HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Գրանդ Քենդի»-ի քաղցրավենիքում որդեր են. ո՞րն է պատճառն, ու որտե՞ղ է սննդի շղթայի թույլ օղակը

«Անվտանգ սնունդ/ Հետք» ֆեյսբուքյան խմբում վերջերս օգտատերերը ահազանգում են, որ տարբեր խանութներից գնած «Գրանդ Քենդի» ընկերության քաղցրավենիքի մեջ որդեր են եղել։ 

«Գրանդ Քենդի» ընկերության որակի և վերահսկողության բաժնից, սակայն, հայտնում են՝ ընկերությունը մեղավոր չէ, պատճառը խանութներում պահման սխալ պայմաններն են։

Մենք զրուցել ենք սննդագետի հետ հասկանալու համար, թե որն է քաղցրավենիքում որդերի առաջացման պատճառը, արդյոք միայն պահման պայմանն է պատճառը, թե՞ արտադրության այլ փուլերում ևս կարող են որդեր առաջանալ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս ընթացք էր տվել ահազանգերին, սակայն որեւէ բան չէր հայտնաբերել։ ՍԱՏՄ որակի վերահսկողության բաժնից, սակայն, փաստում են, որ կիլոգրամով վաճառվող քաղցրավենիքի դեպքում ժամկետների և պիտակների հետ կապված ծրագրային խնդիրներ կան, որի լուծումը հայտնի չէ՝ երբ կլինի։

 

Դեռևս 2018թ. օգոստոսի 27-ին «Հետք»-ը գրել էր, որ «Գրանդ Քենդի»-ի կոնֆետներից մեկում՝ «ROLLO»-ում, քաղաքացիները որդեր են հայտնաբերել։ Թեև խանութից գնորդին հավաստիացրել էին, որ կոնֆետները թարմ ենսակայն «Գրանդ Քենդի» ընկերությունից մեզ հայտնել էին, որ պատճառը, հավանաբար, «խանութի պահման պայմաններն են եղել»։

Վերջերս «Անվտանգ սնունդ/ Հետք» ֆեյսբուքյան խմբում մի քանի օգտատերեր իրենց գրառումներում հայտնեցին, որ տարբեր խանութներից, նույնիսկ հենց ֆիրմային խանութից գնված «Գրանդ Քենդի»-ի կոնֆետները պատշաճ որակի չեն. դրանցում որդեր են հայտնաբերել։

Խոսքը, մասնավորապես, «Բելոչկա», «Բելոչկա տրյուֆել», «Բաբաևսկի», «Շկոլնիկ», «Թռչնի կաթ», «Ոօլլօ» կոնֆետների մասին է, բողոքներ կան նաև «Գրանդ Քենդի»-ի շոկոլադապատ չրերի տեսականուց։

«Գրանդ Քենդի» ընկերության որակի և վերահսկողության բաժնի աշխատակից Քրիստինեն հայտնեց, որ որդերի առաջացման պատճառը խանութների ոչ պատշաճ պահման պայմաններն են։ Իսկ երբ հետաքրքրվեցինք՝ արդյոք քաղցրավենիքի արտադրական պրոցեսում իրականացնում են հումքի որակի վերահսկողություն, և արդյոք դրանք ունեն որակը հաստատող սերտիֆիկատներ, աշխատակիցը խնդրեց հարցերն ուղարկել գրավոր։

Խնդրեցինք տրամադրել նաև վերը թվարկած կոնֆետների հումքի որակի հավաստման սերտիֆիկատները, ինչպես նաև տեղեկացնել, թե վերջին մեկ տարում որ երկրներից են ներկրել «Գրանդ Քենդիի» արտադրանքի հումքը, մասնավորապես՝ ընդեղենը եւ կակաո հատիկը (կակաո հումք)։

Ընկերությանը խնդրել էինք նաև հայտնել՝ արդյոք իրենց կոնֆետներն իրացման ցանցում պետք է պահվեն սառնարանում, եթե այո, ապա ինչու չեն պահվում, կամ ինչու իրենց ընկերությունը չի վերահսկում այդ գործընթացը։

Ի վերջո, արդյո՞ք որդերի առկայությունը միայն իրացման ցանցի պահման սխալ պայմաններով բացատրելով՝ ընկերությունը ծագած հարցը համարում է լուծված, ու գործարար համբավը պաշտպանելու և սպառողի վստահությունը չկորցնելու համար լրացուցիչ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում։

Մոտ երկու շաբաթ սպասում էինք այս հարցերի պատասխանին, քանիցս զանգել և զրուցել ենք թեՈրակի և վերահսկողության բաժնի, թե' Մարկետինիգիթե' Առաքման բաժնի աշխատակիցների հետ։ Սակայն մինչ օրս ընկերությունից այս հարցերի պատասխանը չենք ստացել։

 

Որտեղի՞ց է ներկրվում շոկոլադե կոնֆետների հումքը

Քաղցրավենիքում որդեր կարող են առաջանալ ոչ միայն սխալ պահման պայմանների պատճառով, այլև՝ արտադրական գործընթացի տարբեր փուլերում՝ սկսած ոչ պատշաճ որակի հումքի օգտագործումից, վերջացրած՝ դրա փաթեթավորմամբ և մատակարարմամբ։

Հայաստանը կակաոյի հումք չունի, հիմնականում ներկրում է այլ երկրներից։ Փոխարենը Հայաստանում կա կակաոյի վերամշակման գործարան։

2013-2019թթառաջին կիսամյակում Հայաստանը ներկրել է 10 762 տոննա կակաո հումք՝ 30,7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։

2019-2020թթ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներկրվել 3217 տոննա կակաոյի հումք՝ 8,27 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

Կակաոյի հումք Հայաստան ներկրվել է հիմնականում Կոտ-դ՛Իվուարից (մոտ 700 տոննա, ընդհանուր՝ 1,6 մլն դոլար արժողությամբ), Նիգերիայից (~300տ), Էկվադորից (~250 տ), Տոգոյից (~175 տոննա), Գանայից (~100տ)։

Վերը նշված երկրներից ձեռք բերված հումքի մեկ միավոր արժեքը գրեթե նույնն է. 2,5 դոլար 1 կգ կակաո հումքի համար։

Ընդեղենը Հայաստան է բերվում հիմնականում ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Իրանից և Ռուսաստանից։

2019-2020թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներկվել 1097 տոննա ընկույզ, պնդուկ, շագանակ և պիստակ՝ 6,8 մլն ԱՄՆ դոլարի (ԱՄՆ՝ 172,8 տոննա, Իրան՝ 77,5 տոննա, Ուկրաինա՝ 94 տոննա, ՌԴ՝ 13, 3 տոննա):

Ինչ վերաբերում է չրին, ապա, թեև տեղական արտադրանքը՝ մրգերը, շատ են, սակայն որոշ արտադրողներ, հաշվի առնելով հումքի էժանությունը, նախընտրում են դրանք ևս ներկրել։

 

Սննդագետ. «Արտադրողները նախապատվություն են տալիս ավելի անորակ հումքին»

ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանն ասում է, որ հայկական շուկայում սննդամթերքի մեջ որդի առկայությունը բավականին տարածված խնդիր է և կարող է լինել թեբաց տարաներով մթերքում, թեփակ։ Նրա խոսքով՝ պետք է դիտարկել սննդի ամբողջ շղթան և մեղքը չբարդել միայն իրացման ցանցի և պահման սխալ պայմանների վրա։

«Ամբողջ աշխարհում անընդհատ շեշտվում է «դաշտից մինչև պատառաքաղ» սկզբունքը, որի ամբողջ իմաստն ու էությունը սննդամթերքի անվտանգության բոլոր վտանգների համալիր և համապարփակ կառավարումն է ամբողջ շղթայում։ Այսինքն՝ մենք պետք է ոչ թե հատվածական վերահսկողություն իրականացնենք և հատվածական պատասխանատվություն սահմանենք, այլ հակառակը՝ դիտարկենք որպես մեկ ամբողջականություն և հետագայում հասկանանք՝ որտեղ է վտանգը. այս պարագայում որդ է, վաղը կարող է լինել աղիքային ցուպիկ, սալմոնելա և այլն։ Խնդիրները պետք է հասկանալ ամբողջությամբ»,- ասում է սննդաբանը։

Սննդի որդնածության պատճառը հասկանալու համար պետք է իմանալ սննդի արտադրության փուլերը, քանի որ որդեր կարող են առաջանալ միանգամայն տարբեր բաղադրություններ ունեցող տարբեր սննդատեսակներում, այդ պատճառով էլ շատ կարևոր է հումքի անվտանգությունը։

«Մի դեպքում դրանք պարունակում են ընդեղեն, մյուս դեպքում՝ չրեր, մյուս դեպքում դրանք բացառապես պատրաստվում են շոկոլադով կամ կակաո հատիկով։ Այդ պատճառով էլ, նախ՝ շատ կարևոր է հումքի անվտանգությունը,- նշում է Դ. Պիպոյանը։- Հայաստանում սննդամթերքի անվտանգությունը և, մասնավորապես, սահմանների համալիր կառավարումն անվտանգության մասով երբեք աչքի չեն ընկել բարձր որակով, ավելին ասեմ՝ նույն խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել ենք, որ Հայաստանը պետք է նաև երրորդ երկրներից ստացվող վտանգների մասին տեղեկատվությունն օգտագործի»։

Ինչ վերաբերում է շոկոլադներին, սննդաբանի խոսքով՝ մեզ մոտ, մասնավորապես՝ շոկոլադների արտադրության դեպքում, միշտ չէ, որ օգտագործվում է տեղական արտադրության հումք, հաճախ այն ներկրվում է տարբեր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլն:

«Քանի որ ես արտադրողների հետ հաճախ եմ հանդիպում և տարբեր զրույցներ եմ ունենում, ինձ բազմիցս ասում են, որ հատիկեղեն, ընկուզեղեն և չրեր արտադրողները, քանի որ մեր տեղական ապրանքը ունի համեմատաբար ավելի լավ որակ և ավելի բարձր գին, իրենք նախապատվություն են տալիս ավելի անորակ հումքին, որը, մասնավորապես, ներկրում են Թուրքիայից։ Սա էլ, իր հերթին, շատ կարևոր անվտանգության և գյուղատնտեսական խնդիր է, որովհետև սահմանային կառավարումը պետք է ուղղված լինի նաև ազգային արտադրողների շահերի պաշտպանությանը»։

Այդ պատճառով էլ, ըստ Դ. Պիպոյանի, չի կարելի ասել, որ պատճառը միայն իրացման ցանցում է, շատ կարևոր են հենց հումքի անվտանգությունն ու արտադրական պայմանները, քանի որ տարբեր մեթոդներ են կիրառվում ապրանքները մաքրելու համար։ Մասնավորապես՝ եթե հումքը պատշաճ վերահսկողության չի ենթարկվել, և դրա մեջ կան թրթուրներ, կարևոր է ճիշտ ջերմային ռեժիմների օգտագործումն ու տեխնոլոգիաների կիրառումը։

Թվարկած բոլոր փուլերից հետո միայն, ըստ նրա, կարելի է խոսել իրացման ցանցի մասին. «Իրացման ցանցում հինն ու նորը խառնվում են իրար, բայց եթե հին խմբաքանակի մեջ արդեն իսկ որդ կամ թրթուր լինի, արդյունքում աղտոտում է առաջացնում։ Եթե արդեն թրթուրներն էլ կան, բերում ես տուն և մի օր տեսնում ես, որ որդեր են առաջացել»։

Ըստ սննդաբանի՝ հարցի լուծումը մեկն է՝ սննդի շղթայի ամբողջական վերահսկողությունը բոլոր փուլերում։

«Մինչև ամբողջ վերահսկողություն չիրականացվի, մինչև չտեսնենք հումքը, հումքի փաստաթղթերը, փորձաքննությունը, անվտանգությունը, մենք երբեք չենք կարող ասել՝ ով է մեղավոր, և որ շղթայից է սկսվել։ Մինչև համապատասխան հետազոտություն չլինի, որևէ մեկը չի կարող ասել՝ խնդիրը կոնկրետ որ էտապում է առաջացել»,- ասում է Դ. Պիպոյանը՝ հավելելով, որ նպատակը պետք է լինի ոչ թե արտադրողներին վարչական պատասխանատվության ենթարկելն ու տուգանելը, այլ որակյալ սնունդ ունենալը։

 

Վ. Դանիելյան. «Եթե ուզում ենք այդ խնդիրը չունենալ, պետք է ունենանք բացառապես գործարանային փաթեթավորված արտադրանք»

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես արձագանքել էր «Անվտանգ սնունդ/ Հետք» խմբում «Գրանդ Քենդի» ընկերության կոնֆետների վերաբերյալ դժգոհություններին՝ հայտնելով, որ «ահազանգերին ընթացք է տրվել»։

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ տեսուչներն այցելել են տարբեր խանութներ, ընտրանքային սկզբունքով տարբեր կոնֆետներ են բացել, բայց խախտում չեն արձանագրել, որ այդ հիմքով կարողանային պետական վերահսկողություն իրականացնել հենց «Գրանդ Քենդի» գործարանում։

«Մենք գնացել, խանութներում փորձել ենք հասկանալ՝ պահման պայմանների խախտում կա, թե՞ ոչ։ Մենք այս պահին հիմնավորում չունենք, որ իրացման ցանցում դա մասսայական բնույթ է կրում, եթե մասսայական բնույթ կրերեթե տեխնոլոգիական լիներ, մի օրվա մեջ եղած խմբաքանակը չէր վերանա, մի շարք խանութներում այդ նույն խնդիրն ի հայտ էր գալու,- ասաց նա՝ հավելելով, որ նորից հարցը կուսումնասիրեն՝ հասկանալու որդերի առաջացման բոլոր հավանական գործոնները»։

Ինչ վերաբերում է «Գրանդ Քենդի»-ի քաղցրավենիքներում սպառողների արդեն իսկ հայտնաբերած որդերինՎ. Դանիելյանն ասում է, որ արտադրողը երաշխավորում է իր ապրանքի որակը միայն իր համար սահմանված պայմաններում։ 

Հետաքրքրվեցինք, թե արդյոք քաղցրավենիքը պետք է պահել սառնարանում, կամ եթե շոկոլադե ապրանքը որակյալ է, ընդեղենը պատշաճ վերամշակված է, փաթեթը փակ է, ինչու՞ պետք է, օրինակ, թեկուզ 25 աստիճանում դրա մեջ որդեր հայտնվեն։ Վ. Դանիելյանն ասաց, որ գուցե խախտվել են «հարևանության կանոնները»։

«Շոկոլադը բարձր ջերմային մշակման ենթարկված ապրանք է, եթե կողքից մի հատ որդ չգա, տուփի մեջ չմտնի, այնտեղ նորից ձու չդնի կամ չգիտեմ, մի բան չնստի իր վրա, ինքը չի կարող առաջանալ, դա ձավար չի, որ, ասենք, այնտեղ ինչ-որ թրթուր էր մնացել մեջը, լավ չէր վերամշակվել,- ասում է Վ. Դանիելյանը։Կոնֆետի պարագայում այն արտաքինից պետք է կարողանա ինչ-որ ձևով մտնի այդտեղ»,- ասում է Վահե Դանիելյանը։ Նա ենթադրում է, որ թրթուրներն առաջացել են կամ փաթեթավորման, կամ իրացման փուլում։

Հարցի լուծումն, ըստ նրա, իրացման ցանցն ու պահեստը ստուգելն է։

«Պրակտիկան ցույց է տալիս, որ աշխարհի ամենալավ արտադրությունում էլ ինչ-որ մի փուլում կարող է ինչ-որ մի խնդիր առաջանալ»,- ասում է պաշտոնյան։

Որդեր հայտնաբերելիս ինչպե՞ս կարելի է հասկանալ՝ որդնած քաղցրավենիքը որ խմբաքանակից է, ու ինչպես է ապահովվելու ապրանքի հետագծելիությունը. չէ՞ որ կիլոգրամներով վաճառվող ապրանքների դեպքում հաճախ սպառողի համար անհասկանալի է՝ պահման պայմանները պահպանվե՞լ են, կամ արդյոք ապրանքը ժամկետի մեջ է, թե՞ ոչ։

Վահե Դանիելյանն ասաց, որ այդ խնդիրը կարող է առաջանալ՝ նույնիսկ եթե արտադրության օրը նշված լինի, քանի որ կարող են «չվստահել» իրացման ցանցին՝ արդյոք արտադրության օրը ճիշտ է նշել, թե ոչ։

«Հետագծելիությունն այն է, որ մենք գնանք խանութ, ասենք՝ բեր, ցույց տուր, փորձենք հասկանալ՝ վերջին ստացածը երբ է եղել։ Ցավոք, Հայաստանում փաստաթղթաշրջանառությունն այնքան «լավ» մակարդակում է։ Մեզ համար որոշ տեղեկատվություն կա, որ պետք է երևա, մենք մինչև այսօր դրա օրենսդրական կարգավորումները չունենք, թե ինչ ապրանքաուղեկից փաստաթուղթ պետք է լինի Ա կետից Բ կետ գնալու համար, որ երևա այդ ամենը»,- ասաց նա։

«Սննդամթերքի մակնշման մասին» ՄՄ ՏԿ 022/2011 կանոնակարգը սահմանում է մակնշման պահանջները, ըստ որի՝ փաթեթավորված ապրանքի վրա պետք է նշված լինեն արտադրության ժամկետը, պահպանման պայմանները, արտադրողի մասին տեղեկություն և այլն։

Վահե Դանիելյանն ասում է, որ կիլոգրամով վաճառվող ապրանքների դեպքում սպառողը կարող է պահանջել, որ իրեն ցույց տան փաթեթի վրայի ժամկետը, իսկ կշեռքի միջոցով ժամկետը տպել հնարավոր չէ, քանի որ «ծրագրային խնդիր» կա։

«Բայց այստեղ մի «բայց» կա. քանի որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով շատ փոքր երկիր, միշտ մի հարցի առաջ է կանգնումմեր սուպերմարկետներում կշեռքների ծրագրավորման խնդիր կա, չեն կարողանում դրանք այնպես ծրագրավորել, որ արտադրության ժամկետները կարողանան տպել, միշտ երևում է փաթեթավորման ժամկետը»,- ասում է պրն Դանիելյանը։

Թեև Վ. Դանիելյանը համաձայնում է, որ սպառողին չպետք է հետաքրքրի՝ որդերը որ փուլում են առաջացել, այնուամենայնիվ, կգ-ով վաճառվող ապրանքների ժամկետի հարցը հայտնի չէ, թե երբ կկարգավորվի։ Մինչ այդ, վերահսկող միակ օղակը սպառողն է, որը խանութից ժամկետի և որակի վերաբերյալ փաստաթղթեր կարող է պահանջել։

«Եթե ուզում ենք այդ խնդիրը չունենալ, մենք պետք է ունենանք բացառապես գործարանային փաթեթավորված արտադրանք, որի վրա այս ամբողջ տեղեկատվությունը կարող է երևալ։ Ոնց որ չենք կարողանում այդ հարցին վերջնական լուծում տալ»,- եզրափակեց Վ. Դանիելյանը։

Տես նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter