HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կախակնում դարձյալ մտահոգված են. երիտասարդ տղաները չեն ամուսնանում

Գեղամասար խոշորացված համայնքի Կախակն բնակավայրում անհանգստացած են, որ տղաները չեն ամուսնանում, գյուղն էլ գնալով ծերանում է: 396 բնակիչ ունեցող բնակավայրում տարեկան ծնվում է 2-3 երեխա:

2019թ. ունեցել են 3 ծնունդ, 5 մահ: Կախակնի վարչական ղեկավար Աշոտ Վաթյանը մտահոգվում է, որ գյուղը համարվում է ծերացող: Երիտասարդների մի մասը լքում է բնակավայրը: Ոմանք տեղափոխվում են Հայաստանի այլ համայնքներ՝ Հրազդան, Մասիս, Աբովյան և զբաղվում գյուղատնտեսությամբ, իսկ տեղում մնացողներն էլ չեն ամուսնանում:

«Ջահելություն ունենք, չեն ամուսնանում: Վախենում են, աշխատանք չունեն, ընտանիք ոնց պիտի պահեն: Բացի այդ, ամեն մարդ չէ, որ գյուղական կյանքին դիմանում է: Գյուղում աղջիկ էլ չկա, դպրոցն ավարտում են, հարևան գյուղերից վռազ տանում են, քաղաքից էլ գյուղ դժվարությամբ են գալիս»,- ասում է Աշոտ Վաթյանը:

Վարչական ղեկավարը նշեց, որ Կախակնում 23-35 տարեկան 40 երիտասարդ ունեն, ովքեր չեն ամուսնանում:

«Հեն ա, մեկն էլ ինքն ա: Արդեն 34 տարեկան ա, չի ամուսնանում»,- ասում է Աշոտ Վաթյանը՝ մատնացույց անելով իր աշխատասենյակում գտնվող համագյուղացիներից Սամվել Նիգարյանին:

«Ամուսնանալու համար ժամանակ չկա, խոտի հարց ենք լուծում անասունների համար»,- կատակեց Սամվելը:

Սամվելի հայրը՝ Կարլեն Նիգարյանը, ով նույնպես վարչական ղեկավարի աշխատասենյակում էր, «օգտվելով» առիթից բարձրաձայնեց բնակիչներին հուզող հարցերը, որոնք, ըստ բնակչի՝ խոչընդոտում են ոչ միայն համայնքի զարգացմանը, այլև՝ երիտասարդների ամուսնությանը:

«Ճանապարհ, ճանապարհ, ճանապարհ, սա է մեր հիմնական պրոբլեմը: Հա, մեկ էլ հանդիսությունների սրահ չունենք, որ միջոցառում լինի գյուղում, անենք: Այդ երկու հարցն է, որ շտապ լուծում ա պահանջում»,- ասում է Կախակնի բնակիչ Կարլեն Նիգարյանը:

Մեծ Մասրիկից Կախակն տանող մոտ 7 կմ ճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներն անցնում են 30 րոպեում: Տարիների ընթացքում ասֆալտն այնքան է քայքայվել, որ հնարավոր չէ շրջանցել փոսերը: Վարորդները պարզապես ավտոմեքենան «փախցնում» են հսկա փոսերից՝ հնարավորինս խուսափելով լուրջ վնասելուց, իսկ մանր փոսերից խուսափել չի հաջողվում:

Կախակնի վարչական ղեկավարն ասում է, որ հանդիպել են իրենց տարածքի պատգամավորներին, տեղեկացրել են ճանապարհների անմխիթար վիճակի մասին, խոստացել են լուծում տալ:

Նշենք, որ բնակավայրը 1988թ. վերաբնակեցվել է Ադրբեջանից տեղահանված հայ փախստականներով, սահմանամերձ է և բարձրլեռնային: Ադրբեջանի պետական սահմանից հեռու է ընդամենը 5 կմ:

Կախակնը ոչ մշակույթի տուն ունի, ոչ մանկապարտեզ: Աշոտ Վաթյանն ասում է, որ երեխաների քանակը 7-ից չի ավելանում, որ գոնե մանկապարտեզի մեկ խումբ կարողանան բացել: Բնակավայրում համայնքապետարանից բացի` գործում են միայն միջնակարգ դպրոցն ու բուժկետը:

Կախակնեցիները պարբերաբար նշում են, որ գյուղը ծերանում է, սակայն տարիների ընթացքում ոչ ոք ուշադրություն չի դարձրել: «Հետք»-ը Կախակնում եղել է նաև 2012թ․-ին: Այդ ժամանակ դպրոցի տնօրեն Արտաշ Խլոյանը խոսում էր երիտասարդների արտագաղթի ու չամուսնանալու մասին՝ հրավիրում պատկան մարմինների ուշադրությունը:

8 տարի առաջ դպրոցի տնօրենն ասում էր, որ Կախակնի երիտասարդները վախենում են ամուսնանալ, երեխաներ ունենալ, որովհետև սոցիալապես ի վիճակի չեն ընտանիք պահել:

«34-35 տարեկան պահակներ ունենք, ամուսնացած չէին: Վերջերս 34 տարեկան պահակը ամուսնացել է, այնքան էի ուրախացել, որ հարսին ասացի` ինչ ուզում ես ասա, ամենալավ հարսը դու ես լինելու, որովհետև լավ գործ ես արել»,- պատմում էր Ա. Խլոյանը:

2012-ին տնօրենին հարցրել էինք, թե ինչու են մարդիկ հեռանում գյուղից, պատասխանել էր. «Խնդրում եմ՝ այդ հարցը ինձ մի տվեք, հարցրեք պատկան մարմիններին, չեմ ուզում շատ կարծիքներ հայտնեմ, որովհետև բացասական կարծիք եմ ասելու: Դատարկվում է, որովհետև գյուղի նկատմամբ չկա ճիշտ վերաբերմունք, գյուղացին ինքն իր հոգսերի հետ մնացել է միայնակ: Պետությունը պետք է ավելի շատ հոգա գյուղացու մասին, ավելի շատ ժամանակ տրամադրի նրան, քան հիմա իր ժամանակը տրամադրում է Երևանում բարձրահարկ շենքեր կառուցելուն: Մենք հիմա ունենք մեկ Երևան և 150 կմ սահմանի վրա ձգվող դատարկված բնակավայրեր: Սոթքից մինչև Վահան գյուղ նայեք քանի աշակերտ է սովորում դպրոցում, ու պատասխանն արդեն կստանաք»:

Ութ տարի առաջ երիտասարդներին քաջալերելու, գյուղերը զարգացնելու համար տեղացիները Կառավարությանն առաջարկում էին կարգի բերել կոմունիկացիաները, բարելավել ճանապարհները և մտածել տեղում աշխատատեղեր ստեղծելու մասին:

Այսօր էլ տեղացիները նույն առաջարկներեն են անում: 

Մեկնաբանություններ (1)

HAGOP
SAD!!!!! TOO MANY ARMENIANS IN DIASPORA!!!! THEY SUPPORT ARMENIA AND SAY HOW MUCH THEY LOOOOOOOOVE ARMENIA BUT WILL NEVER MOVE TO ARMENIA!!!!!!!! HYPOCRITES!!!!! ALL ARMENIANS IN GLENDALE NEED TO MOVE TO ARMENIA!!!!!! NO WAY! THEY WILL MISS SECTION 8 FREE MONEY FOR HOUSE, WELFARE AND MERCEDES!!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter