HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սրճարաններ, ատրակցիոններ, դեղատուն և խանութներ․ Մերգելյանի այգու զավթված հանրային տարածքները

Երևանի քաղաքային միջավայրի կարևորագույն մաս կազմող և քաղաքին յուրահատուկ տեսք հաղորդող զբոսայգիներն ու պուրակներն այսօր կառուցապատված են։

1990-ականներից քաղաքային իշխանությունները հանրային տարածքները սկսեցին վարձակալությամբ հանձնել տնտեսվարողներին, որոնք էլ կանաչ տարածքներն ամբողջովին ձևափոխեցին և հարմարեցրին իրենց տնտեսական գործունեությանը՝ այգիներում կառուցելով տարբեր շինություններ։

Մերգելյանի պուրակն ունեցավ «զարգացման» հենց այսպիսի ճանապարհ։ Երբեմնի ընդարձակ այգում հիմա այցելուների համար գրեթե չկան նստարաններ, իսկ զբոսնելու համար տարածքը շատ նեղ է։

Այժմ Մերգելյանի պուրակն ամբողջությամբ վարձակալված է։ Այգու ընդհանուր մակերեսը 2094 քմ է, որը վարձակալել են երկու տնտեսվարող՝ «Ռուզաննա Շահվերդյան» ՍՊԸ-ն և «Արցախ-91» ԱԿ-ն։ Նրանք վարձակալել են նաև այգու հարակից տարածքները՝ ընդհանուր առմամբ՝ 4100 քմ մակերես։

Այգում գործում է երկու սրճարան՝ «Մերգելյան cafe»-ն և «Թագ»-ը, կան նաև մանկական բազմաթիվ ատրակցիոներ, բաց խաղասրահ, շախմատի տուն, դեղատուն, հացաբուլկեղենի և բանջարեղենի խանութներ, վճարովի զուգարան։ Այդ սրճարաններից յուրաքանչյուրն ունի մոտ մեկ տասնյակ տաղավար։

«Ռուզաննա Շահվերդյան» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրված է 2418 քմ մակերեսով տարածք։ Ընկերությունը տարածքի համար վճարում է տարեկան 1 միլիոն 315 հազար դրամ (ամսական մոտ 110 հազար դրամ)։

Տնտեսվարողի հետ կնքված վարձակալության պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ապրիլին։ Պայմանագիրը վերակնքվել է մի քանի անգամ, ՍՊԸ-ն տարածքի վարձակալման թույլտվությունը ստացել է դեռևս 2001թ.-ին։

Իսկ «Արցախ-91» ԱԿ-ին վարձակալությամբ հատկացվել է 1678 քմ մակերեսով տարածք։ Զբաղեցրած  տարածքի համար ընկերությունը վճարում է տարեկան 1 միլիոն 50 հազար դրամ (ամսական մոտ 88 հազար դրամ)։ «Արցախ-91»-ի հետ կնքված վարձակալության պայմանագիրն ավարտվում է մյուս տարի՝ 2021 թ.-ի դեկտեմբերին։ Ընկերությունը տարածքը վարձակալում է 2005 թ.-ից։

Կնքված պայմանագրերով վերոնշյալ տնտեսվարողներին իրավունք է տրվել վարձակալած հողի վրա շինություններ կառուցել։ Նրանց հետ պայմանագրերը վերակնքվել են 2017 թ․-ի փետրվարին։

Ընկերություններին վարձակալությամբ հանձնված տարածքների վարձավճարը Երևանի երկրորդ ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող վարչական շրջանի՝ Արաբկիրի համար ցածր է։

Այսպես՝ «Ռուզաննա Շահվերդյան» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրված 1 քմ-ի արժեքը մեկ տարվա կտրվածքով գնահատվել է 540 դրամ, իսկ «Արցախ-91»-ինը՝ 630 դրամ։

«Թագ» սրճարանը բացօթյա տաղավարներով և խոհանոցով, այգու սկզբնամասում գտնվող դեղատան և «Բոքոնիկ» հացաբուլկեղենի խանութի շենքերը պատկանում են «Ռուզաննա Շահվերդյան» ՍՊԸ-ին։ Այգում տարիներ շարունակ գործել է նաև խաղադրույքներ կատարելու կետ, որը փակվել է վերջերս:

Իսկ «Արցախ-91» ԱԿ-ի վարձակալած տարածքում գործող «Մերգելյան cafe» սրճարանն իր տաղավարներով և մանկական ատրակցիոններով զբաղեցնում է այգու այդ հատվածը գրեթե ամբողջությամբ։ Սրճարանի կողքին կա ևս երկու շինություն` մեկը գործում է որպես ավտոսպասարկման կետ, մյուսը կարի արհեստանոց է։

Ընկերություններն այդ շինությունները ենթավարձակալության են հանձնել այլ տնտեսվարողների։

Ըստ Արաբկիր վարչական շրջանի վարձակալության գների՝ միայն մեկ շինության ենթավարձակալության մեկ-երկու ամսվա գումարն ամբողջ տարածքի վարձակալության տարեկան վճարի չափ է։

Ովքե՞ր են վարձակալները

Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ «Արցախ-91» ԱԿ-ն հիմնադրվել է 1995 թվականի օգոստոսին։ Արտադրական կոոպերատիվն ունի վեց բաժնետեր` Գագիկ Ավետիսյանը (54 %), Կարեն Հարությունյանը (23 %), Գայանե Ոսկանյանը (7 %), Տիգրան Օհանյանը (10 %), Համլետ Հայրապետյանն (4 %) ու Համլետ Արշակյանը (2 %)։

«Ռուզաննա Շահվերդյան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թվականին։ Այն ղեկավարում են Խաչատրյանների ընտանիքը՝ Արթուր Խաչատրյանը, որը Ռուզաննա Շահվերդյանի ամուսինն է, և նրանց երկու որդիները՝ Գագիկ և Ալբերտ Խաչատրյանները։

ՍՊԸ-ի 100% բաժնեմասը այժմ պատկանում է Գագիկ Խաչատրյանին։ Խաչատրյանները ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում պարբերաբար փոխարինում են իրար։ Այսպես՝ 2009 թ․-ից մինչև 2016 թ.-ը տնօրեն է եղել Արթուր Խաչատրյանը, այնուհետ Գագիկ Խաչատրյանը՝ մինչև 2019 թ.-ը, այժմ տնօրեն է Խաչատրյանների ավագ որդին՝ Ալբերտ Խաչատրյանը։

«Ռուզաննա Շահվերդյան» ՍՊԸ-ն և Խաչատրյաններին պատկանող երեք այլ ընկերության՝ «Բարիք» ԱԿ-ի, «Յագուար» և «Արջուկ» ՍՊԸ-ների տնտեսական գործունեության տեսակը նշված է որպես «սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում, վարձակալության և այլ գործառնություններ»։

«Արցախ-91» ԱԿ-ի տնտեսական գործունեության տեսակը նույնն է, ինչ վերևում նշված ընկերություններինը։

Այգու ապագան դեռ անորոշ է

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի խոսքով՝ մոտ մեկ ամիս առաջ «Արցախ-91» ԱԿ-ին վարչական շրջանը ծանուցել է, որ 2021 թ.-ի դեկտեմբերին՝ վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո, տնտեսվարողի հետ կնքված վարձակալության պայմանագիրն այլևս չի երկարաձգվելու։

Ըստ Դանիելյանի՝ տնտեսվարողին մեկուկես տարի շուտ ծանուցել են, քանի որ ցանկանում են տնտեսվարողի համար լինել կանխատեսելի, և որ տնտեսվարողը կարողանա կազմակերպել իր հետագա աշխատանքները։

Մեր հարցին՝ արդյոք «Ռուզաննա Շահվերդյան» ՍՊԸ-ի հետ վարձակալության պայմանագիրը մինչ 2026 թ․ վաղաժամ կլուծվի, թե ոչ, Դանիելյանը պատասխանեց, որ դեռ չի կարող հստակ ասել։

Մեզ հետ զրույցում նա նաև ասաց, որ պլանավորում են մոտակա տարիներին Մերգելյանի պուրակը բարեկարգել։ Բարեկարգման ինչ ծրագրեր են նախատեսվում, և ինչպիսի տեսք կունենա այգին՝ դեռևս հայտնի չէ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter