյոք լավ է այսպես աշխատելը։ Ոմանք կարոտում են աղմկոտ բիզնես կենտրոնները, աշխատավայրերը, անձնական շփումներն ու գործարար ճաշերը։ Մյուսները չեն ուզում հիշել առավոտյան շուտ արթնանալու և գործընկերների հետ հանդիպումների մասին, ոմանք էլ նախընտրում էր տետատետ հանդիպումները փոխարինել առցանց տեսազանգերով։

Թե ինչպես կավարտվի գրասենյակային տնտեսության պատմության ամենամասշտաբային գիտափորձը, պարզ կլինի միայն համավարակի վերջում։ «BBC»-ն փորձել է նկարագրել նոր իրականությունը, առաջ քաշել գրասենյակներ վերադառնալ ցանկացողների և նրանց ընդդիմախոսների հիմնական փաստարկները։

Այսպես, նրանք, որոնք արդեն իսկ աշխատում են գրասենյակներում կամ ցանկանում են վերադառնալ, հաճախ պնդում են, որ համավարակը զիջում է, և ճգնաժամն առավել վտանգավոր է, քան վիրուսը։ Իսկ հեռավար աշխատել նախընտրող անձինք պնդում են, որ եթե մարդկությունը վերադառնա նախկին կյանքին, համավարակը կվերադառնա, իսկ առողջությունը գլխավորն է։

Չնայած աշնանը գրանցվող կորոնավիրուսային բռնկումներին, կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն շատ ավելի քիչ են, քան գարնանը, և հասարակությունը կորցնում է վախը, չի ընդունում լոքդաունները և ձգտում է համակերպվել վիրուսին՝ բնականոն կյանք վերադառնալու համար։ Ինչպես նշում է ԱՄՆ ամենահայտնի բանկիրներից մեկը, տնտեսությունը վիրուսից կարևոր է, քանի որ «հանրությանը վնասում է տանը նստելը»։ Վերջերս «JPMorgan Chase»-ի ղեկավար Ջեյմի Դեյմոնը նշել է, որ ավելի շատ մարդ կմահանա դեպրեսիաներից և գերդոզավորումից, եթե սկսվի հերթական ռեցեսիան։

Քննադատները հակառակն են պնդում։ Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է մեկ միլիոնի։ Առջևում ձմեռն է, երկրորդ ալիքի հավանականությունը, ինչպես երբևէ, բարձր է։ Պետք է հիշել առաջնահերթությունների մասին. սկզբում երեխաներին վերադարձնել դպրոց, իսկ ուսանողներին՝ համալսարան։ Եվ եթե պետք է ինչ-որ մի բան զոհաբերել, ապա կարելի է հետաձգել գրասենյակներ վերադառնալը։

ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին զգուշացնում է, որ վարակման նման մակարդակի պայմաններում սահմանափակումների չեղարկումը ճիշտ չէ։ Եվ հատկապես դա վերաբերվում է այն երկրներում հեռավար աշխատելուն, որտեղ գործարար կյանքը կենտրոնացած է մեկ խոշոր քաղաքում, ֆինանսական կենտրոնները գտնվում են երկնաքերերում, իսկ տրանսպորտը ծանրաբեռնված է։ Գրասենյակային առօրյայի ժամանակագրությունը լավ պատկերում է այս խնդիրը։ Ամռան կեսերին բոլոր եվրոպական քաղաքներից միայն Լոնդոնում է, որ գրասենյակային աշխատակիցների 50 %-ը ամբողջական շաբաթ աշխատել են տնից։ «Morgan Stanley» բանկի տնտեսագետները հաշվարկել են, որ Փարիզում, Միլանում, Բեռլինում, Մայնի Ֆրանկֆուրտում, Մադրիդում այդ ցուցանիշը երկու անգամ պակաս է՝ մոտ 25 %։

Նրանք, որոնք արդեն իսկ աշխատում են գրասենյակներում կամ ցանկանում են վերադառնալ, հաճախ պնդում են, որ քաղաքների կենտրոնները «մահանում են», իսկ հեռավար աշխատել նախընտրող անձինք ընդգծում, որ «կենդանանում են» ծայրամասերը։ Արդյունքում, Նյու Յորքի և Լոնդոնի գործարար կենտրոններում ամռան ողջ ընթացքում գրեթե չեն եղել խցանումներ և տրանսպորտի գերծանրաբեռնվածություն։ Իշխանությունները սկսել են անհանգստանալ. առանց զբոսաշրջիկների և գրասենյակային աշխատակիցների, քաղաքի կենտրոնին սպառնում է «մահ»։ Իսկ ծայրամասերի բնակիչները նշում են, որ մտահոգվելու կարիք չկա։ Նրանք յուրաքանչյուր օր տնտեսում են տասնյակ դոլարներ՝ տրանսպորտի, սուրճի և սենդվիչների վրա, և այդ գումարը ծախսում են իրենց տների մոտակայքում՝ աջակցելով տեղական փոքր բիզնեսին, այլ ոչ թե ռեստորանային խոշոր ցանցերին և տրանսպորտային մոնոպոլիային։ Արդյունքում, աշխուժանում են ծայրամասային թաղամասերը, ինչը, բնականաբար, շատերին ձեռնտու է։

Խոշոր քաղաքների կենտրոնական թաղամասերը «չեն մահանա», եթե նույնիսկ տնից աշխատելու հնարավորություն ունեցող անձանց 100 %-ը որոշի այդ քայլին դիմել։ Ամերիկացի գիտնականների վերջին հաշվարկների համաձայն՝ ԱՄՆ-ում աշխատատեղերի միայն 37 %-ն է հնարավոր անել տնից։ Մյուսները ստիպված կլինեն դուրս գալ աշխատանքի։ Այդուհանդերձ, այդ 37 %-ին է բաժին հասնում ԱՄՆ բոլոր աշխատավարձերի 46 %-ը։ Հիմնականում դրանք միջինից բարձր աշխատավարձ ստացող գրասենյակային աշխատողներն են։ Եվ բնականաբար հենց նրանք էլ հիմնականում օգտվում են աշխատանքի դուրս եկող քաղաքացիների ծառայություններից. տաքսի, ֆիթնես, շոփինգ, զվարճանքներ և հանրային սնունդ։

Նրանք, որոնք արդեն իսկ աշխատում են գրասենյակներում կամ ցանկանում են վերադառնալ, հաճախ պնդում են, որ տրանսպորտը ծանրաբեռնված չէ, իսկ ընդդիմախոսները հակառակն են ասում։ Հեռավար աշխատանքի զոհերից մեկն էլ դարձել է հանրային տրանսպորտը։ Այն կրում է խոշոր վնասներ և պահանջում սուբսիդավորում։ Այդ իսկ պատճառով իշխանությունները ցանկանում են աշխատակիցներին վերադարձնել գրասենյակներ, հատկապես խոշոր մեգապոլիսներում, նույնիսկ եթե դրա համար պետք է սահմանափակվեն շփման մյուս տարբերակները. հյուրընկալության արգելք, խմբերով հավաքներ կամ երեկույթներ։

Հարցումները ցույց են տալիս, որ շատերը դեմ չեն վերադառնալ գրասենյակներ, սակայն հենց տրանսպորտն է ամենից շատը վախեցնում նրանց, քան աշխատավայրը։ Այդքան էլ մտահոգիչ չէ աշխատելը գրասենյակում, որտեղ աշխատակիցները հստակ պահպանում են սոցիալական հեռավորություն, ինչը բնականաբար անհնարին է հանրային տրանսպորտում։ Գրասենյակներ մեկնելն ունի ևս մեկ ասպեկտ՝ բնապահպանականը։ Ինչքան քիչ մարդ է մեքենա քշում, այնքան քիչ են արտանետումները։

Զուգահեռաբար, տանը մնալով մարդիկ ավելի շատ հոսանք և ջեռուցում են օգտագործում, իսկ արդյունքում մթնոլորտ է արտանետվում ածխաթթու գազ։ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) հետազոտողները հաշվել են, որ արտանետումները կրճատվում ենանձնական մեքենայով միայն 6 կիլոմետր և ավելի ճանապարհ անցնելուց հրաժարվելու ժամանակ։ Նրանց գնահատականներով, եթե աշխարհում բոլոր հնարավոր աշխատատեղերն անցնեն հեռավար աշխատանքի, նույնիսկ հաշվի առնելով տնային տնտեսություններից արտանետվող ածխաթթու գազը, ապա փաստացի Երկիր մոլորակը կազատվի միայն 24 միլիոն տոննա ածխաթթու գազից, ինչը համարժեք է մեկ տարվա ընթացքում միայն Լոնդոնի արտանետումների ցուցանիշներին։

Նրանք, որոնք արդեն իսկ աշխատում են գրասենյակներում կամ ցանկանում են վերադառնալ, հաճախ պնդում են, որ ցանկանում են աշխատանքի վերադառնալ, քանի որ տանը ընկել է աշխատունակությունը, իսկ ընդդիմախոսները պնդում են, որ, հակառակը, աշխատունակությունը բարձրացել է։ Թերևս սա այն պնդումն է, որի շուրջ ձգվում են ամենաթեժ բանավեճերը։ Անգլիական երկու համալսարանների հետազոտողները, վերլուծելով Վիճակագրության բրիտանական ծառայության հարցումների տվյալները, պարզել են, որ հարցվածների 30 %-ը վստահ են, որ տանն իրենք ավելի շատ գործ են անում, քան գրասենյակում։ Նույնքան է նաև հակառակը պնդողների տոկոսային թիվը։ Մնացածն էլ կարծում են, որ էական չէ, թե որտեղից ես աշխատում։ Հարվարդի համալսարանի հետազոտությունն էլ ցույց է տվել, որ տնից աշխատելը եթե ավելի լավ չէ, ապա գոնե ավելի երկար է, քանի որ միջինում աշխատանքային ժամն ավելանում է մեկ ժամով։

Նրանք, որոնք արդեն իսկ աշխատում են գրասենյակներում կամ ցանկանում են վերադառնալ, հաճախ նշում են, որ «հոգնել են ընտանիքից», իսկ ընդդիմախոսներն էլ երբեմն պնդում են հակառակը, որ ընտանիքն ավելի կարևոր է։ Կորոնավիրուսը կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ դիսկուրսը նոր մակարդակի է բերել։ Շատերը տարիներով բողոքում էին, որ տանը գրեթե չեն լինում և չեն տեսնում հարազատներին։ Սակայն ոչ բոլորն ուրախացան տանը մնալու հնարավորությունից։

Լոքդաունը հեռավար աշխատողներին բաժանեց երկու խմբի. նրանք, որոնք երջանիկ են, որ շատ ժամանակ են անցկացնում երեխաների, ամուսինների կամ հարազատների հետ և նրանք, որոնց աշխատանքի գնալը, գոնե որոշակի առումով, կտրում էր տնային գործերից և կենցաղային խնդիրներից։ Հարցումները ցույց են տալիս, որ աշխատակիցների մեծ մասը ուրախ կլիներ, եթե կարողանար որոշակիորեն պահպանել տնից աշխատելու հնարավորությունը, որպեսզի ավելի շատ շփվեր ընտանիքի անդամների հետ։ 

Բայց ոչ բոլոր անձինք են ապրում իրենց ընտանիքների հետ, ավելին նրանք ձգտում են վերադառնալ ակտիվ սոցիալական կյանքին։ Շատերի համար գրասենյակը միակ հնարավորությունն է շփվելու աշխարհի հետ, իսկ գործընկերները՝ շփման միակ շրջանակը։ Եվ այստեղ է, որ բախվում ենք ֆիզիկական առողջության և հոգեկան հավասարակշռության խնդրին։

Նրանք, որոնք արդեն իսկ աշխատում են գրասենյակներում կամ ցանկանում են վերադառնալ, հաճախ պնդում են, որ տանը նստելը վտանգավոր է առողջության համար, այդ թվում նաև հոգեկան առողջության։ Ընդդիմախոսներն էլ նշում են, որ առողջությունը կլինի այն դեպքում, եթե քնին ու սպորտին, այլ ոչ թե աշխատանքային սթրեսին, ավելի շատ ժամանակ հատկացվի։ Մի բան է, եթե աշխատում ես տանը քո անձնական աշխատասենյակում, ստվերոտ այգում կամ ընդարձակ պատշգամբում (սովորաբար ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք), սակայն մեկ այլ բան է, եթե աշխատում ես ննջասենյակում, որտեղ անընդհատ լալիս է երեխան կամ փոքր բնակարանում, որտեղ բնակվում է մի քանի մարդ (հիմնականում գրասենյակային սովորական պաշտոններ զբաղեցնող անձինք)։ 

Գաղտնիք չէ, որ շատերը նախընտրում են գրասենյակները փափուկ աթոռների, մեծ էկրանների կամ օդափոխիչների համար։ Մյուսներն էլ կարծում են, որ առողջության և հոգեկան հավասարակշռության համար օգտակար է տնից աշխատելը։ Նրանք կարող են ավելի երկար քնել, ուտել տանը պատրաստված կերակուր, այլ ոչ թե արագ պատրաստվող սնունդ, իսկ օրվա ընթացքում էլ զբոսնել՝ չսպասելով աշխատանքային օրվա ավարտին։

Հնարավո՞ր է արդյոք վերադառնալ գրասենյակային նախկին կյանքին։ Մասամբ պարտադիր, իսկ ամբողջությամբ՝ ներկայումս դժվար թե։ Գործատուները չեն շտապում աշխատողներն հանել տներից, նույնիսկ այն դեպքում, եթե ապահովում են հակահամաճարակային պայմանները կամ էլ ստեղծել են աշխատանքային այնպիսի միջավայր, ինչպիսին օրինակ Սիլիկոնային հովտում է։ «Google»-ը և «Facebook»-ը դեռ մայիսին իրենց աշխատակիցներին թույլատրել էին, մինչև տարվա վերջ, աշխատել տնից, իսկ «Twitter»-ը խոստացել էր հավերժ հեռավար աշխատանք բոլոր նրանց, որոնք ցանկանում են և կարող են իրենց պարտականություններն անել տնից, առանց գրասենյակ գալու։

Բացի այդ, աշխատակիցները չեն շտապում տեսնել իրենց ղեկավարությանը և գործընկերներին։ Մեծ Բրիտանիայում իրականացված հարցումները ցույց են տալիս, որ 90 %-ը բոլոր նրանց, որոնք համավարակի օրերին աշխատել են տնից, ցանկանում են մասամբ պահպանել այդ հնարավորությունը, իսկ գրեթե կեսը մեծամասամբ ցանկանում է աշխատել տնից։ Գործատուներին հեշտ չի լինի հակադրվել նրանց ցանկությանը։ Իրավաբանները նշում են, որ լոքդաունի ամիսներին ստեղծվել է նախադեպ. աշխատակիցների հետ աշխատանքային վեճերում, որոնք մի քանի ամիս հեռավար կարգով հաջողությամբ կատարել են իրենց պարտականությունները, գրեթե անհնարին է արգելել տնից որոշակիորեն աշխատելը։

Եվ սա միայն նրանց հետ, որոնք արդեն իսկ աշխատում են ընկերություններում։ Ժամանակ առ ժամանակ ցանկացած ընկերություն նոր աշխատակիցներով համալրվելու կարիք ունի։ «Հիմա թեկնածուները նոր պահանջ ունեն։ Շատերի համար տնից աշխատելու հնարավորությունը դարձել է որոշիչ գործոն, իսկ ոմանք պահանջում են 100 % հեռավար աշխատանք»,- հետկորոնավիրուսային աշխատաշուկան նկարագրում է մարդկային ռեսուրսների մասնագետ Քամ Վարան։

Քանի դեռ կորոնավիրուսի համավարակը չի ավարտվել, անիմաստ է ակնկալել գրասենյակներ աշխատակիցների 100 % վերադարձ։ «JPMorgan» և «Goldman Sachs» բանկերը չէին հասցրել իրենց աշխատակիցներին ամբողջությամբ վերադարձնել գրասենյակներ, երբ նրանց մի մասին ստիպված եղան ուղարկել տներ, քանի որ ոմանց կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական էր։

Հետազոտողները տարակարծիք են, որ գրասենյակային աշխարհը հավերժ փոխվել է։ «Չնայած նրան, որ տնից աշխատելը տարբեր կերպ է ազդում աշխատանքի արտադրողականության վրա, մեր կողմից հավաքված տվյալները ցույց են տալիս, որ մարդիկ ավելի շատ կդիմեն տնից աշխատելու համար։ Կարծես թե, քովիդ ճգնաժամը հավերժ փոխել է կորպորատիվ մշակույթը»,- նշվում է Հարվարդի բիզնես դպրոցի հետազոտության մեջ։

Ամերիկյան փոքր բիզնեսի և Տնտեսագետների ազգային ասոցիացիաների երկու հարցումների տվյալները ցույց են տալիս, որ ռեսպոնդենտների մոտ մեկ երրորդը վստահ է, որ կորոնավիրուսի համավարակի օրերին հեռավար աշխատանքի անցած աշխատակիցների 40 %-ը երբեք չի վերադառնա գրասենյակներ։ Ամերիկյան «Morgan Stanley» բանկի տնտեսագետները, առաջիկա երեքից հինգ տարվա համար կանխատեսում են, որ Միացյալ Նահանգներում հեռավար աշխատող անձանց թիվն աշխատաշուկայում կհասնի 30 %-ի և դա անվանում են «նոր իրականություն»։

Նույնիսկ «Netflix»-ի հիմնադիր Ռիդ Հասթինգսը, որը նշում էր, որ տնից աշխատելու մեջ «չի գտնում որևէ պլյուս, կամ մինուս», կանխատեսել է, որ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո, նրանք, որոնք հեռավար աշխատել են, շաբաթվա մեջ գոնե մեկ օր կշարունակեն այդպես աշխատել։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter