
Ծառուկյանն ու պաշտպանները չեն ներկայացել նրան կալանավորելու միջնորդության քննությանը. նիստը հետաձգվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր նշանակված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդության քննությունը: Ծառուկյանն ու վերջինիս պաշտպանները նիստին չէին ներկայացել:
Դատարանի դիմաց գտնվող լրագրողները տևական ժամանակ փորձում էին կապ հաստատել պաշտպանների հետ՝ չներկայանալու պատճառների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար, սակայն նրանք հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին:
Նիստը նշանակված էր ժամը 11:00-ին: Այն դահլիճում, որտեղ դատավոր Մնացական Մարտիրոսյանը սովորաբար նիստեր է անցկացնում, շուրջ 40 րոպե դռնփակ նիստ էր ընթանում, որին ներկայացած անձինք, ենթադրաբար, ԱԱԾ քննիչներ ու դատախազներ էին: Այսինքն՝ պաշտպանների և Ծառուկյանի բացակայության պայմաններում նիստն անմիջապես չի հետաձգվել: Նիստի ավարտից հետո դրան մասնակցած անձինք լրագրողների հարցերին չպատասխանեցին:
Միջնորդության քննության հետաձգման վերաբերյալ քիչ առաջ հայտարարություն է տարածվել Բարձրագույն դատական խորհրդի էլեկտրոնային հասցեից, որը ստորագրված է «Դատական իշխանության մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության» անունից: Ըստ հաղորդագրության՝ նիստի հետաձգման պատճառը եղել է Ծառուկյանի և վերջինիս պաշտպանների բացակայությունը: Դրանում նաև ասվում է, որ սեպտեմբերի 17-ին և 18-ին դատարանը ծանուցումներ է ուղարկել Գագիկ Ծառուկյանին և նրա փաստաբաններին, էլեկտրոնային փոստով ծանուցում է ուղարկել Ծառուկյանի ԱԺ պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին, բացի այդ՝ հեռախոսային կապի միջոցով հավելյալ տեղեկացրել է նիստի օրվա, ժամի մասին, ինչպես նաև «Վայբեր» հավելվածի միջոցով փոխանցել տեղեկատվությունը, որով ուղարկված տեղեկատվության ստանալը ծրագիրը հաստատել է: Բացի այդ՝ ԲԴԽ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 22-ին դատարանի աշխատակազմը փաստաբանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիշեցրել է այսօրվա նիստի մասին: Թե Ծառուկյանի փաստաբաններից ում մասին է խոսքը, հաղորդագրության մեջ նշված չէ:
«Դատարան ներկայացած դատավարության մասնակիցները միջնորդել են դատարանին քննությունն իրականացնել մեղադրյալի և պաշտպանների բացակայությամբ, սակայն, դատարանը, հաշվի առնելով հարցի կարևորությունը, որոշում է կայացրել միջնորդության քննությունը հետաձգել մինչև սեպտեմբերի 25-ը ևս մեկ անգամ պաշտպանության կողմին ծանուցելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ, նա մեղադրանքը չի ընդունում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, հունիսի 21-ին մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել է և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Այս որոշման դեմ Վճռաբեկ բողոքներ էին ներկայացրել և՛ Դատախազությունը, և՛ Ծառուկյանի պաշտպանները, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքները, այսինքն՝ գործը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ:
Նման պայմաններում առաջին ատյանի դատարանը կրկին պետք է քննի Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:
Մեկնաբանել