HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մինսկում կայացած «Արդարության երթ»-ին մասնակցել է ավելի քան 100 000 մարդ

Մինսկում և Բելառուսի մյուս քաղաքներում կիրակի՝ սեպտեմբերի 20-ին, տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որոնց միայն Մինսկում մասնակցել է ավելի քան 100 000 մարդ։ Ցուցարարները բողոքում են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, համաձայն որի, հաղթող էր ճանաչվել Ալեքսանդր Լուկաշենկոն։ 

«Весна» իրավապաշտպան կենտրոնը հայտնել է, որ ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 196 մարդ, որից 136-ը Մինսկում, իսկ 60-ը՝ Բելառուսի մյուս քաղաքներում։ Մինսկում փողոցներ են դուրս բերվել ջրցան մեքենաները, իսկ Բրեստում կիրառվել է արցունքաբեր գազ։ Կեսօրին կապի «А1» օպերատորը հայտարարել էր, որ մոբայլ ինտերնետի արագությունը իջեցվել է պետական մարմինների պահանջով։ Արագությունը վերականգնվել է միայն տեղի ժամանակով 19:05-ին, երբ ցուցարարների մեծ մասը ցրվել էին։

«Наша нива» բելառուսական անկախ լրատվամիջոցի տվյալներով՝ «Արդարության երթ»-ին մասնակցել է ավելի քան 100 000 մարդ։ Երթը սկսվել է տեղի ժամանակով 14:00-ին, սակայն մեկնարկից մեկ ժամ առաջ Մինսկի մետրոպոլիտենը հայտարարել է, որ «ուղևորների անվտանգությունն ապահովելու համար» փակվել են քաղաքի կենտրոնում գտնվող մետրոյի վեց կայարաններ։ Բողոքի գործողությունների մեկնարկից հետո, մետրոպոլիտենը հայտարարել է ևս մեկ կայարանի փակման մասին։ Ոստիկանությունն էլ ցուցարարներին սկսել է բերման ենթարկել, մինչև բողոքի ակցիայի մեկնարկը։

Մինսկի կենտրոնում՝ Բարձրագույն դատարանի և Անկախության պալատի շրջանում, ՆԳՆ-ն կենտրոնացրել է տեխնիկա և ներքին զորքերի ուժայինների։ Քաղաքում նկատվել է ռազմական տեխնիկա։ «Հերոս քաղաք Մինսկ» հուշահամալիրի մոտ կանգնած են եղել ջրցան մեքենաներ, իսկ «Ռուբին Պլազա» բիզնես կենտրոնի մոտ եղել են ռազմական տեխնիկա և ոստիկանական մեքենաներ։ Մինսկում բողոքի ցույցն ավարտվել է տեղ ժամանակով 19:05-ին։

Զուգահեռաբար, բողոքի ցույցեր են ընթացել նաև Գոմելում, որտեղ ցուցարարներին հաջողվել է ճեղքել շրջափակումը, Մոգիլյովում, Բրեստում և Գրոդնոյում։ Գոմելում ուժայինները կարողացել են արագ ցրել ցույցը՝ բերման ենթարկելով որոշ ցուցարարների։ Բրեստում էլ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ և օդ արձակել նախազգուշական կրակ։ Ցուցարարներն էլ օմօնականների ուղղությամբ նետել են շշեր։

Սեպտեմբերի 20-ին ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հարցազրույց է տվել «РБК»-ին, որի ժամանակ «անհեթեթություն» է անվանել Ռուսաստանի հետ միությունից Բելառուսի դուրս գալը։ «Ես առաջին անգամ այդ առաջարկությունները լսել եմ այն չինովնիկներից, որոնք քարոզում էին այդ անհեթեթությունը։ Այդպիսի բան չէր կարող լինել, քանի որ իմ ծրագրում երեք կետ է։ Եվ եթե ինչ-որ տեղ, ինչ-որ բան, ինչ-որ ժամանակ նշվել է, ապա դա ինձ հետ որևէ կապ չունի»,- գործակալության հետ հարցազրույցում նշել է Տիխանովսկայան։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ սեպտեմբերի 19-ին Մինսկում ընթացել է ավանդական կանանց երթը, որն ավարտվել է ձերբակալություններով։ Բելառուսի ՆԳՆ-ն պնդում է, որ սեպտեմբերի 19-ին Բելառուսի 11 քաղաքներում ընթացող բողոքի ցույցերի մասնակիցների թիվը չի գերազանցել 900-ը, որոնցից 415-ը ձերբակալվել են Մինսկում՝ «զանգվածային միջոցառումների օրենսդրության խախտման» համար։ Տելեգրամ ալիքները և բելառուսական անկախ լրատվամիջոցները պնդում են հակառակը, համաձայն որի երթին մասնակցել է մի քանի հազար մարդ։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter